Մատչելիության հղումներ

Հայաստանին աջակցելու պատրաստակամություն հայտնողների երկար ցանկ կա


Չինաստանից ժամանած օդանավը բժշկական պարագաներ և սարքավորումներ է բերել Հայաստան, մայիս, 2020թ.

Առաջին հերթին Կառավարությունը պատրաստվում է օգնություն խնդրել Հայաստանի քաղաքացիներից: Այս մասին երեկ պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է ֆինանսական և մասնագիտական օգնություն խնդրել միջազգային գործընկերներից։

«Կրել ճիշտ դիմակը, ախտահանել պարբերաբար ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորությունը, ընդհատակյա հարսանիքներ չանել, որովհետև էդ ընդհատակյա հարսանիքները կարող են դառնալ ընտանեկան ողբերգություն», - ասաց վարչապետը:

Գործադիրի ղեկավարն ակնարկեց՝ առայժմ միջազգային օգնության կարիք չկա, հիմնավորելով՝ եթե այս շաբաթվա ընթացքում արձանագրված կորոնավիրուսի վարակման թվերը պահպանվեն, հայաստանյան առողջապահական համակարգը պատրաստ է կրելու այդ բեռը։ Փաշինյանը հայտարարեց, որ կան աջակցության պատրաստակամություն հայտնած բարեկամական երկրներ, ընդգծեց՝ կարևոր է չմերժել այդ բարեկամական ժեստերը։

«Մենք կարծում ենք, որ այո, դժվար պահին բարեկամները հստակ ընդգծվում են, և այն երկրները, ովքեր մեր նկատմամբ կանեն բարեկամական ժեստ, մենք, իհարկե, այդ երկրների աջակցությունը կընդունենք», - նշեց պետության ղեկավարը:

Իսկ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի առողջապահության նախարարության կողմից դիմում է ներկայացվել միջազգային գործընկերներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի տարբեր ոլորտներում համագործակցության, այդ թվում՝ փոխաջակցության հարցերով: Առողջապահության նախարարությունից էլ հաստատում են՝ դիմումն ուղարկել են իրենց կողմից կատարված կարիքների գնահատման հիման վրա:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ միջազգային գործընկերներին դիմում են ըստ կարիքի ու անհրաժեշտության:

«Մենք արդեն ներկայացրել ենք, թե այս ժամանակահատվածում որքան պատրաստակամություն է հայտնվել աջակցության համար։ Եվ սա այս ժամանակահատվածում համերաշխության կարևոր արտահայտումներից մեկն է, որ մենք բոլորս միասին բոլորիս օգնում ենք։ Երբ մենք տարհանման հարցեր էինք լուծում, միմյանց օգնում էինք։ Սա շատ էական բան է», - ասաց նախարարը:

Թե քանի երկիր է պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանին, Զոհրաբ Մնացականյանը հստակ թիվ չնշեց, միայն ասաց, որ պատրաստակամություն հայտնողների երկար ցանկ կա, դրանում ոչ միայն երկրներ են, այլև՝ միջազգային կազմակերպություններ։ «Այստեղ հիմնվում ենք հետևյալի վրա՝ ինչ է անհրաժեշտ մեզ համար, ինչն ենք մենք անում մեր ներուժով և ինչպես ենք օգտագործում միջազգային համագործակցությունը, որպեսզի առավել համալրենք մեր ներուժը։ Շատ նորմալ, բնականոն բան է», - նշեց Մնացականյանը:

Հայաստանին օգնելու հրապարակայնորեն պատրաստակամություն է հայտնել Լիտվան։ Բալթյան երկրի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը Թվիթերում էր գրել այդ մասին. - «Լիտվայի կառավարությունը որոշել է բժիշկների թիմ և փորձագետներ ուղարկել՝ Covid-19-ի դեմ պայքարում Հայաստանին օժանդակելու համար»»։ Լիտվացի պաշտոնյան թվիթը հայերեն նախադասությամբ էր ավարտել. - «Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»:

Հայաստանին նաև Վրաստանն է պատրաստ օգնելու։ Այդ մասին հարևան երկրի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստին է հայտարարել։ «Մենք արդեն նույնականացրել ենք, թե ինչ տիպի օգնություն է անհրաժեշտ մեր հարևաններին: Այստեղ փոխադարձ աջակցությունն անչափ կարևոր է», - ասել է Գախարիան:

Վրաստանի վարչապետն հայտնել է, որ առաջին հերթին իրենք պատրաստվում են բժշկական անձնակազմ գործուղել Հայաստան։

XS
SM
MD
LG