Մատչելիության հղումներ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը կքննի նրա գործընկերներից Դավիթ Բալայանը


դատավոր Դավիթ Գրիգորյանը, արխիվ
դատավոր Դավիթ Գրիգորյանը, արխիվ

Դադարեցված լիազորություններով դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը կքննի նրա գործընկերներից Դավիթ Բալայանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար, մեղադրանքը չի ընդունում։ Ավելին, դատավորը հայտարարել էր, թե այս ամենն իր հետ տեղի ունեցավ հենց այն պատճառով, որ անցած տարի մայիսի 18-ին կալանքից ազատ արձակեց Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև կասեցրեց քրեական գործն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ որոշ կասկածներ փարատելու համար։

«Ազատության» հետ զրույցում դատավորի փաստաբան Երվանդ Վարոսյանը շարունակում է պնդել՝ դատավորի նկատմամբ այս հետապնդումը հենց երկրորդ նախագահին ազատ արձակելով է պայմանավորված։

«Այլ եզրահանգում կատարելու ուղղակի հնարավորություն չկա, գործի ընթացքը և խրոնոլոգիան հուշում են, որ սա ուղիղ կապված է միայն իր կողմից կայացված այդ երկու որոշումների հետ», - նշեց Վարոսյանը:

Դատախազությունը կտրականապես հերքել էր, թե Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը պայմանավորված է նախկին նախագահի գործով: Ըստ իրավապահ մարմնի, դատավորը անգամ դատարանի շենքում չլինելով, նույն օրը նույն ժամին անցկացված նիստերի կեղծ թղթային արձանագրություններ է կազմել։

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցեց. «Նախաքննության ընթացքում ձեռք է բերվել դատավոր Դավիթ Գրիգորյանի և դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի կողմից հանցանքի կատարումը վկայող ապացույցների բավարար համակցություն, որի հիման վրա էլ վերջիններս քրեական գործով ներգրավվել են որպես մեղադրյալներ»:

Ըստ քրեական գործի, դատավոր Գրիգորյանը պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու պատճառով այնպես է արել, որ դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն: Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել այն մասին, թե իբր դատական նիստին չեն ներկայացել բողոքաբերը, Քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները, որոնց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի, և նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է մեկ այլ օր, հայտարարում է ՀՔԾ-ն։

Այս բողոքին են կցվել դատական նիստին ներկայանալու մասին դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր և առանց ելքագրման ձևական ծանուցագրեր: Ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող այդ արձանագրությունը կազմելուց և իրենց ստորագրություններով հավաստելուց հետո Դավիթ Գրիգորյանը և Գոռ Վարդանյանն այն կցել են դատական գործի նյութերին, հաղորդում է ՀՔԾ-ն:

Երվանդ Վարոսյանը, ծանոթանալով գործի նյութերին, պնդում է՝ իր պաշտպանյալը հանցանք չի կատարել և հանրորեն վտանգավոր արարքը բացակայում է: «Քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո ևս մեկ անգամ համոզվեցինք, որ առաջին՝ մեղսագրվող հանցակազմի մասին խոսք լինել չի կարող, եթե անգամ գոյություն ունենար այդ հանցակազմը, հանրորեն վտանգավորությունը չկա, ուստի անգամ այդ նկարագրվածն ինքնին հանցագործություն չի համարվում: Նիստն իրականում հետաձգվել է, և ինչ որ արձանագրված է, իրականությանը համապատասխանում է: Հիմա դա տեղեկանքի ձևով կկազմվեր, թղթային արձանագրության ձևով կկազմվեր, թե կձայնագրվեր այդ ամեն ինչը՝ ձայնային արձանագրությամբ, դրանից որևէ բան իրականում չի փոխվում: Դրանից հետո էդ բողոքի քննությունը շարունակվել է, կայացվել է համապատասխան որոշում, որն էլ վերադաս երկու ատյանի դատարանների կողմից թողնվել է ուժի մեջ: Այսինքն՝ ստեղ որևէ հետևանք չկա», - ասաց փաստաբանը:

Հարցին, իսկապե՞ս դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական նիստերի դահլիճում չի եղել, պատասխանեց. «Նման փաստական հանգամանք կամ նրա կողմից դատական նիստերի դահլիճ իջնել-չիջնելու վերաբերյալ որևէ ապացույց քրեական գործում չկա»:

Մինչդեռ ՀՔԾ խոսնակն «Ազատությանը» փոխանցեց՝ այս հանգամանքը նույնպես հիմնավորվել է։

Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելուց հետո պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրյալի աթոռին հայտնված դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանը շեշտում է՝ անցած տարի առանց Բարձրագույն դատական խորհրդի թույլտվության դատավորի աշխատասենյակում խուզարկություն կատարելու որոշումը, ինչպես նաև դատավորի նկատմամբ հետապնդումը վերաքննիչ դատարանը ճանաչել է ապօրինի։ Իսկ այս որոշման դեմ գլխավոր դատախազի բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել։

«Ոչ միայն ապօրինի են խուզարկել, և առաջին ատյանի դատարանի որոշումն է ապօրինի, այլ ի սկզբանե հարուցման պահից ընթացքն է ապօրինի, որովհետև տեղի է ունեցել փաստացի քրեական հետապնդում՝ առանց Բարձրագույն դատական խորհրդի որոշման», - ասաց փաստաբանը:

Այս քրեական գործից հետո շատ փաստաբաններ հայտարարեցին՝ դատավորին վերագրվող խախտումը շատերն են թույլ տվել։

XS
SM
MD
LG