Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորները ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը քաղաքացիների վրա դնելու միտում են տեսնում


Խորհրդարանական ընդդիմությունը քննադատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նկատելով, թե նրա վերջին հայտարարություններում իրավիճակի պատասխանատվությունն ու մեղքը քաղաքացիների վրա դնելու միտում են տեսնում։

Միևնույն ժամանակ ընդդիմադիրները չեն ժխտում, որ յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունը կարևոր է, սակայն մարդկանց ոչ հետևողական վարքին հանգեցրել են նաև իշխանությունների ոչ հետևողական ուղերձները։

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով, թերահավատների հոծ բանակը նաև Կառավարության պատճառով է ձևավորվել. – «Իսկ ինչի՞ ա թերահավատ: Միգուցե լսել է Արսեն Թորոսյանին, վարչապետին մարտ ամսին ու մինչև հիմա շարունակում ա չհավատալ: Հիմա ինչի՞ ա թերահավատ մարդը: Դրա համար: Երբ մարտ ամսին մենք ասում էինք, որ սա շատ լուրջ ա, սա շատ կարևոր ա, պետք ա հետաձգել հանրաքվեն, պետք ա հետաձգել Արցախի ընտրությունները, պետք ա փակել էս, պետք ա փակել էն, իրանք ասում էին` ժողովուրդ ջան, ընդդիմությունը պանիկա ա անում»:

Մանե Թանդիլյան
Մանե Թանդիլյան

ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Կառավարությունը պահը բաց է թողել, հիմա անգամ ճիշտ գործողությունները կարող են շատ արդյունավետ չլինել: Սակայն իր մոտ տպավորություն է, որ Կառավարությունն այժմ էլ չգիտի, թե ինչ անի. – «Երբ որ մենք մի պայման ենք դնում, որը պրակտիկայում կիրառելը, կատարելը համարյա անհնարին է, մենք դրանով պատասխանատվությունը օտարում ենք: Եվ ես չէի ուզենա, որ այսօր Կառավարությունը զբաղված լինի դրանով: Հակառակը, պետք է խորհրդատվություն ստանա բոլոր այն երկրներից, որոնք հաջողել են կորոնավիրուսի դեմ [պայքարում], դիմի Վրաստան: Ես կարծում եմ, որ Կառավարությունն այսօր չգիտի, թե ինչպես վարվել: Ուղղակի չեն կարողանում հասկանալ ինչպես վարվել: Այդ ժամանակը, որ նրանք խլում են քաղաքացիներից վիրուսի տարածման ժամանակահատվածում, ավելի է խորացնում այս իրավիճակը»:

Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անթույլատրելի է համարում քաղաքացու վրա պատասխանատվությունը գցելու փորձը. – «Համաձայն եմ, որ յուրաքանչյուրիս անձնական պատասխանատվությունը պիտի լինի: Էդտեղ վիճարկելու որևէ բան չկա: Բայց ասել, որ ըստ էության այլևս ամեն մեկդ ձեզ համար պատասխանատու եք, սա ինձ հիշեցնում է էն հայտնի խոսքը`խեղդվողների փրկությունը խեղդվողների գործն է: Ո'չ, Կառավարությունն է պատասխանատու: Ես այս երկու օրը, անկեղծ ասած, տեսնում եմ ինչ-որ շատ վտանգավոր և շատ իմ կարծիքով անազնիվ տենդենց` ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա: Հանկարծ էդպիսի բան չանեն»:

Կառավարությունը, ըստ պատգամավորի, պետք է խորհրդակցի բժիշկների, այլ մասնագետների հետ` հետագա քայլերը կատարելու համար:

Նույն ուղերձը Նաիրա Զոհրաբյանը նաև Ազգային ժողովի ամբիոնից հղեց` հիշեցնելով Կառավարության անդամների նախկին հայտարարությունները. – «Մի նախարար կանգնում-ասում ա`ես իմ երեխային տանելու եմ դպրոց, որովհետև էդ վարակը ինձ համար վարակ չի: Մեկն էլ ասում ա, որ կորոնավիրուսը շատ ավելի թույլ գրիպ է, քան գրիպի մյուս տեսակները: Ունի՞ իրավունք քաղաքացին մոլորվելու...»

«Իմ քայլը» խմբակցությունից Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հակադարձեց՝ ասելով, թե ժամանակին աշխարհն էլ սխալ պատկերացում ուներ կորոնավիրուսի մասին:

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

Ապա հիշեցրեց Գագիկ Ծառուկյանի առաջին արձագանքը. – «Գիտեք ինչ, մեղադրել, ասել, որ սկզբից սենց, հետո նենց կարող եք նաև, օրինակ, Անգլիայի վարչապետին, կարող եք, օրինակ, պարոն Ծառուկյանին, որ ասում էր բարի մարդկանց չի կպնում, բայց այսօր հասկանալի պատճառներով, ինչպես նաև մեր մնացած գործընկերը, չի գալիս դահլիճ: Իմիջիայլոց, ես չեմ մեղադրում, որովհետև որևիցե մեկը` թե' պարոն Ծառուկյանը, թե' Դուք, թե' ես էս իրավիճակի հետ ծանոթ չենք եղել»:

ԲՀԿ պատգամավորները շտապեցին պաշտպանել Ծառուկյանին. – «Բոլորը գիտեն, որ դա հումորով է ասվել» (Վահե Էնֆիաջյան):

Վարչապետ Փաշինյանը չէր բացառել նաև նորից խիստ կարանտինային միջոցներ ձեռնարկելը:

Էդմոն Մարուքյանն ասում է, որ դա շատ լուրջ հարց է. – «Տնտեսություն փակելը, երկիրը նորից փակելը դա խաղ ու պար չի: Եթե կա համապատասխան միջոցներ էս պահին, որ բոլորին կարող են ֆինանսապես աջակցել, միգուցե ճիշտ կլինի հիմա փակելը: Եթե չկա դրա հնարավորությունը, ապա... դա ոչ միանշանակ որոշում է»:

Հայկ Գևորգյան
Հայկ Գևորգյան

«Իմ քայլը» խմբակցությունից Հայկ Գևորգյանն ասում է, որ նոր սահմանափակումներ մտցնելը խիստ անցանկալի է, սակայն մարդու առողջությունն ու կյանքն ավելի կարևոր են. – «Ամենևին չէի ուզենա, որ նոր սահմանափակումներ մտցվեին, բայց առողջապահական իրավիճակը, մարդու առողջությունը շատ ավելի կարևոր է, քան տնտեսությունը: Եվ վարչապետի հայտարարությունը ամենևին էնպես չի, որ վախեցնելու համար է: Մենք ուղղակի ուրիշ տարբերակ կարող է չունենանք, որովհետև ինքներդ եք տեսնում թվերը»:

XS
SM
MD
LG