Մատչելիության հղումներ

Վարչապետ. Ամեն ինչ կանենք` պաշտպանելու քաղաքացիների անհատական տվյալները


Ամեն ինչ կանենք քաղաքացիների անհատական տվյալները պաշտպանելու համար, պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքացիների, տարբեր կազմակերպությունների կողմից պարետատան կանոնները խախտելու լուսանկարները հրապարակելու գործելաոճը ճիշտ ու արդյունավետ է:

«Ցանկացած հրապարակում ահազանգ է, և եթե որևէ ահազանգ չի հաստատվում, շատ ավելի լավ, այդպիսով նաև ծառայում է իր նպատակին: Բայց ես ուզում եմ բերել մի կոնկրետ օրինակ, երբ մի կազմակերպության կողմից հերքվել էր մի ահազանգ, բայց երեկ ուշ երեկոյան պարզվեց, որ նույնանուն կազմակերպության կողմից կազմակերպվել է մի խայտառակ միջոցառում, բառիս ոչ միայն այն առումով, որ հավաքույթ է տեղի ունեցել, այլև բեմական համարներ են ցուցադրվել, որտեղ հրապարակվում է, որ այդ միջոցառումը, որը հիմա տեղի է ունենում, արգելված է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է տվյալների պաշտպանությանը, նա նկատեց, որ այդ հարցը քննարկել են Անհատական տվյալների պաշտպանության գործակալության հետ.- «Եվ, ըստ էության, բոլոր այն քաղաքացիները, ովքեր իրենց լուսանկարները հրապարակել են հրապարակային նշանի ներքո, նրանք, ըստ էության այդպիսով թույլատրել են բոլորին վերահրապարակել իրենց լուսանկարները:

Ինչ վերաբերում է մյուս պարագաներին, գիտեք, եթե օրինակ` որևէ մի քաղաքացի փողոցում իրավախախտում կատարի, և ոստիկանները մոտենան նրան` օրինակ` բերման ենթարկելու, որևէ այլ քաղաքացի, ինչպես շատ ենք տեսնում, ուղիղ եթերի ռեժիմով լուսաբանի դա առանց այդ քաղաքացուն հարցնելու, ոչ մեկի մոտ հարց չի ծագի, թե ինչու ոստիկանության կատարած գործողությունը լուսաբանվում է առանց քաղաքացու համաձայնությունը հարցնելու, նույն տրամաբանությամբ կարող է նաև լուսաբանվել ոստիկանության չկատարած գործողությունը:

Այստեղ էլ կա անհատական տվյալների պաշտպանության խնդիր, և մենք ամեն ինչ կանենք այդ տվյալները պաշտպանելու համար, բայց մյուս կողմից կա նաև հանրային շահ, օրինականության շահ, և ես այո, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում միանալ այդ ֆլեշմոբին»,- ավելացրեց վարչապետը:

XS
SM
MD
LG