Մատչելիության հղումներ

ՍԴ-ն քննության կառնի Հայկ Հովհաննիսյանի վարույթի գործով ԲԴԽ-ի դիմումը


ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյան, արխիվ
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյան, արխիվ

Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշել է քննության առնել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դիմումը, հայտնում է ՍԴ-ի պաշտոնական կայքէջը: ԲԴԽ-ն, կասեցնելով խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը, դիմել էր ՍԴ՝ Դատական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի (Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա) սահմանադրականության հարցը որոշելու նպատակով:

Գործի զեկուցող է նշանակվել Արևիկ Պետրոսյանը: Ըստ ՍԴ որոշման` գործի դատաքննությունը նախատեսված է հուլիսի 14-ին:

Հիշեցնենք, որ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ 3 անդամ` Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանն ու Մեսրոպ Մակյանը, ստացվում էր, որ նրանք ԲԴԽ մյուս անդամների հետ պետք է քննեին այդ միջնորդությունը, և քանի որ այս դեպքում իրավական խնդիր էր առաջանում, ԲԴԽ-ն դիմել էր Սահմանադրական դատարան:

Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանն ու Մեսրոպ Մակյանը միջնորդել էին ԲԴԽ ղեկավարություն՝ պնդելով՝ Հայկ Հովհաննիսյանի` դատավորներից մեկի գործին առնչվող հատուկ կարծիքում վարքագծի կանոններ են խախտվել: Ըստ նրանց` այդ քաղաքական ձևակերպումներով Հովհաննիսյանի քննադատությունը խարխլում է խորհրդի հանդեպ հեղինակությունն ու կասկածի տակ է դնում իր իսկ անկախությունն ու անաչառությունը։ Հովհաննիսյանը մինչդեռ կարծում է՝ այս կերպ փորձում են իրեն լռեցնել:

«Սահմանադրական դատարանը էապես շեղվել է Սահմանադրության գերակայության ապահովման իր առաքելությունից», - իր հատուկ կարծիքում գրել է Հովհաննիսյանը։ Այն դատավոր Արայիկ Մելքումյանին առնչվող գործի մասին է։

Դեռ 2019-ին ԲԴԽ-ն դադարեցրել էր դատավորի լիազորությունները։ Ըստ ԲԴԽ-ի, Մելքումյանը կատարել է արարք, որը անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ։ Մելքումյանն այս որոշման սահմանադրականությունը վիճարկել էր բարձր դատարանում, և Հրայր Թովմասյանի ղեկավարած Սահմանադրական դատարանը ԲԴԽ որոշումը ճանաչել էր հակասահմանադրական։

Հայկ Հովհաննիսյանը իր հատուկ կարծիքում գրում է, որ Դատական օրենսգիրքը Հրայր Թովմասյանն է հեղինակել, նա, սակայն, ՍԴ նախագահի պաշտոնում հակասահմանադրական է ճանաչում իր իսկ գրած օրենքի հոդվածներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG