Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարությունը մանրամասներ է ներկայացնում Վենետիկի հանձնաժողով ուղարկված հարցերի մասին


Armenia -- Justice Ministry of Armenia, undated.

Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերը վերաբերում են 2015 թվականի Սահմանադրությամբ նախատեսված, սակայն փաստացի չիրականացված Սահմանադրական դատարանի ձևավորման մոդելը արագ կյանքի կոչելուն, «Ազատությանը» հայտնեցին Արդարադատության նախարարությունից:

Հարցերը, մասնավորապես, վերաբերում են ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակմանը 12 տարով, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետների տարբերակման բացառմանը, ինչի արդյունքում արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն, իսկ մնացածինը սահմանափակվեն նույն ժամկետով։

Ըստ Արդարադատության նախարարության, հաջորդ սկզբունքային հարցը անցումային դրույթի չարաշահման հետևանքների բացառումն է, Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվի դատավորների կողմից 6 տարի ժամկետով։ Բացի այս, հարցեր են ուղղվել նաև Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ տրվող եզրակացության շրջանակը հստակեցնելու վերաբերյալ, այն է թե՝ արդյո՞ք մեր դեպքում առկա անորոշությունը համապատասխանում է եվրոպական լավագույն ստանդարտին։

Հարցերից մեկն էլ վերաբերում է նախապես նշանակված և համավարակի պատճառով չանցկացված հանրաքվեն անհրաժեշտության դեպքում չեղարկելու՝ Ազգային ժողովի լիազորությանը։

«Քանի որ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ հանրային առողջությունը մեզ համար առաջնային է, ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծմանն ուղղված հանրաքվեն չի կարող կայանալ, քանի դեռ համաճարակը չի վերացել։ Մյուս կողմից, նախապես հայտարարված հանրաքվեի ճակատագիրը չի կարող անորոշ մնալ, և Կառավարությունն էլ չի կարող առաջ շարժվել նախանշված բարեփոխումների և Սահմանադրության դրույթների իրագործման մեր օրակարգով՝ առանց ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման», - տեղեկացնում են նախարարությունից:

Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերի նպատակն է նաև հստակեցնել ստեղծված պայմաններում ճգնաժամի ամենաարագ իրավական լուծման տարբերակը՝ անդրադառնալով նաև առանց հանրաքվեի իրականացնելու հնարավորությանը:

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողով հարցեր է ուղարկել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակված էր ապրիլի 5-ին: Հանրաքվեով պետք է լուծվեր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը:

XS
SM
MD
LG