Մատչելիության հղումներ

Հակոբյանը պնդում է, որ Փաշինյաններին այցելելիս պահպանել է սահմանված բոլոր կանոնները


Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը («Իմ քայլը»)

Իմքայլական պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբայրը` Հրաչյա Հակոբյանը երեկ այցելել է Փաշինյաններին, շփվել է ընտանիքի հետ: Այսօր Ազգային ժողով եկած Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, թե այցելության ժամանակ եղել է դիմակով և պահպանել է բոլոր կանոնները:

«Ինչ վերաբերում է կոնտակտավոր անձ լինելուն», - շարունակեց նա, - «մենք ընտանիքի ներսում չափազանց զգուշավոր ենք եղել: Երբ ես, օրինակ, գնացել եմ իրենց տուն, եղել եմ դիմակով, տուն մտնելուց ախտահանվել եմ: Էնպես որ, պահպանվել են ընտանիքի ներսում բոլոր էդ կանոնները: Վերջին անգամ նրանց հետ շփվել եմ երեկ առավոտյան»:

Առայժմ պարզ չէ, թե արդյոք, որոշում կկայացվի թեստավորել Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին:

Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյան

«Կորանավիրուսի տարածման ամենամեծ ռիսկային գոտիներից մեկը հենց խորհրդարանն է»

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ազատության» հետ զրույցում ահազանգում է, որ կորոնավիրուսի տարածման ամենամեծ ռիսկային գոտիներից մեկը հենց խորհրդարանն է, յուրաքանչյուր պատգամավոր կարող է լինել կոնտակտավոր, չիմանալ, որ վարակակիր է:

Հետևաբար, ըստ Զոհրաբյանի, Ազգային ժողովի նախագահին պետք է առաջարկել քննարկել իրավիճակը. – «Հիմա իմ գործընկերներից որոշները առաջարկում էին քննարկել նիստերը հեռավար անցկացնելու տարբերակը: Բազմաթիվ եվրոպական խորհրդարաններ այդ մոդելով են գնում, միգուցե ա՞յդ տարբերակով անցնենք: Այո, իհարկե Սահմանադրությունը նախատեսում է, որ արտակարգ դրությունը Ազգային ժողովին չի վերաբերում, բայց մենք պիտի հասկանանք, որ 132 մարդ իրար վրա նստած ենք»:

Զոհրաբյանի համոզմամբ, այսօր բավարար միջոցներ չեն ձեռնարկվում վարակի տարածումը կանխելու համար, պետք է արագ քայլեր ձեռնարկվեն, բժիշկները իրենք չեն թաքցնում, որ վիճակն անկառավարելի է դառնում. - «Չպիտի մեզ ջայլամի տեղ դնենք և ասենք, որ իրականում ամեն ինչ կառավարելի է: Որովհետև ես ունեմ շատ հստակ տեղեկություններ հենց բժիշկներից, որ վիճակը, հատկապես վարակակիների և մահերի թվով դառնում է անկառավարելի»:

Արման Բաբաջանյան
Արման Բաբաջանյան

«Բժիշկները մտահագություն ունեն, որ առաջիկայում մահերը արձանագրվելու են տանը»

Այն, որ վիճակը խիստ մտահոգիչ է, «Ազատության» հետ զրույցում նշեց նաև պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով երեկ այցելել է Նորքի ինեֆկցիոն հիվանդանոց։ Նրա փոխանցմամբ, հիվանդանոցում հերթեր են, մարդկանց 38 աստիճան ջերմությամբ չեն ընդունում, ոորվհետև պարզապես մահճակալներ չկան, հիվանդանոցը լեփ-լեցուն է. – «Բժիշկները չեն հրաժարվում բուժել հիվանդներին, բայց դրա համար անհրաժեշտ պայմաններ են պետք... ավելի շատ հարցը վերաբերում է մահճակալներին, հիվանդանոցի կարողություններին»:

Բացի այդ, ըստ Բաբաջանյանի, պոլիկլինիկաները անկարող են ոչ ծանր, բայց մեծ թիվ կազմող կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժօգնություն տրամադրել, նրանք պատրաստ չեն արագ արձագանքել ո'չ իրենց հմտություններով, ո'չ իրենց գիտելիքներով։ Պոլիկլինիկաներում աշխատում են հիմնականում տարեց բժիշկներ, ովքեր իրենք հենց թիրախային խմբում են։

Ըստ պատգամավորի, նրանք նաև ապահովված չեն համապատասխան պաշտպանիչ համազգեստով, թեև պետք է սպասարկեն վարակակիրներին. – «38 աստիճան ջերմությամբ հիվանդներին ցուցում կա չվերցնել հիվանդանոցները, նրանց ուղարկում են տուն` ընտանեկան բժշկի և պոլիկլինիկայի հսկողության տակ գտնվելու: Այդ մարդիկ ուղղակի թոքաբորբի եզրի վրա է, իսկ այս վիրուսը այդպիսի ջերմության պայմաններում շատ արագ դառնում է թոքաբորբ: Եվ մարդը կարող է ուղղակի տան պայմաններում նույնիսկ չհասկանալ, թե ինչպես իր վիճակը արագորեն, սրընթաց վատթարացավ: Եվ բժիշկները մեծ մտահոգություն ունեն, որ առաջիկայում մահերը հիմնականում լինելու են տանը, որովհետև ընտանեկան բժիշկները, պոլիկլինիկաները չեն հասցնելու արձագանքել այդ ծավալի կանչերին, տնային պայմաններում նրանց անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուն»:

Արման Բաբաջանյան ասում է, որ Հայաստանը տարբեր պատճառներով չկարողացավ պատշաճ կերպով կանխել վարակի տարածումը և այսօր ունենք աղետալի վիճակ։ Ըստ պատագամավորի, բժիշկները խնդրում են խիստ կարանատի անցնելու միջոցով իրենց մի փոքր շունչ քաշելու հնարավորություն տալ, բայց մյուս կողմից էլ երկրի տնտեսությունը կանգնած է ճգնաժամի առջև։

Այս հարցերը, ըստ Բաբաջանյանի, այսօր պետք է դառնան խորհրդարանի քննարկման առարկան:

XS
SM
MD
LG