Մատչելիության հղումներ

Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակից որևէ փաստաթուղթ չի առգրավվել


Ազգային անվտանգության ծառայությունն այսօր խուզարկություն է իրականացրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կուսակցական գրասենյակի աշխատասենյակում ԱԱԾ-ի այսօրվա հաղորդագրության մեջ նշվող քննության շրջանակում։

Զոհրաբյանի փաստաբան Դավիթ Ավագյանն «Ազատությանը» փոխանցեց, որ աշխատասենյակից որևէ բան չեն առգրավել։ Ըստ փաստաբանի, փնտրում էին ընտրական գործընթացների հետ կապված թղթեր, տեղեկություններ. – «Այդ գործի շրջանակում փորձում էին հայտնաբերել որոշակի փաստաթղթեր, ընտրացուցակներ, կաշառքը հավաստող այլ տեղեկություններ: Սակայն որևէ փաստաթղթեր Նաիրա Զոհրաբյանի գրասենյակում չեն հայտնաբերվել»:

Այսօր առավոտյան իր աշխատասենյակը խուզարկելու մասին տեղեկությունը Զոհրաբյանը ստացել է հեռախոսազանգի միջոցով։ Պատգամավորը Ազգային ժողովի ամբիոնից դիմեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին․ - «Ենթադրում եմ, հեռախոսի զրույց է վերծանվել։ Շատ լղոզած են գրել, որ ասեն՝ հեռախոս չէր, մի տեղ խոսացել ես, կողմը մարդ է եղել։ Հետո էդ մարդուն կբերեն, կասի՝ հա, տիկին Զոհրաբյան, ես լսեցի, որ ասեցիք «դե սենց չի ըլնի էլի, առանց ընտրակաշառքի «Բարգավաճ Հայաստանին» ձայն չեն տալի․․․ Ամեն դեպքում ես ներկայացնում են հայտարարություն հանցագործության մասին, նշանակում է դուք երկու տարի շարունակ լսել եք իմ հեռախոսները»։

Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, Զոհրաբյանը 2018 թ. մայիս ամսին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդած ընտրությունների արդյունքների մասին համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իրենց կամքն ազատորեն արտահայտած բազմահազար քաղաքացիների նկատմամբ՝ նրանց անվանելով «ոչխարներ», «աղանդավորներ»։

ԱԱԾ-ն պարզել է նաև, որ Նաիրա Զոհրաբյանը նույն համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս ընդունել է այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկին տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես Հայաստանի քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետևյալը․ «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի…պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե չէ, էտա…, իրականությունը էտա…»

«Խոսակցություններից պարզ է դառնում նաև, որ Զոհրաբյանն ու իր համախոհները ընդունում են, որ հեղափոխություւնից հետո ընտրակաշառք բաժանելու միջոցով հաջողության հասնելու մեխանիզմները կիրառելի չեն եղել, և որ իրենց կուսակցությունն այլևս հնարավորություն չի ունեցել անհրաժեշտ քանակի քվեներ ապահովել», - հաղորդում է ԱԱԾ-ն։

Զոհրաբյանի փաստաբանն «Ազատությանն» ասաց, թե ԱԱԾ-ն սրանով խախտել է մարդու անձնական կյանքի իրավունքը. – «Մեզ հայտնի չի որտեղից, սակայն ցանկանում ենք ընդգծել, որ նշված տեղեկությունները, որոնք որ տարածվել են ԱԱԾ հաղորդագրության մեջ, խախտում են տիկին Նաիրա Զոհրաբյանի Սահմանադրությամբ երաշխավորված մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը և արատավորում են նրա բարի համբավը»:

«Որտեղի՞ց իրավապահներին նման տեղեկություններ», - հարցնում է փաստաբանը՝ նշելով, որ դա կարող էր կատարվել հեռախոսային խոսակցության գաղտնալսմամբ . – «Ինքնին օրինականությունը պետք ա այն ժամանակ քննարկվեր, հետագայում պետք է նշված տեղեկությունների վերաբերյալ տիկին Զոհրաբյանը տեղեկացված լիներ, և այս երկու տարվա ընթացքում գոնե որևէ քննչական գործողություններ համապատասխան կատարվեին: Չի կատարվել, և մենք միայն այսօր ենք իմանում»:

ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ պետական պաշտոնատար անձինք, կազմակերպված հանցավոր մեխանիզմով, 2017 թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին՝ ընտրությունների նշանակման օրվանից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում այնպես են արել, որ Երևանում չհաշվառված քաղաքացիներին՝ 100.000-120.000 մարդու կարճ ժամանակով հաշվառեն Երևանում՝ ավագանու ընտրություններին մասնակցելու համար։ Ընտրության ավարտից հետո նրանց կրկին տեղափոխել են իրենց մշտական հաշվառման վայր։ Եվ այս ամենը տեղի է ունեցել քաղաքացիներին համոզելու, նյութապես շահագրգռելու կամ այլ ապօրինի եղանակով՝ խախտելով օրենքները. օգտագործելով ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր։

Սրանից բացի, ըստ ԱԱԾ-ի, 2004 թ. հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, մասնակցելով տարբեր տարիների ընթացքում Հայաստանում անցկացված Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իրենց կուսակցության, թեկնածուների, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու նպատակով ընտրողներին անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով տրամադրել են կաշառք` դրամ, գույք կամ որևէ այլ առավելություն, ինչի հետևանքով ստացել են իրենց ցանկալի արդյունքները։

Դեպքի առթիվ ԱԱԾ-ում հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելու հոդվածներով։

Տարիներ շարունակ համապետական ընտրությունները դիտարկած Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, որ իրենց համար նորություն չեն ընտրակաշառքի մասին այս հաղորդագրությունները․ - «Հիմնականում դա վերաբերում էր առաջին հերթին Հանրապետական կուսակցության կողմից ընտրակաշառքների բաժանման մասին տեղեկություններին, երկրորդ հերթին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից։ Նույնիսկ հիշում եմ, որ նախորդ ընտրություններից մեկի ժամանակ այդ հայտնի պարարտանյութերի, տուկի թելեր կոչված այդ ընտրակաշառքների մասին նաև տարածված են լրատվամիջոցներում»։

Սաքունցն ասում է, որ իրենց դիտարկումները ցույց էին տալիս, որ որոշ քաղաքական ուժեր անգամ իրենց մեջ էին կիսում ընտրատեղամասերը ընտրողների ձայնն ամեն գնով նվաճելու համար։ Ընտրությունները դիտարկելուց հետո հանցագործության մասին դիմումներ էին ներկայացնում իրավապահներին, բայց մնում էին անպատասխան, իրենց բացահայտուներն այդպես էլ իրավական գնահատականի չէին արժանանում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG