Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Հանրային վերահսկողության ակցիան շարունակվելու է


Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը անցած մեկ օրում ավելացել է 596-ով՝ հասնելով 11817-ի։ Երեկ կորոնավիրուսի պատճառով 7 մարդ է մահացել, մահացածներից -ամենաերիտասարդը 33-ամյա կին էր, ամենատարեցը՝ 78-ամյա տղամարդ։ Այդպիսով մահերի թիվը հասավ 183-ի, ևս 69 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով։

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ, բոլոր մահացածներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. – «Մեկ մահվան դեպք ունենք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը, սակայն մահը այլ պատճառով է վրա հասել»:

Երեկ առողջացել է 45 մարդ, վարակը հաղթահարածների ընդհանուր թիվը 3513 է. – «Հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում ստանում է 8052 պացիենտ»:

Ինչպես նախորդող օրերին, երեկ ևս իրականացվել է զգալիորեն մեծ թվով՝ 1702 թեստավորում. ընդհանուր առմամբ մինչև օրս իրականացվել է 65 հազար թեստավորում։

Կորոնավիրուսի` օր-օրի ավելացող դեպքերին զուգահեռ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել, իր ֆեյսբուքյան էջում հակահամաճարակային կանոնների խախտումներն արձանագրող լուսանկարներ է հրապարակում՝ գրկախառնված քաղաքացիներ, կուտակումներ տրանսպորտում, բանկերի դիմաց հերթեր և այսպես շարունակ։

Համացանցի բազմաթիվ օգտատերեր վարչապետի այսօրինակ ակտիվության մեջ անձնական տվյալների հետ կապված խնդիրներ են տեսնում։

Վարչապետն այսօր ըստ էության արձագանքելով հնչող քննադատություններին` կոչ է արել չվիրավորել խախտումներ իրականացնող մարդկանց` նշելով, որ հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ իր էջում հրապարակվող նյութերը ուրիշների մասին չեն, մեր մասին են. - «Իմ ու իմ ընտանիքի անդամների, Ձեր ու Ձեր ընտանիքի անդամների: Առանց չափազանցության. մենք նույն ազգն ենք, նույն ժողովուրդն ենք, նույն ընկալումներով ու վարքագծով: Այդ նյութերում բառիս բուն իմաստով մենք ենք, մեր բարեկամները, հարազատները: Ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իմ էջում որևէ թթու խոսք է հնչել: Բայց հանրային վերահսկողության ակցիան շարունակվելու է»:

Փաշինյանի հրապարակումներում խնդիրներ է տեսնում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը, ում կարծիքով դրանք հակասում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին. – «Խախտվում են մի քանի սկզբունքներ, որոնք ամրագրված են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով: Առաջինը հենց համաչափության սկզբունքն է: Կոնկրետ կա տվյալ դեպքում օրինական նպատակ, որը համավարակի դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնելն է, բայց համաչափության սկզբունքի համաձայն, պետք է մշակվող անձնական տվյալները մշակվեն նվազագույն ծավալով»:

Ըստ Դոյդոյանի, եթե նպատակին հնարավոր է հասնել հավաքելով և հրապարակելով հնարավորինս քիչ տեղեկություններ, ապա պետք է այդպես անել. – «Ունենք խնդիր անձանց նույնականացման հետ կապված: Կոնկրետ և' լուսանկարներում, և' տեսագրություններում ակնհայտ է դառնում, թե խոսքը որ կոնկրետ անձանց մասին է: Ես կարծում եմ, որ տվյալ դեպքում նպատակին հասնելու համար ամենևին էական չէ մարդկանց նույնականացումը, որպեսզի նրանք ճանաչվեն: Եվ բացի այդ, դա նաև հանգեցնում է այս անձանց թիրախավորման»:

Շուշան Դոյդոյանի գնահատմամբ, իշխանությունները դասեր չքաղեցին ամիսներ առաջ Էջմիածնում միջոցառման մասնակցած կնոջ հասցեին հնչող վիրավորանքներից ու համատարած ծաղրից հետո։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով վարչապետի հրապարակած լուսանկարներից մեկին որում մի երիտասարդ կին դիմակ չի կրում, սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին կոչ է արել չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե ոչ:

«Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը», - գրել է Թաթոյանը ։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն աղմուկ հանած լուսանկարն արդեն հեռացրել է էջից։

«Վարչապետի հրապարակած լուսանկարները խախտում են մարդու անձնական կյանքի իրավունքը», - պնդում է Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. – «Եվ մենք չենք կարող ասել` ժողովուրդ ջան, բոլորս մի ընտանիք ենք, ոչինչ, որ ես ձեզ նկարել եմ ու դրել եմ Ֆեյսբուքում, բայց դուք կարող ա տեղ էիք գնում, տանեցիք չգիտեին, չէիք ասել էդ ուր եք գնում... Չի կարելի նման բաներ անել: Ցանկացած ժողովրդավարական զարգացած երկրում դրա արդյունքում շատ խորը ճգնաժամ կարող ա առաջանա»:

Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն ընդգծում է, որ վարչապետի նախաձեռնած ֆլեշ մոբը հանրային իրազեկում է և մոբիլիզացիայի կոչ. – «Չկան խախտումներ, անձնական տվյալների խախտումներ ևս չկան, և սա հստակ է»:

XS
SM
MD
LG