Մատչելիության հղումներ

«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն, գնում ենք շատ-շատ վատ տեղ». Նիկոլ Փաշինյան


«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն», - Վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր ֆեյսբուքյան իր էջում ցավով տեղեկացրեց կորոնավիրուսի հաստատված մեծ թվի մասին՝ մեկ օրում արձանագրվել է 723 նոր դեպք, մահացել է 6 մարդ, պացիենտները եղել են 65-ից 69 տարեկան, նրանցից միայն մեկը չի ունեցել քրոնիկական հիվանդություն։

Վարչապետն ընդգծեց՝ դառնացած է և տպավորություն ունի, որ հակահամաճարակային կանոնները չպահպանող մարդիկ ուղղակի քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունքներ։

«Էսօր աշխատանքի եկել եմ Սևանից և նույնիսկ մեքենայի պատուհանից երևում է, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել հակահամաճարակային կանոնները, ամենաբացահայտը դիմակի կրումն է: Էսօր ես փողոցում տեսնում էի քայլող մարդկանց ու էնպիսի զգացողություն էր, թե էդ մարդիկ քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունք: Ուզում էի կանգնեի, իջնեի, ասեի՝ «հարգելիս, ո՞ւր ես գնում», ուզում էի, կանգնեի, իջնեի, ասեի՝ «կանգ առեք, ժողովուրդ ջան, սենց մենք գնում ենք դեպի շատ-շատ վատ տեղ», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե պետք է մեր հանրային այս վարքագիծը փորձենք հասկանալ՝ ազգային հոգեբանության տեսանկյունից։ Վարչապետը մի վարկած առաջ քաշեց, նշելով, որ գուցե մարդկանց կանոններին չենթարկվելու վարքագիծը դարեր շարունակ պետական կարգի նկատմամբ վերաբերմունքի արտահայտություն է։ Հայ ժողովուրդն ավելի քան 500 տարի պետականություն չի ունեցել, և հետևաբար պետական կարգը միշտ եղել է օտար, այն ժողովրդի կողմից ընկալվել է իրեն ազատությունից զրկելու գործիք։ Եվ քանի որ 2018-ի հեղափոխությունը ազատագրել է մարդկանց, ըստ վարչապետի, հիմա ազատությունը ասոցացվում է կարգի բացակայության հետ։

«Պետական կարգը շատ երկար հարյուրամյակներ մեզ համար եղել է շատ օտար և ուրիշի կողմից պարտադրված ինչ-որ բան, և հետևաբար պետական կարգը մեր գիտակցության կամ ենթագիտակցության մեջ շատ հաճախ ասոցացվել է բռնության հետ: Ընդ որում՝ այդպես եղել է նաև շատ հաճախ երրորդ հանրապետության պատմության մեջ: Մենք մեր երկարատև պատմության ընթացքում երբեք մեր կամքով կարգ չենք ստեղծել, և հետևաբար սա շատ շրջադարձային պահ է մեր պետության համար: Մենք մեր կամքով պետք է ստեղծենք կարգ», - ասաց վարչապետը:

Հետևելով հակահամաճարակային կանոններին, վարչապետի փոխանցմամբ, մարդիկ պետք է դիմացինից պահանջեն նույն կարգը, այնպիսի մի միջավայր է պետք ստեղծել, որտեղ կարգը չկատարելը ամոթալի երևույթ կհամարվի։ «Լինի ամոթի պես մի բան, որ կարգը չկատարողն իրեն զգա օտարված», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ արձանագրված 6 մահերից բացի, անցած մեկ օրում մահվան ևս 5 դեպք է արձանագրվել, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Ըստ Առողջապահության նախարարության, ապաքինվել է 442 մարդ։ Երեկ ևս, ինչպես նախորդ օրերին, իրականացվել է մեծաքանակ՝ 2 հազար 444 թեստավորում։

Երեկվա տվյալներով, կորոնավիրուսով վարակված ծանր 425 պացիենտ կա, ծայրահեղ ծանր հիվանդների թիվը՝ 101 է, արհեստական օդափոխության սարքին միացած է 23 մարդ։

XS
SM
MD
LG