Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ուժերը անընդունելի են համարում գազի գնի դիմաց ինքնիշխանության տարրեր զիջելը


Յուրաքանչյուր պետություն իր շահերն է պաշտպանում, այսպես է արձագանքում Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը գազի գնի հետ կապված Հայաստանի ու Բելառուսի առաջարկին և Ռուսաստանի մերժմանը։

Հիշեցնենք՝ Հայատսանն ու Բելառուսն առաջարկել էին Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ, ԵՏՄ) գազի փոխադրման և տարանցման միասնական սակագին սահմանել, սակայն Ռուսաստանի նախագահը երեկ ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց, որ քանի դեռ Եվրասիական տնտեսական միությունում չկա միասնական բյուջե ու հարկային միևնույն համակարգ, անհնար է խոսել գազի միասնական սակագնի մասին։

Մելքումյանը կարծում է՝ միասնական բյուջեն ու հարկային միասնական համակարգը նշանակում է ինքնիշխանության տարրերի զիջում, ինչը Հայաստանի համար ընդունելի չէ:

«Խորացված ինտեգրացիան, այն, ինչ որ ասում է Ռուսաստանի ղեկավարը, և ընդհանուր բյուջեն ենթադրում է նաև որոշակի ինքնիշխանության գործառույթների կորուստ: Այդ քննարկումը չի եղել, և ես անձամբ կարծում եմ, չնայած այս հանձնաժողովի ղեկավարն եմ, որ մենք բացարձակ ոչ պատրաստ ենք, ոչ էլ իմաստ ունի մենք մեկ միլիմետր ինքնիշխանության կորուստ ունենանք», - ասաց Միքայել Մելքումյանը:

Այդուամենայնիվ, ըստ ԲՀԿ պատգամավորի, այսպիսի հարցեր բարձրացնելն ու մերժում ստանալը հայ-ռուսական հարաբերություններում սեպ չեն խրում, և ամեն ինչ դեռ ավարտված չէ։ Հակառակը՝ սա նշանակում է, որ բանակցությունների նոր փուլ կարող է սկսվել. Ռուսաստանի ներքին գներով գազ ստանալուն Հայաստանը չի կարող այժմ հավակնել, սակայն պետք է ձգտի ներկայումս գործող գինն իջեցնել։ Ըստ Մելքումյանի՝ գազի գնի հարցը Հայաստանը պետք է բարձրացնի Եվրասիական տնտեսական միության, այլ ոչ թե երկկողմ մակարդակում։

«Ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է և շատ տեղին կլինի, և սա դրա մեսիջներից մեկն էր, որ ասում եք՝ մերժում, որ էդ բանակցությունների ձևաչափը գնա ԵՏՄ հարթակ, իսկ բանակցությունը տենց չի, որ տվյալ պահին մենք մեկ բան հայտարարեցինք, ընդեղից արձագանք ստացանք՝ այո կամ ոչ ու վերջացավ: Էդքան պարզունակ չի, որովհետև գազի գործիքը Ռուսաստանի համար ամենակարևոր քաղաքական ինստրումենտներից մեկն է, որն ինքն օգտագործում է բոլոր հարթակներում», - նշեց նա:

Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի՝ Եվրասիական միությունում ինտեգրացիոն մակարդակը բավական բարձր է և բավարար, որ մեկ միասնական սակագին գործի։

«Առկա տնտեսական ինտեգրացիան բավարար է, որպեսզի մենք կարողանանք այնպիսի հիմնական ապրանքների շուրջ, ինչպիսին, օրինակ, գազն է, մենք ունենաք ընդհանուր կանոններ ամբողջ ԵԱՏՄ շրջանակներում: Հետևաբար պետք չէ սպասել, որպեսզի տնտեսական ինտեգրացիան ինքնին ավելի շատ խորանա, որպեսզի նոր դրանից հետո մենք կարողանանք այդ կարևորագույն ապրանքների շուրջ քաղաքականությունը ըստ դրա որոշակիացնենք», - ասաց Սիմոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը կարծում է՝ հարցին արժանապատիվ և փոխշահավետ լուծում է պետք գտնել, անցել են ժամանակները, երբ Հայաստանն իր էմերգետիկ հարցերը լուծում էր ինքնիշխանության տարրերը զիջելով։

