Մատչելիության հղումներ

ԲԴԽ-ն ապրիլի 23-ին կքննի Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը


ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյան, արխիվ
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյան, արխիվ

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) պատրաստվում է ապրիլի 23-ին քննել խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ դատավորներից մեկի գործին առնչվող իր հատուկ կարծիքում վարքագծի կանոններ խախտելու համար։

«Իրենք նշում են, որ քանի որ ես իմ հատուկ կարծիքում արել եմ այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է՝ որ վեր եմ հանել Սահմանադրական դատարանի (ՍԴ) կողմնակալության խնդիրը, վեր եմ հանել Սահմանադրական դատարանի, ըստ իս, իր առաքելությունից էապես շեղվելու խնդիրը, վեր եմ հանել խնդիր, որ երբ որ ժողովուրդը գտնվում է այսպիսի խոշոր անցումային փուլում, մենք չպետք է լռենք և հակառակը՝ պետք է բարձրաձայնենք դատական իշխանությունում տեղ գտած պրոբլեմները, և եթե ժողովուրդը պահանջում է արդարության վերականգնում, հանրաքվե է ի վերջո նշանակված եղել», - ասաց Հովհաննիսյանը:

Հայկ Հովհաննիսյանի երեք գործընկերները՝ ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանն ու Մեսրոպ Մակյանն են միջնորդել ԲԴԽ ղեկավարություն՝ պնդելով՝ իր այս քաղաքական ձևակերպումներով Հովհաննիսյանի քննադատությունը խարխլում է խորհրդի հանդեպ հեղինակությունն ու կասկածի տակ է դնում իր իսկ անկախությունն ու անաչառությունը։ Հովհաննիսյանը մինչդեռ կարծում է՝ այս կերպ փորձում են իրեն լռեցնել:

«Գտել են, որ ես ուրեմն հանրաքվեի պայմաններում, երբ որ արդեն նշանակված էր հանրաքվե, ես իմ դիրքորոշմամբ փաստորեն քաղաքական կողմնորոշում եմ դրսևորել, որով խախտել եմ քաղաքական չեզոքության պահանջը: Բայց ես գտնում եմ, որ հակառակը՝ ես քաղաքական զսպվածության պահանջը չեմ խախտել, և ես գտնում եմ, որ ես պարտավոր էի խոսել: Հենց այդ ժամանակ էի պարտավոր խոսել, որովհետև եթե մենք մեր վրա պատասխանատվություն չվերցնենք և չխոսենք իրավական երևույթների մասին, ինչպիսին է, օրինակ, որ Սահմանադրական դատարանն, այո, էապես շեղվել էր իր առաքելությունից: Ես հիմա էլ եմ գտնում, որ շեղվել է: Եթե ես չխոսեմ դրա մասին, բա ո՞վ խոսի», - ասաց ԲԴԽ անդամը

«Ազատության» հետ զրույցում միջնորդությունը ներկայացրած ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասաց՝ փակագծերը դեռ չի բացում՝ չբացառելով, որ նիստը կարող է փակ լինել։ Ասաց միայն, որ ինքն ու գործընկերները ենթադրել են, որ Հովհաննիսյանի որոշ արտահայտություններ քաղաքական ենթատեքստ ունեն և նիստի արդյունքում կորոշվի՝ ճիշտ են իրենք, թե ոչ։

«Մենք ենթադրել ենք, որ նման արտահայտությունները կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ կամ քաղաքական լինել, ուստի խորհրդին առաջարկել ենք քննարկել այդ արտահայտությունները՝ նաև հարց տալով պարոն Հովհաննիսյանին, հասկանալով նրա մոտեցումները, բացատրությունները», - նշեց Բեքմեզյանը:

«Սահմանադրական դատարանը էապես շեղվել է Սահմանադրության գերակայության ապահովման իր առաքելությունից», - իր հատուկ կարծիքում գրել է Հովհաննիսյանը։ Այն դատավոր Արայիկ Մելքումյանին առնչվող գործի մասին է։

Դեռ 2019-ին ԲԴԽ-ն դադարեցրել էր դատավորի լիազորությունները։ Ըստ ԲԴԽ-ի, Մելքումյանը կատարել է արարք, որը անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ։ Մելքումյանն այս որոշման սահմանադրականությունը վիճարկել էր բարձր դատարանում, և Հրայր Թովմասյանի ղեկավարած Սահմանադրական դատարանը ԲԴԽ որոշումը ճանաչել էր հակասահմանադրական։

Հայկ Հովհաննիսյանը իր հատուկ կարծիքում գրում է, որ Դատական օրենսգիրքը Հրայր Թովմասյանն է հեղինակել, նա, սակայն, ՍԴ նախագահի պաշտոնում հակասահմանադրական է ճանաչում իր իսկ գրած օրենքի հոդվածներից մեկը։ Եվ հենց այդ պատճառով արդեն կես տարի է Բարձրագույն դատական խորհուրդը զրկված է դատավորի լիազորությունները դադարեցնելու այս հնարավորությունից, ասում է Հովհաննիսյանը։

«Մի դատավորի, որին փաստացի Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն հեռացրել էր համակարգից, որովհետև գտել էր, որ վերջինս էական կարգապահական խախտում է թույլ տվել, այդ դատավորին Սահմանադրական դատարանը վերականգնեց իր լիազորություններում: Բացի այդ, Բարձրագույն դատական խորհրդին էլ զրկեց կարևորագույն լիազորությունից՝ դատավորների լիազորությունները դադարեցնելու: Ես ուզում եմ հասկանամ՝ ի՞նչ քաղաքականություն է ընդհանրապես վարվում: Եթե մեզ՝ որպես պետական սահմանադրական մարմին, զրկում են դատավորներին, էն էլ էնպիսի դատավորներին, որոնք մեր կարծիքներով էական խախտումներ են թույլ տվել, էն էլ էնպիսի խախտումներ, որ այլևս չեն կարող դատավոր աշխատել, որովհետև այդ խախտումները հեղինակազրկում են դատական իշխանությունը, եթե մենք չենք կարողանում այդ դատավորներին հեռացնենք համակարգից, ինչի՞ համար ենք բոլորս հավաքվել», - նշեց Հովհաննիսյանը:

«Բերված բոլոր փաստարկները գուցե ստվերվեին` դառնալով լոկ տեսական բանավեճի առարկա, եթե մեր հասարակության և պետության զարգացման ներկա փուլում առավել սուր դրված չլիներ ՍԴ դեմոկրատական լեգիտիմության պակասի հարցը», - հատուկ կարծիքում գրել է 2018-ի փետրվարին Ազգային ժողովի կողմից ԲԴԽ անդամ ընտրված Հայկ Հովհաննիսյանը։

Ամիսներ առաջ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում էր գրել, բայց հետո այն հետ էր վերցրել։ Ասաց՝ դա ինչ-որ տեղ կապ ունի նաև այսօրվա վիճակի հետ:

«Եղել են խնդիրներ, որոնք կախված են եղել դատական իշխանությունում ընդունվող որոշումների թափանցիկության հետ», - նշեց Հովհաննիսյանը:

Իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրած գործընկերների հետ խնդիր չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG