Մատչելիության հղումներ

«Ե՛վ հավատում էի, և՛ չէի հավատում, ասում էին՝ գրիպ է, էլի»


Երևանյան հիվանդանոցներից մեկում, հունիս, 2020թ.

71-ամյա Մարիամ Գյուրջյանն ամուսնու հետ արդեն մեկ շաբաթ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պայքարում է կորոնավիրուսի դեմ: Տարեց ամուսինները բժշկական կենտրոնի տարբեր հարկերում են և մեկ շաբաթվա ընթացքում միայն մեկ անգամ են հնարավորություն ունեցել տեսնելու միմյանց: Ամուսինը՝ 81-ամյա Ռուդիկը, վերակենդանացման բաժանմունքում է, կինը՝ թերապևտիկում:

Մարիամ Գյուրջյանը հիվանդասենյակից տեսակապի միջոցով «Ազատությանն» ասաց՝ ուշ են հասկացել, որ այդ վիրուսը իրենց կյանքի տասնամյակներում չտեսնված բան է:

«Էս վերջերս իրա մոտ շարժումներն էլ կոորդինացված չէին՝ գլուխը պտտվում էր, դողում էր, ձեռքերը դողում էր, վիճակը լավ չէր, մենք էլ վերագրում էինք, ասում էինք՝ դե մեծ ենք, էլի, մեծ ենք, ամեն ինչը մեծության վրա էինք գցում, մինչև արդեն տաքությունը բարձրացավ 39 ու քանի, իջնում էր, բարձրանում էր, իջնում էր, բարձրանում էր: Ասի՝ ես տանը կբուժեմ, բայց սխալ էր տանը բուժելը, ավելի երկարեց», - պատմեց տարեց կինը՝ շարունակելով. - «Էս մի շաբաթ է խնդրում եմ, որ գոնե մեզ տեսնի, բայց առաջին հայացքից չճանաչեց, հա, մի քիչ խելքի եկավ, ասի՝ «քամած մածուն տա՞մ ուտես», մի երկու գդալ կերավ, բան, ընկերը ասեց, որ ոչ մի բան էս ութ օր է չի ուտում»:

Ասում է՝ այսօր էլ չի մտաբերում, թե ինչպես ու որտեղ կարող էին վարակվել: Թեև հետևում էին լվացվելու ու ձեռքերն ախտահանելու կանոններին, հաճախ՝ դիմակ կրում, բայց ամուսինն ուրիշների նման գնում, շենքի բակում զրույցի էր բռնվում հարևանների հետ:

«Չգիտեմ, երևի թույլ ենք, երևի մեծ ենք, ինչ-որ մի բան, էդ ձևի, չնայեցինք: Մեր ազգը շատ հպարտ, գլուխգովան ազգ է, ամեն ինչի մատների արանքով նայեց, դրա համար էսօրվա օրը...», - ասաց Մարիամ Գյուրջյանը:

«Ազատության» հարցին՝ հավատո՞ւմ էր կորոնավիրուսին, նա արձագանքեց. - «Ե՛վ հավատում էի, և՛ չէի հավատում, ասում էին՝ գրիպ է, էլի, բայց որ ամբողջ աշխարհը տարածվեց տենց, նոր էն ժամանակ արդեն գլխներիս տվեցինք: Ո՞վ է տեսել՝ էս փոքր Հայաստանի 90 տոկոսը հիվանդ լինի, ո՞վ է տեսել նման բան: Ես որ երազումս տեսնեի, չէի հավատա»:

«Երկկողմանի թոքաբորբ էր ուժեղ, նույնիսկ էնտեղ գրեց էլ արդեն բան, որ էդ դիագնոզն էլ եկավ, շնչառական, ես չէի կարողանում շնչեի՝ խեղդվում էի, հազում էի: Հիմա էլ եմ հազում, բայց էդքան չէ, ոնց որ էն ժամանակ, չէի կարում խոսայի: Ես ոչ թե պատկերացնում եմ, որ ինչ-որ գնալու եմ, մահանալու եմ, ես պատկերացնում էի էս վիճակը, որ նույնիսկ դեմքը մարդու չես տեսնում՝ վերջին հրաժեշտը տաս: Պարապ մարդը ամեն ինչ էլ մտածում է», - ասաց կորոնավիրուսի դեմ պայքարող տարեց կինը:

XS
SM
MD
LG