Մատչելիության հղումներ

Արցախի նախագահին քննադատած Մասիս Մայիլյանն ու Սամվել Բաբայանը պաշտոններ են ստացել


Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, 25-ը մայիսի, 2020թ.
Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, 25-ը մայիսի, 2020թ.

Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններում նախագահ Արայիկ Հարությունյանի հիմնական մրցակիցները՝ Մասիս Մայիլյանն ու Սամվել Բաբայանը, որոնք նախընտրական շրջանում սուր քննադատության թիրախ էին դարձրել Լեռնային Ղարաբաղի ներկայիս նախագահին, համաձայնել են Արայիկ Հարությունյանի գլխավորած իշխանության մաս կազմել։

Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ Լեռնային Ղարաբաղի չորրորդ նախագահն այսօր առավոտյան հայտնեց, որ հրամանագիր է ստորագրել Մասիս Մայիլյանին Արցախի արտաքին գործերի նախարար նշանակելու մասին, և վերջնական հանգրվանի են եկել Սամվել Բաբայանի հետ. Արայիկ Հարությունյանն առաջարկել է նրան զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

«Եվ արդեն իսկ իմ հրամանագրով Մասիս Սամվելի Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, և խնդրում եմ որևէ մեկին չհամարել քաղաքական առևտուր: Մենք քաղաքական առևտուր չենք արել: Մենք, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այն մարտահրավերները, վտանգները, որ այսօր կան, համաձայնվել ենք միասին ստանձնել մեր երկրի հետագա պատասխանատվության այդ պարտավոր անհրաժեշտությունը»:

Այս տարվա մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում կայացան նախագահական և խորհրդարանական ընտրություններ, իսկ ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Երկրորդ փուլում Արայիկ Հարությունյանի մրցակիցն էր Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի գլխավորած կառավարության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով ստացավ վավեր քվեաթերթիկների 12 տոկոսը։ Արայիկ Հարությունյանը ստացավ վավեր քվեաթերթիկների 88 տոկոսը։

33 տեղանոց խորհրդարանում Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը ստացավ 16 աթոռ, Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիքը» մեծությամբ երկրորդ խմբակցությունն է՝ 9 պատգամավորով։

«Ի դեպ, նշեմ, որ արդեն վերջնական հանգրվանի ենք եկել նաև Սամվել Բաբայանի հետ: Նախկինում շատ է քննարկվել տարբեր պաշտոններ զբաղեցնելու հետ կապված` պետնախարար, Անվտանգության քարտուղար: Վերջնական որոշումը կայացրել ենք երեկ Երևանում, հանդիպել ենք, և մինչ այդ Սամվել Բաբայանը երբևէ չի ակնարկել որևէ պաշտոն զբաղեցնելու առումով, միշտ եղել է, պատրաստ է համագործակցության ծրագրային, հանուն երկրի ապագայի, հանուն մեր ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման: Եվ երեկ ես առաջարկել եմ նրան զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Ինչո՞ւ եմ կարևորել Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի նշանակումները, որովհետև Սամվել Բաբայանը «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարն է, «Միասնական հայրենիքը» երկրորդ քաղաքական ուժն է մեր երկրում, որը ստացել է ժողովրդի բավական մեծ քվե ժողովրդի կողմից, և ես պարտավոր եմ հարգել ժողովրդի քվեն, ժողովրդի որոշումը: Իսկ Մասիս Մայիլյանը եղել է գլխավոր մրցակիցը քաղաքական հարթակում, և այդպես մենք փորձում ենք համատեղ ստեղծել նոր մթնոլորտ, իրավիճակ համերաշխության»:

Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

ԱԱԾ տնօրեն է նշանակվել օրերս փոխոստիկանապետ նշանակված Կամո Աղաջանյանը։ Տևական ժամանակ՝ 2006-2013թթ. Հայաստանի Զինված ուժերի առաջին բանակային կորպուսի հրամանատար, իսկ այնուհետև՝ մինչև 2018թ. հունիս, Լեռնային Ղարաբաղի ոստիկանապետ աշխատած Աղաջանյանը, հիշեցնենք, հրաժարական ներկայացրեց մոտ երկու տարի առաջ Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաների արդյունքում։

Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը հիշեցրեց՝ բողոքի ակցիաները ուժային կառույցներում առկա խոշտանգումների դեմ էին.- «Իր` ոստիկանապետ եղած ժամանակ աննկարագրելի խոշտանգումներ են տեղի ունեցել: Հիշեցնեմ, որ Քրեակատարողական հիմնարկն Արցախում Ոստիկանության կազմում է, հատկապես Քրեակատարողական հիմնարկում և մեկուսարանում: Կամո Աղաջանյանը մի մարդ է, որին անվերապահորեն վստահում են՛ թե Բակո Սահակյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, և Արայիկ Հարությունյանը, նրան նշանակելով, նաև ռևերանսներ է կատարում Սերժ Սարգսյանին և Բակո Սահակյանին: Միևնույն ժամանակ Կամո Աղաջանյանն իր եղբայրներով հանդերձ լրջորեն նպաստել է Արայիկ Հարությունյանի ձայներ ստանալուն Հադրութի շրջանում, ինքը ծագումով Հադրութի շրջանից է»:

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամայիս Աղաբեկյանը խորհուրդ տվեց Կամո Աղաջանյանի նշանակումը դիտարկել ընդհանուր նշանակումների լույսի ներքո, որոնց նպատակն է ամրապնդել նոր ձևավորվող իշխանությունը.- «Կատարվում են նախապատրաստական աշխատանքներ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում հաջողություն գրանցելու համար: Կամո Աղաջանյանը դասակի հրամանատարից մինչև դիվիզիայի հրամանատար ռազմական նշանակման ճանապարհ անցած գեներալ է:

Ինչ վերաբերում է հանրահայտ հունիսի դեպքերին, ապա նույն հունիսի դեպքերն էլ պետք չէ ընդհանուր բովանդակությունից կտրենք, քանի որ հունիսի բողոքի ակցիաները Կամո Աղաջանյանի դեմ չէին: Կոնկրետ գործողություն է եղել, և այդ կոնկրետ գործողության շրջանակներում եղել է պահանջ` ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի: Իմիջիայլոց, այդ ժամանակահատվածում նաև այդ լարվածությունը մեղմացնելու համար առաջին քայլը կատարել է հենց գործող նախագահ Արայիկ Հարությունյանը իր հրաժարականով»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG