Ամբողջ աշխարհում շարունակում են Covid-19 վարակի տասնյակ հազարավոր նոր դեպքեր գրանցվել: ԱՄՆ Ջոնս Հոփքինս համալսարանի հրապարակած վերջին տվյալներով՝ վարակվածների թիվը մոտենում է 6 միլիոն 640 հազարին, մահացել է շուրջ 391 հազար մարդ, բուժվել են ավելի քան 2 միլիոն 870 հազարը:
Լատինական Ամերիկան դարձել է կորոնավիրուսային համաճարակի նոր էպիկենտրոն: Առողջապահության փորձագետները զգուշացնում են՝ տնտեսությունը վերաբացելուց հետո վիճակն է՛լ ավելի կվատթարանա: Բրազիլիան մահվան դեպքերի թվով առաջ է անցել Իտալիայից:
Հիվանդությունն արագ տարածվում է Հնդկաստանում և Պակիստանում: Իրանում վարակվածների թվի օրական աճը վերադառնում է մարտի բարձր ցուցանիշներին, ինչը համաճարակի երկրորդ ալիքի մասին խոսելու հիմք է տալիս:
Միացյալ Նահանգներում նոր դեպքերի թվի ու մահացության աճ է նկատվում: Մտավախություն կա, որ ոստիկանության բռնությունների և ռասիզմի դեմ բողոքի զանգվածային ցույցերը կարող են հանգեցնել նոր բռնկումների:
Թուրքմենստանում էլ, որտեղ պաշտոնապես համաճարակ չկա, հունիսի 3-ին Հեծանվի համաշխարհային օրվա առթիվ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորությամբ զանգվածային հեծանվավազք է կայացել: Մայրաքաղաք Աշգաբատում 30 մետր բարձրությամբ հեծանվի հուշարձան է տեղադրվել: