Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն պաշտոնանկ արեց կառավարությանը, թեև «որևէ մեկից դժգոհ չէր»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահը երեկ կառավարությանը ողջ կազմով պաշտոնանկ արեց` պնդելով, թե դա է պահանջում երկրում հաստատված, բայց` չգրված ավանդույթը:

«Միշտ էլ նախագահական ընտրություններից առաջ գործող նախագահը նախապես հայտարարել է նոր կառավարության կազմը, որպեսզի նրա օգտին քվեարկող մարդիկ իմանան՝ ով է զբաղվելու իրենց հանապազօրյա հարցերով ու տնտեսության զարգացմամբ», - պարզաբանում էր Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդ որում, գործող նախագահի, նրա հաստատած ավանդույթների մասին հիշատակելիս Լուկաշենկոն, փաստացի, ինքն իր մասին էր խոսում, քանի որ Բելառուսում անկախացումից հետո՝ մինչ օրս, նախագահական բոլոր ընտրություններում էլ նա է հաղթող ճանաչվել:

«Մենք գործող նախագահի թեկնածությունը գրանցելուց հետո` մինչ քվեարկությունը, մշտապես հայտարարում էինք նոր կառավարության կազմը: Դա սկզբունքային հարց էր, որպեսզի մարդիկ տեսնեն` ում հետ ենք մենք աշխատելու, և այնպես չստացվեր, որ ընտրություններից հետո սիրելիներին ու հարազատներին ենք խցկում կառավարություն», - պնդում էր Լուկաշենկոն՝ օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին:

Խորհրդակցությանը հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաները` խորհրդարանի երկու պալատների խոսնակները, նախագահական աշխատակազմի ղեկավարն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը, գլխի շարժումներով վստահ հաստատում էին՝ հենց այդպես էլ եղել է:

Լրագրողներն ու քաղաքագետները, մինչդեռ, չեն հիշում որևէ դեպք, երբ Լուկաշենկոն նախագահական քվեարկությունից ամիսներ առաջ լուծարած լինի կառավարությունը: Նախկին վարչապետներից Միխայիլ Մյասնիկովիչն, օրինակ, Սերգեյ Սիդորսկուն փոխարինել էր 2010-ի դեկտեմբերին՝ նախագահական ընտրություններից ամիսներ հետո : Հաջորդ վարչապետը` Անդրեյ Կոբյակովը, պաշտոնը ստանձնել էր նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ: Գործող վարչապետ Սերգեյ Ռումասն էլ կառավարության ղեկավար էր նշանակվել 2018-ի օգոստոսին, երբ Լուկաշենկոն հրապարակավ պախարակել էր նախորդ կառավարությանը՝ իր հանձնարարականներն անտեսելու համար:

Այս ֆոնին է՛լ ավելի մեծ տարակուսանք է առաջացրել Լուկաշենկոյի մյուս պնդումը, թե գործող կաբինետից որևէ դժգոհություն չունի, և հիմա՝ նորը ձևավորելիս էլ արմատական փոփոխություններ չի անելու:

«Կառավարության անդամներից որևէ մեկը չպետք է ոչ նեղանա, ոչ էլ լարվի, վստահ եմ, որ նրանց ծանրակշիռ մեծամասնությունը կմնա իր պաշտոնում, ուղղակի հիմա պետք է քննություն հանձնեն, եթե բոլորը կանցնեն՝ Աստված իրենց հետ: Այնպես որ, պե՛տք է տեղից շարժվել, բայց՝ ձեռուոտ չընկնել», - հեռակա դիմելով նախարարներին՝ հայտարարում էր Ալեքսանդր Լուկաշենկոն:

Առաջիկա այդ քննաշրջանի ամենախրթին հարցը, ըստ փորձագետների, լինելու է նախագահի հանդեպ վստահության ու հավատարմության առարկայից: Ամենադժվար փորձությունն էլ, թերևս, սպասվում է մինչև երեկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերգեյ Ռումասին: Բանն այն է, որ Լուկաշենկոյի մրցակիցներից մեկը՝ «Բելգազպրոմբանկ»-ի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոն, քարոզարշավի առաջին իսկ օրից անթաքույց հիացմունքով է խոսում գործող վարչապետի ու նրա կարողությունների մասին: Վերջին հարցազրույցներից մեկում ընդդիմադիր թեկնածուն անգամ պնդել էր, թե Ռումասը «երկրի զարգացման ու բարգավաճման մի շարք արդյունավետ գաղափարներ ունի, այլ հարց է, որ դրանք չեն ընդունվել նախագահ Լուկաշենկոյի կողմից»: Լրագրողներն էլ փաստել էին` ընդդիմադիր թեկնածուն ու գործող վարչապետը մի շարք ընդհանրություններ ունեն. երկուսն էլ բանկիր են, մի քանի տարի անգամ միասին են աշխատել «Բելգազպրոմբանկ»-ում:


«Իր կասկածամտությամբ հայտնի Լուկաշենկոյի համար սա համարյա թե հավասարազոր է դատավճռի», - «Ազատության» բելառուսական ծառայությանն ասել է քաղաքագետ Վալերի Կարբալևիչը:

XS
SM
MD
LG