Մատչելիության հղումներ

Թեկուզև դիմակ կրելն այսօրվանից պարտադիր է, սակայն բոլորը չեն կանոնին հետևում


Այսօրվանից Հայաստանում հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար. դեմքը կարող են չծածկել միայն մինչև 6 տարեկան երեխաները, սպորտով զբաղվողներն ու հեծանիվ վարողները։

«Ազատության» տեսանկարահանման ընթացքում քաղաքացիներից շատերը, սակայն, չէին պահպանում այս նոր կանոնը, պատճառաբանում՝ «մաքուր օդի են դուրս եկել». «Որ պարտադրում են, դրա համար էլ կրում ենք: Չէ, ինչի՞ համար կրեմ»:

«Ես գլխի պրոբլեմ ունեմ, շնչահեղձ եմ լինում»,- մեկ այլ քաղաքացի է ասում այսպես, իսկ մյուսը հավելում.- «Մենք մեծ սիրով կրում ենք, ուրիշների վրա ենք խոսում: Ուզած-չուզած պետք է դնենք, որ լավ լինի: Նենց չի էլի, որ ստիպողական, ես, օրինակ, դնում եմ, լավ եմ»:

Մի կին էլ նշում է.- «Դե օրինակ` էս մաքուր օդում նստել ենք, դիմակն ինչի՞ եմ դնում, ծառերը նրա համար է, որ նստես տակը, լավ օդ լինի, ի՞նչ կա էտտեղ»: Մյուսներն էլ ասում են, որ բաց տարածքում չեն պատրաստվում դիմակ դնել, որոշները նշում են` դժվար է, բայց քանի որ վտանգավոր է, անհրաժեշտ է, պետք է կրեն դիմակները:

Զբոսայգիներից մեկում էլ լուսանկարվելու նպատակով հավաքվել էին տարրական դպրոցն ավարտող երեխաները ծնողների ու ուսուցիչների հետ` չպահպանելով սոցիալական հեռավորություն, ոմանք նաև չէին կրում դիմակներ։

«Ազատությունը» ուսուցչուհուց հետաքրքրվեց, թե տեղյա՞կ է արդյոք, որ չի կարելի այսպես խմբվել, նա ասաց.- «Ես գիտեմ, դրա համար նկարվում են ու գնում են, նենց չի, որ բոլորը հավաքվել են: Դիմակները կան, հեսա, նկարվում են, դրա համար հանում են: Ճիշտն ասած` ես հետևում եմ դրան: Ես զգուշացրել եմ ծնողներին, որ բոլորը դիմակով լինեն, ու բոլոր երեխաները դիմակով են: Եթե նկարում եք, նկարեք, տեսեք, ուղղակի, որ նկարվում են, հանում են դիմակն ու նորից կրում են»: Նա համաձայնեց, որ սոցիալական հեռավորություն երեխաները չեն պահում, ինքը նկատողություն է արել, ականջալուր չեն եղել:

Տեսչական մարմիններն այսօր էլ շարունակում էին ստուգումներ իրականացնել։ Կրթության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրեց Երևանի 2 մանկապարտեզների գործունեությունը, խախտումներ և թերություններ արձանագրել էին օգտագործվող սպասքի, ծորակների, ինչպես նաև անկողնային պարագաների ախտահանման հետ կապված։

Նորք Մարաշում գտնվող 122 մանկապարտեզը 24 ժամ չի աշխատի։ 9 տարի մանկապարտեզի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Թագուհի Դիլանյանը «Ազատության» հետ զրույցում հուզմունքով նշեց՝ նախկինում 127 երեխա ունեին, այժմ՝ համավարակի օրերին 3-ն են հաճախում.- «Մոտիկ ենք ինֆեկցիոնին, համայնքում ունենք հիվանդ կորոնավիրուսով, մերն էլ տեսնում եք, որ բոլոր կողմերից փակված չի մանկապարտեզը, դրա համար էլ հաճախումները քիչ են: Շատ ցավում եմ, որ մանկապարտեզը լռությամբ է լցված, ես կուզեմ, որ անպայման երեխաները հաճախեն, և այս վիրուսը վերանա մեզանից»:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էլ այսօր կասեցրեց հանրային սննդի 4 կետերի գործունեություն՝ ջերմաչափում չիրականացնելու, դիմակի ու ձեռնոցի համար աղբամաններ չունենալու, դիմակները չկրելու կամ թերի կրելու համար։ Սննդի կետերից մեկի տնօրենի համար, սակայն, անսպասելի էր պարետի՝ 24 ժամով կասեցման որոշումը.- «Ջերմաչափը փչացած էր, տարել էին սարքելու, մենք պատրաստվում էինք օրը նորմալ աշխատել: Հիմա եթե սենց կասեցվում է, նշանակում է` մենք բավականին ապրանքներ փչացնելու ենք»:

Իսկ ոստիկանությունն էլ հանրապետության տարածքում տեղակայել է հսկիչ-անցակետեր՝ ստուգելու, թե որքանով են վարորդները հետևում դիմակ կրելու՝ պարետատան պահանջին.- «Խախտումները կա՛մ ոչ պատշաճ են կրում դիմակները, կա՛մ ընդհանրապես չեն կրում մեր քաղաքացիները»:

XS
SM
MD
LG