Մատչելիության հղումներ

Ռուստամ Բադասյանը չի բացառում, որ ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հարցը կարող է տեղափոխվել խորհրդարան


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն «Ազատության» հետ զրույցում չբացառեց, որ սահմանադրական ճգնաժամի հանգուցալուծման հարցը կարող է տեղափոխվել խորհրդարան։ Այս պահին, սակայն, հանրաքվեից հրաժարվելու որոշում չկա:

Ներկայումս, ըստ նախարարի, իրենք Սահմանադրական դատարանի (ՍԴ) ճգնաժամի վերաբերյալ հարցադրումներ են ուղղել Վենետիկի հանձնաժողովին։ Մեր հարցին, թե խոսքը կոնկրետ ի՞նչ հարցադրումների մասին է, Ռուստամ Բադասյանն ասաց, թե առայժմ փակագծեր բացել չի կարող.- «Հարցերի բովանդակությունն ամբողջությամբ բացահայտելը դեռ վաղ է, բայց կարծում եմ` թեման բոլորի համար պարզ է` 213 հոդվածին է վերաբերում Սահմանադրության»:

«Ազատություն».- Կոնկրետ ի՞նչն եք ուզում իմանալ:

Ռուստամ Բադասյան.- Սահմանադրական դատարանի 2015 թվականի փոփոխություններով նախատեսված մոդելը կյանքի կոչելու հետ կապված խնդիրները:

«Ազատություն».- Հանրաքվեից հրաժարվելու տարբերակո՞վ, այդ տարբերակը գտնելո՞ւ համար:

Ռուստամ Բադասյան.- Նման բաների մասին դեռ վաղ է խոսել, այսինքն` որևէ կոնկրետ որոշում չունենք, մենք ուզել ենք փորձագիտական կարծիքը, հարցը կապված է Սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելու խնդրի հետ:

«Ազատություն».- Բայց մոդելը ունեիք չէ՞, կյանքի ուզում էիք կոչել:

Ռուստամ Բադասյան. - Ի՞նչ նկատի ունեք:

«Ազատություն».- Հանրաքվեի միջոցով ճգնաժամը հանգուցալուծելը:

Ռուստամ Բադասյան.- Այո, հանրաքվեն նշանակված է ըստ էության, հանրաքվեի մասով որևէ փոփոխություն չկա:

Հիշեցնենք` հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքը չէին ստացել։ Ընդդիմությունը, մինչդեռ, այդ հանգամանքը խիստ կարևորում էր. ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ ԲՀԿ-ն, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ իրենց դիրքորոշումն անգամ պայմանավորել էր Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացությամբ։

Նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու հանգամանքը կարևորում էր նաև «Լուսավոր Հայաստանը», որն, ի դեպ, ողջ այս գործընթացն ապօրինի էր որակում։

Իշխող «Իմ քայլից» Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, մինչդեռ, հակադարձում էր՝ իմպերատիվ պահանջ չկա, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով։ Սակայն այժմ արդեն, ինչպես նշում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որոշում են կայացրել ստանալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։

Հիշեցնենք` հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։ Սակայն կորոնավիրուսի պատճառով երկրում սահմանված արտակարգ դրության պայմաններում հանրաքվե անցկացվել չի կարող, և ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հետաձգվել է։

«Հարցադրումը վերաբերում է 15 թվականի փոփոխություններով նախատեսված Սահմանադրական դատարանի մոդելը հնարավորինս արագ կյանքի կոչելու խնդրին: Հանրաքվեի մասով որոշումը եղել է, այն ժամանակ Վենետիկի հանձնաժողովին չենք դիմել` կապված այդ գործընթացների արագության հետ, և բոլոր այն հարցերին, թե ինչու չեք դիմում Վենետիկի հանձնաժողովին, կամ սովորաբար նման դեպքերում դիմում են, մենք ասել ենք, որ չենք տեսնում որևէ արգելք դիմելու, և բնականաբար, ինչպես Դուք ճիշտ նկատեցիք, ժամանակի մասով ձգձգումները և այլն հնարավորություն էին այնուամենայնիվ դա անել»,- ընդգծեց արդարադատության նախարարը:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե հաշվի առնելով, որ արտակարգ դրությունը պարբերաբար երկարաձգվում է, իսկ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի անցկացվում, հնարավո՞ր է, որ ի վերջո իշխանությունները հրաժարվեն սահմանադրական ճգնաժամը հանրաքվեով լուծելու տարբերակից, Ռուստամ Բադասյանն ասաց, թե ոչինչ չի կարելի բացառել.- «Դե չի կարելի բացառել որևէ տարբերակ` նկատի ունենալով, որ կորոնավիրուսն իր ազդեցությունն է ունենում կյանքի ցանկցած ոլորտի վրա, և հանրաքվեների, ընտրությունների անցկացումը, բնակաբար, բացառություն չի կարող լինել»:

«Ազատություն».- Հնարավո՞ր է, որ հարցը նորից տեղափոխվի խորհրդարան:

Նախարար.- Չի կարելի բացառել, բայց կրկին նշեմ, որ այս պահի դրությամբ որևէ որոշում չկա:

«Ազատություն».- Բայց այլընտրանքային գործընթացներ մշակվո՞ւմ ես այս պահին, նախարարությունն ունի՞ այլընտրանքային որոշակի ծրագրեր:

Նախարար.- Ո՛չ, մենք դիմել ենք փորձագիտական կարծիքի:

«Ազատություն».- Կարո՞ղ ենք ասել` ելնելով այդ փորձագիտական կարծիքից` որոշում կկայացնեք:

Նախարար.- Հնարավոր է:

XS
SM
MD
LG