Մատչելիության հղումներ

Բաբաջանյանն առաջարկում է վերանայել գազային «խայտառակ» համաձայնագիրը


ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ելույթ է ունենում խորհրդարանի ամբիոնից, արխիվ

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է վերանայել 2013 թվականին Հայաստանի խորհրդարանի վավերացրած, իր բնորոշմամբ, խայտառակ համաձայնագիրը, որով Հայաստանը պարտավորվել է մինչև 2043 թվականը գազ ձեռք բերել միայն ռուսական «Գազպրոմ»-ից։

30 տարվա մենաշնորհի դիմաց «Գազպրոմ»-ը Հայաստանին ֆիքսված գազի գին էր առաջարկում միայն առաջիկա հինգ տարիների համար: Ժամկետի ավարտից հետո «Գազպրոմ Արմենիա»-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) գազի գինը բարձրացնելու հայտ էր ներկայացրել։ Գերատեսչությունն ուսումնասիրել է հայտն ու սեփական առաջարկներով հանդես եկել:

Հարցը կառույցում քննարկման առարկա կդառնա հունիսի 4-ին, մինչ այդ ԱԺ պատգամավորը բարձրաձայնում է՝ քանի դեռ 2013 թվականի համաձայնագիրը չի վերանայվել, Հայաստանը կշարունակի ապրել գազային ստրկության պայմաններում:

«Ամեն անգամ գազի սակագնի քննարկման ժամանակ մեզ ուրվականի պես այցի է գալիս Հայաստանի հանցավոր անցյալը, քանի որ այդ անցյալում 2013 թվականին կնքված գազային խայտառակ համաձայնագրի արդյունքում է Ռուսաստանը գազային տոտալ մենաշնորհ հաստատել Հայաստանում, այդ թվում՝ գազասպառման համակարգի նկատմամբ: Մենք այսօր գազի գնի յուրաքանչյուր թանկացման ժամանակ վճարում ենք այդ հանցավոր անցյալի, նախկին իշխանությունների կնքած հակապետական գործարքների համար: Այս արատավոր իրավիճակից միակ ելքն այդ խայտառակ համաձայնագրերի վերանայումն է, ինչը բարդ, այդուհանդերձ, անխուսափելի գործընթաց է: Սա հրամայական է, այլևս ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող հարց: Ակնհայտ է, սակայն, որ մինչև դա տեղի չունենա, մինչև չվերանայվի այդ համաձայնագիրը, մենք շարունակելու ենք ապրել, ըստ էության, գազային ստրկության պայմաններում, ամեն անգամ գազի գնի թանկացման տեսքով ապտակ ստանալով մեր ինքնիշխանությանը», - հայտարարեց Բաբաջանյանը:

Ռուսաստանի պետական «Գազպրոմ»-ի դուստր ընկերություն «Գազպրոմ Արմենիա»-ն ապրիլի 1-ին ՀԾԿՀ ներկայացրած հայտում առաջարկել էր նույնական գազի գին սահմանել բոլոր բաժանորդների համար՝ չեղարկելով սոցիալապես անապահովներին մատչելի գնով գազի տրամադրումը, ինչի արդյունքում գազը նրանց համար կտրուկ՝ շուրջ 36 տոկոսով կթանկանա։ Մինչդեռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է անփոփոխ թողնել սոցիալապես անապահով խավին տրվող արտոնությունը։

«Գազպրոմ Արմենիա»-ն մի քանի այլ փոփոխություններ էլ է առաջարկել, և եթե ընկերության հայտն ընդունվի, Հայաստանի սպառողների համար գազը միջինում 11 տոկոսով կթանկանա։ ՀԾԿՀ առաջարկով սպառողներին վաճառվող բնական գազի միջին սակագինը կկազմի 266,71 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց, «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկած միասնական սակագնով 283,14 դոլարի փոխարեն։

«Այսպիսով, հերթական անգամ մենք կանգնում ենք սակագնի փոփոխության խնդրի առաջ, ընդ որում, խիստ երկրորդական է, թե քանի տոկոսով է բարձրանալու գազի սակագինը, խնդիրը տվյալ դեպքում թանկացման փաստն է ինքնին, որովհետև այդ թանկացումը տեղի է ունենում միջազգային շուկաներում էներգակիրների, այդ թվում՝ գազի էական էժանացման դեպքում, դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ նույն Ռուսաստանը զգալիորեն նվազեցնում է եվրոպական երկրներին մատակարարվող գազի գինը: Սա ռազմավարական գործընկեր երկրի կողմից մեզ ուղղված, ըստ էության, ոչ բարեկամական քայլ է, որն ակնհայտորեն ունի ոչ թե տնտեսական, այլ բացառապես քաղաքական բաղադրիչ», - ասաց Բաբաջանյանը՝ ընդգծելով. «Ռուսաստանի համար գազի գինը քաղաքական լծակ է եղել միշտ, այդպիսին է նաև այսօր»:

Իշխանական պատգամավոր Հայկ Գևորգյանը «Ազատությանը» փոխանցեց՝ այս պահին «Իմ քայլը» խմբակցությունում 2013 թվականի գազային համաձայնագրի վերանայման հարց չի քննարկվում: Հիշեցրեց՝ իրենք միշտ են հայտարարել, որ արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձեր չեն լինելու։

«Պահի տակ ինչ-որ որոշումներ կայացնել, կարծում եմ, չարժի: Իհարկե, ինձ էլ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այնքան էլ հաճելի չի, որ գազի գնի բարձրացում է առաջարկում մեր գործընկերը, բայց շատ կտրուկ դրան արձագանքելու կարիք չեմ տեսնում այս պահին», - ասաց Գևորգյանը:

Հիշեցնենք՝ 2013 թվականին՝ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, Ռուսաստանի հետ գազային երեք համաձայնագրերի վավերացումը հարթ չանցավ: Ընդդիմությունը պնդում էր, որ վիճահարույց փաստաթղթերը վավերացվել են կանոնակարգի խախտմամբ: Ազգային ժողովի նիստը ուղեկցվել էր բողոքի ակցիաներով թե՛ խորհրդարանի շենքում, թե՛ շենքից դուրս: Վիճահարույց փաստաթղթերի վավերացման օգտին քվեարկել են 77 պատգամավորներ՝ բոլորը իշխող կոալիցիայից: Ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները, այդ թվում՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկության ժամանակ լքել էին խորհրդարանի նիստերի դահլիճը:

XS
SM
MD
LG