Մատչելիության հղումներ

Նոր իրավակարգավորումներով Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահից ՍԴ անդամ կարող է դառնալ


Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյան, արխիվ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյան, արխիվ

Խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլ»-ական Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ այժմ քննարկվող և Վենետիկի հանձնաժողով ուղարկված նոր իրավակարգավորումները կհանգուցալուծեն Սահմանադրական դատարանի (ՍԴ) ճգնաժամը։

Նշենք, որ առաջարկվող իրավակարգավորումների համաձայն, Հրայր Թովմասյանի լիազորությունները որպես ՍԴ նախագահ դադարեցվում են, և պետք է ընտրվի նոր նախագահ՝ դատավորների կազմից։ Բացի այդ, կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները։

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասում է, թե այս լուծումը հասկանալի ու ըմբռնելի է և՛ տեսաբանների, և՛ պրակտիկ իրավաբանների համար, այն հնարավորություն կտա ունենալ այն Սահմանադրական դատարանը, որը նախատեսված է Սահմանադրությամբ։

«Ազատության» հարցին՝ այն, ինչ քննարկվում է, դրանք իսկապե՞ս խնդիրը կլուծեն, Վարդանյանը պատասխանեց. «Ես ենթադրում եմ, որ, այո, Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները անմիջապես պետք է դադարեցվեն, և Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվի Սահմանադրական դատարանի դատավորների կողմից»:

Հարցին էլ՝ Հրայր Թովմասյանը շարունակելո՞ւ է պաշտոնավարել որպես ՍԴ անդամ, քանի որ նա 2018-ին է նշանակվել այդ պաշտոնում, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Չափանիշը հետևյալն է՝ ով 12 տարի պաշտոնավարել է, նա գնում է, և Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվի Սահմանադրական դատարանի դատավորների կողմից: Դուք անընդհատ հիշատակում եք անձանց անուններ, ստեղ անձերի խնդիր չի, խոսքը վերաբերում է շատ հստակ, ինստիտուցիոնալ խնդրի լուծմանը»:

Նշենք, որ եթե այս նոր իրավակարգավորումները ընդունվեն, ապա Սահմանադրական դատարանի 9 անդամներից 2-ը՝ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը միանգամից հրաժեշտ կտան իրենց պաշտոնին, քանի որ Նազարյանը ՍԴ դատավոր է նշանակվել 1996 թվականին, իսկ Թոխյանը՝ 97-ին, այսինքն՝ նրանք պաշտոնավարում են արդեն 24-ից 25 տարի։

Եթե նոր իրավակարգավորումներում արձանագրվի, որ 12 տարվա պաշտոնավարման հաշվարկում ներառվում է ՍԴ անդամի պաշտոնավարումը տարբեր ժամանակահատվածներում, ապա կդադարեցվեն նաև Ալվինա Գյուլումյանի լիազորությունները։

Գյուլումյանը մեկ անգամ որպես ՍԴ անդամ պաշտոնավարել է 1996- 2003 թվականներին, այսինքն՝ 7 տարի, ապա կրկին ՍԴ անդամ է նշանակվել 2014-ին և արդեն պաշտոնավարում է 6 տարի, ընդհանուր առմամբ՝ 13 տարի։

Ինչ վերաբերում է ՍԴ անդամներ Աշոտ Խաչատրյանին և Արևիկ Պետրոսյանին, ապա նրանք նշանակվել են 2010-ին, և եթե վերոհիշյալ նոր կարգավորումներն ընդունվեն, ապա 2 տարի անց նրանք նույնպես հրաժեշտ կտան իրենց պաշտոնին։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, ապա նա ՍԴ անդամ է ընտրվել 2018-ի մարտին, և ըստ առաջարկվող լուծման, եթե նրա՝ իբրև դատարանի նախագահի լիազորությունները դադարեցվեն, միևնույն է, որպես ՍԴ անդամ նա դեռևս 10 տարի կարող է պաշտոնավարել։

Դատարանի մյուս անդամները՝ Արման Դիլանյանն Ազգային ժողովի կողմից ընտրվել է 2018-ին, Վահե Գրիգորյանը՝ 2019-ին։ ՍԴ անդամ Արայիկ Թունյանը 2014-ից է պաշտոնավարում:

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը խորհրդարանի միջոցով հանգուցալուծելու նոր առաջարկների վերաբերյալ իշխանությունները դեռևս շատ փակագծեր չեն բացում, առայժմ սպասում են Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։

Պարզ չէ, թե եվրոպական կառույցը երբ կարձագանքի: Ինչպես նշեց խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կորոնավիրուսի պատճառով Վենետիկի հանձնաժողովը նույնպես հեռավար է աշխատում, և ժամկետները հստակ չեն։ Ամեն դեպքում, Վարդանյանը կարծում է, որ արձագանքը դրական կլինի, քանի որ ողջամիտ առաջարկներ են ներկայացվել։

«Պրակտիկան ցույց է տալիս, որ ըստ էության ցանկացած ողջամիտ կարգավորման միջազգային կառույցները տալիս են ողջամիտ և դրական եզրակացություն», - ասաց նա:

Խորհրդարանի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առայժմ ձեռնպահ է մնում նոր առաջարկների վերաբերյալ գնահատակններից: Ինչպես նշեց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, սպասում են պաշտոնական փաստաթղթի հրապարակմանը։

Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, հիշեցնում է՝ ամիսներ առաջ հորդորում էին իշխանությանը խնդիրը լուծել խորհրդարանում և անիմաստ հանրաքվե կազմակերպելու համար 7 միլիոն դոլար չծախսել։ Սակայն իրենց հակադարձում էին, թե խորհրդարանի միջոցով հարցի լուծումը անհնար է։

«Ո՛չ տեղյակ ենք, թե Վենետիկի հանձնաժողով ինչ է ուղարկվել որպես փորձագիտական եզրակացություն հայցման փաստաթուղթ, ո՛չ տեղյակ ենք, թե իրավական ինչ մեխանիզմներով են այդ ամեն ինչը պատկերացնում, պետք է ունենանք փաստաթուղթ, կարդանք, ըստ դրա ասենք՝ իրավաչափ է, թե իրավաչափ չէ», - ասաց պատգամավորը:

Հավելենք, որ ընդդիմադիր ամենամեծ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ մամուլի հրապարակումներից բացի, պաշտոնական որևէ փաստաթուղթ չեն ստացել, հետևաբար՝ գնահատականներ տալ չեն կարող։

XS
SM
MD
LG