«Տարիներ շարունակ Հայաստանի գազի գնի հարցի կամ էրներգետիկ վիճակի հացի լուծումը եղել է տարբեր բաներ զիջելու գնով: Այդպիսի մոտեցում մեր կառավարությունը չի կարող ունենալ», - ընդգծեց «Իմ քայլի» պատգամավորը:

Ըստ Սոս Ավետիսյանի, գազը եվրասիական տնտեսական միությունում պետք է դադարի դիտարկվել որպես ապրանք, այլ պետք է դիտարկվի որպես ընդհանուր ռեսուրս, իսկ սակագինը լինի կանխատեսելի։ «Պետք է լինի կանխատեսելի, որպեսզի Հայաստանի տնտեսվարողը, Հայաստանի սպառողը կարողանա իր ապագան կանխատեսելիորեն պլանավորի», - ասաց նա:

Ինչ վերաբերում է գազի գինը բարձրացնելու հայտին, որով ռուսաստանյան «Գազպրոմ»-ին պատկանող «Գազպրոմ Արմենիա»-ն պահանջել է հուլիսի 1-ից միջինը 11 տոկոսով բարձրացնել սակագինը, ապա «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն անընդունելի է համարում սա հատկապես կորոնավիրուսի հետ կապված տնտեսական ճգնաժամի պայմաններում։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է իրապես ուսումնասիրի այդ հայտը, որովհետև մենք, օրինակ, հիշում ենք, որ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ պարզվել էր, որ կային չհիմնավորված ծախսեր: Covid-ի պարագայում, տնտեսական այս իրավիճակում ընդհանուր էներգակիրների գնի նվազման պարագայում սա այնքան էլ հասկանալի երևույթ չէ», - ասաց Ավետիսյանը:

Անցած տարվա հունվարի 1-ից Հայաստանի սահմանին հազար խորանարդ մետր ռուսական գազն արժե 165 դոլար՝ նախկին 150-ի փոխարեն, բայց բնակիչներին հասնող գազի սակագինը չի փոխվել՝ մնալով նույն 290 դոլարը։ Միքայել Մելքումյանը կարծում է՝ հանձնաժողովը շատ ուշադիր պետք է քննի հայտը և հիշեցնում՝ տարիներ շարունակ «Գազպրոմ Արմենիա»-ն բավական մեծ գումարներ է աշխատել, երբ սահմանին գազի գինը նվազել է, սակայն Հայաստանի քաղաքացիները վճարել են արդեն սահմանված բարձր սակագինը։

«Երբ որ գինը ժամանակին՝ 2015 թվականին 189 դոլարից իջել էր 165, 15, 16, 17, 18, 19, հինգ տարի շարունակ, որը կարծեմ տարեկան մոտավորապես պետք է լիներ 8,9 մլրդ դրամ, տարիների ընթացքում հակառակ պրոցեսն է եղել: Այսինքն՝ այստեղ կարևոր է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ճիշտ պետական մոտեցման որոշում կայացնի», - նշեց Մելքումյանը:

Տարոն Սիմոնյանը ևս կարծում է՝ գազի գինը բարձրացնել այս պայմաններում ընդունելի չէ. «Ես չգիտեմ՝ ինչ են այնտեղ վերլուծել, քննարկել, բայց ամեն դեպքում հույսս չեմ կորցնում, որ մեր պետական մարմինները դիմադրելու են մինչև վերջ, որ հանկարծ որևէ բարձրացում տեղի չունենա»:

Ի դեպ, այս պահին Հայաստանը ԵՏՄ անդամ երկրների շարքում գազը ձեռք է բերում ամենաթանկ գնով։

XS
SM
MD
LG