Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահը նոր վարչապետ նշանակեց Ռոման Գոլովչենկոյին


Բելառուս - Ռոման Գոլովչենկոն երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Մինսկ, 3-ը հունիսի, 2020թ.
Բելառուս - Ռոման Գոլովչենկոն երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Մինսկ, 3-ը հունիսի, 2020թ.

Նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն փոխեց կառավարության կազմը և նոր վարչապետ նշանակեց Ռոման Գոլովչենկոյին, ով հեռացած կաբինետում զբաղեցնում էր Ռազմաարդյունաբերական պետական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը:

46-ամյա Գոլովչենկոն մասնագիտությամբ տնտեսագետ է, անցած տարիներին զբաղեցրել է ամենատարբեր պաշտոններ՝ դատախազից մինչև արաբական մի շարք երկրներում Բելառուսի դեսպան:

«Ես նրանից ակնկալում եմ ավելի բարձր տեխնոլոգիական մակարդակ արդյունաբերության մյուս բոլոր ոլորտներում, որտեղ դա հնարավոր է։ Նա վատ կազմակերպիչ չէ», - նորանշանակ վարչապետին այսպես է ներկայացրել Լուկաշենկոն՝ հավելելով, իր խոսքով, ամենակարևորը նոր վարչապետի մասին. - «Նա վստահելի անձ է, որին կարելի է վստահել, ով հասկանում է հողից, հայրենասեր է, ծնվել և մեծացել է Բելառուսում, ճամփորդելով աշխարհով մեկ՝ նա որևէ տեղ չի մնացել, որևէ երկրում: Մեզ համար դա հիմա կարևոր է, որպեսզի իշխանության գան հայրենասերներ և պրոֆեսիոնալներ»:

Դիմելով կառավարության նոր կազմին, որից, ինչպես նախօրեին հայտարարում էր Լուկաշենկոն, արմատական փոփոխություններ չի ակնկալում, Բելառուսի նախագահը կրկին հայտարարել է. - «Այսօր մենք բոլորս քննություն ենք հանձնում, ոչ միայն ես և ոչ այնքան ես, որքան՝ դուք»։

Վեցերորդ ժամկետով վերընտրվել ցանկացող առաջնորդը, ով պաշտոնավարման ավելի քան 25 տարվա ընթացքում փոխել է բազմաթիվ վարչապետեր և միայն ինքը մնացել անփոփոխ նախագահ, պարզաբանել է՝ քննություն ասելով նկատի ունի Բելառուսի նախագահական ընտրությունները:

2018 թվականի հոկտեմբերին վարչապետ նշանակված Սերգեյ Ռումասի գլխավորած կաբինետը ցրելու մտադրության մասին Բելառուսի առաջնորդը հայտարարել էր ավելի վաղ, միևնույն ժամանակ էլ ընդգծել, որ այդ կազմից որևէ դժգոհություն չունի։ Այսօր էլ հրաժեշտ տալիս նա հավաստիացրել է` պորտֆելները թողնող նախարարներն անգործ չեն մնա. - «Նրանք մեր թշնամիները չեն», - ընդգծել է Բելառուսի նախագահը:

Թեև բելառուսական անկախ մամուլն ու փորձագիտական շրջանակները համոզված են, որ կառավարության փոփոխության պատճառը նախագահի և վարչապետի միջև չկայացած փոխվստահությունն է, Լուկաշենկոն, այդուհանդերձ, միանգամայն այլ կերպ է մեկնաբանել որևէ դժգոհություն չհարուցած վարչապետին փոխելու իր որոշումը. - «Նա ինձ ուղիղ ասել է՝ «ես ցանկանում եմ բիզնեսով զբաղվել, ցանկանում եմ փող աշխատել, մեծ փողեր, ես կարող եմ», - պատմել է Լուկաշենկոն՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել աշխատանքը նախկին վարչապետի հետ այլ կառույցներում, եթե վերջինս ցանկանա: «Նրան կորցնել չենք կարող, նա ոչ մի տեղ չի գնա՝ պիտի աշխատի երկրի համար», - ընդգծել է Բելառուսի նախագահը:

Լրագրողները, մինչդեռ, նկատում են, որ թեև նախագահն ու կառավարության նախկին ղեկավարը հրապարակային տարաձայնություններ չեն ունեցել, այդուհանդերձ, գործարար շրջանակներում պատկառելի կարգավիճակ ունեցող նախկին հաջողակ բանկիր Ռումասը երբեք էլ աչքի չի ընկել Լուկաշենկոյի հանդեպ իր լոյալությամբ, նա հազվադեպ է հրավիրվել նախագահի հետ հանդիպման, գրեթե երբեք չի ուղեկցել երկրի առաջնորդին աշխատանքային այցերի ժամանակ:

Նախագահական ընտրություններից հաշվված շաբաթներ առաջ կառավարության կազմը փոխելով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն փորձում է սեփական վարկանիշը բարձրացնել, համոզված են փորձագետները։

Բելառուսը կորոնավիրուսով ամենավարակված երկրներից մեկն է Եվրոպայում, Լուկաշենկոն կտրականապես հրաժարվել է դիմել հակահամաճարակային սահմանափակումների՝ հարուցելով ոչ միայն մասնագետների, այլև ժողովրդի դժգոհությունը: Համաճարակային ծանր կացության ֆոնին վերջին շրջանում Բելառուսում բողոքի ակցիաներն ավելի հաճախակի են դարձել, հերթական անգամ վերընտրվել ցանկացող նախագահին մարտահրավեր նետող նորանոր անուններ են ի հայտ գալիս բելառուսական հանրության շրջանում:

XS
SM
MD
LG