Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում է՝ հարցաքննության


Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) մոտ 4 ժամ է շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը:

ԱԱԾ շենքի մոտ են հավաքվել ԲՀԿ խմբակցության պատգամավորները, Գագիկ Ծառուկյանի աջակիցները: Ոստիկանությունը հավաքված աջակիցների մեծ մասին բերման ենթարկեց, բացառությամբ պատգամավորների:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ կառավարության 100 տոկոսի հրաժարականի պահանջի մասին մնում է ուժի մեջ: «Ազատության» հարցին՝ եթե Ծառուկյանը կալանավորվի, ո՞ւմ են պատկերացնում կուսակցության ղեկավար, Զոհրաբյանը չպատասխանեց:

ԲՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ բացառում են համագործակցությունը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ:

Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ այն հարցին, թե ո՞ւմ հետ են պատրաստվում համագործակցել, պատասխանեց՝ բացառում են ժողովրդի կողմից մերժված ուժերի հետ համագործակցությունը:

«Ազատության» հարցին էլ՝ արդյոք կհամագործակցե՞ն Հանրապետականի կան Ռոբերտ Քոչարյանի հետ, ԱԺ փոխնախագահը տվեց նույն պատասխանը:

«Ես մի բան կարող եմ ասել, ուրեմն որևիցե մեկի անուն ազգանունը չեմ ասելու, որ որևիցե մեկին ո՛չ հերոսացնեմ, ո՛չ թիրախավորեմ, ո՛չ ավելորդ մեկնաբանությունների տեղ տամ: Ընդհանուր եմ ասում և հիմա էլ եմ ասում՝ ով ուզում է լինի, եթե ժողովրդի կողմից ընկալված չի որպես քաղաքական ուժ, որպես անձ կամ անհատ հասարակության կողմից մերժված է, մենք իր հետ ճանապարհ անցնելու չունենք: Ես մի բան կարող եմ ասել, որ քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ եմ խոսել, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եմ խոսել և առհասարակ հասարակության մեջ տարբեր հայտնի մարդկանց հետ եմ խոսել, ովքեր իրենց զորակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին, և իրենք էլ են արձանագրում այն փաստը, որ սա քաղաքական հետապնդում է», - նշեց Էնֆիաջյանը:

Այսօր ավելի վաղ անցկացված փակ, գաղտնի քվեարկություններով խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր ներկայացրած միջնորդությամբ հայցում էր խորհրդարանի համաձայնությունը Գագիկ Ծառուկյանին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ:

XS
SM
MD
LG