Մատչելիության հղումներ

Ըստ վարչապետի, վիճակագրությունը ցույց է տալիս, որ այժմ վարակը հիմնականում տարածվում է բակերում


Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այժմ վարակը հիմնականում տարածվում է բակերում, այդ պատճառով ոստիկանությունը վերջին օրերին վերահսկողություն է իրականացնում նաև տարբեր համայնքների բակերում, պարետատան նիստից հետ տեղի ունեցած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդորում վարչապետը շեշտեց՝ վերահսկողություն են իրականացնելու նաև քաղաքացիական հագուստով ոստիկանները։

«Վարակը տարածվում է նույն կամ մոտակա հասցեներում, ինչը վերլուծաբանները վերլուծում են, որ սա նշանակում էր, որ ներկա շրջանում վարակը հիմնականում տարածվում է բակերում, թաղամասերում: Այս առումով ոստիկանությունը արդեն մի քանի օր ուժեղացված ծառայություն է իրականացնում բակերում: Մենք հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավենք քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք իրենք անձամբ գործողություն չեն անի, բայց նրանք մոտակա գտնվող կարգախմբերին կհրավիրեն, որպեսզի կանոնները չպաշտպանող քաղաքացիների նկատմամբ կիրառեն վարչական պատասխանատվության մեթոդներ», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև անդրադարձավ տարածվող այն լուրերին, թե հակահամաճարակային կանոնները խախտելու համար ոստիկանության կողմից կազմած վարչական տույժերը հետագայում չեղարկվելու են։

«Սիրելի հայրենակիցներ, այսպիսի հույսերն իզուր են, որովհետև հակահամաճարակային կանոնների համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու, և դրանք պիտի վճարվեն», - նշեց կառավարության ղեկավարը:

Պատասխանելով հարցին, թե վարչապետը հաճախ է ստեղծված իրավիճակի համար մեղադրում քաղաքացիներին, մինչդեռ չի՞ կարծում, որ հենց կառավարության գործողություններն են եղել ոչ համակարգված և ուշացած, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինքը քաղաքացուն չի մեղադրում, քանի որ չի կարող մեղադրել զոհին, ինքն ընդամենը փորձում է օգնել։ Ինչ վերաբերում է կառավարության բացթողումներն ու սխալներին, ապա դրանք մեղմելու կամ թաքցնելու նպատակ չունեն։

«Ի վերջո քաղաքացին է դառնում այս իրավիճակի թիվ մեկ զոհը, ինչպե՞ս կարելի է զոհին մեղադրել այն իրավիճակի համար, որում նա հայտնվում է, բայց տվյալ դեպքում մենք պետք է և պարտավոր ենք քաղաքացիներին ներկայացնել պատճառները, որոնք մեզ բերում են այս վիճակին», - ասաց Փաշինյանը:

XS
SM
MD
LG