Մատչելիության հղումներ

Օլիմպիադան ընդհանրապես կչեղարկվի, եթե տեղի չունենա 2021-ին


ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախ, արխիվ
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախ, արխիվ

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը չի բացառում, որ 2020 թվականի Տոկիոյի ամառային Օլիմպիադան կարող է ընդհանրապես տեղի չունենալ, եթե այն չհաջողվի անցկացնել 2021 թվականին:

Այս տարվա մարտին ՄՕԿ-ը և Ճապոնիայի կառավարությունը հայտարարել են, թե հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը և ղեկավարվելով նախևառաջ մարզիկների ու մարզասերների առողջությունը երաշխավորելու սկզբունքով, փոխադարձ համաձայնությամբ որոշել են ամառային խաղերն անցկացնել մեկ տարի ուշացումով:

Եթե չլիներ համավարակը, խաղերը կմեկնարկեին այս տարվա հուլիսին: Մեկ տարով հետաձգելու որոշումը ՄՕԿ-ի, հյուրընկալող երկիր Ճապոնիայի, ինչպես նաև մնացած երկրների օլիմպիական կոմիտեների և մարզական ֆեդերացիաների համար ընդունելի տարբերակ էր:

Բայց այս համավարակի ընթացքը վկայում է, որ ամբողջ աշխարհը հայտնվել է շատ ավելի բարդ կացության մեջ:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ասել է, որ հնարավոր չի լինի անցկացնել հազարավոր մարզիկների ու մարզիչների, տեխնիկական անձնակազմի մասնակցություն և հարյուր հազարավոր երկրպագուների ներկայություն ենթադրող համաշխարհային խոշոր միջոցառում, եթե չլինի առողջապահական բոլոր նորմերի պարտադիր ապահովում:

Աբեն ՄՕԿ-ի ղեկավարին ասել է, որ հաջորդ տարվա ամառն Օլիմպիադայի անցկացման վերջին հնարավորությունն է:

Թոմաս Բախը BBC-ին ասել է, թե ընդունում է Ճապոնիայի կառավարության ղեկավարի դիրքորոշումը: «Անկեղծ լինենք, հնարավոր չէ մշտապես վարձած վիճակում պահել կազմկոմիտեի երեք կամ հինգ հազար աշխատողներին, չես կարող ամեն տարի փոխել բոլոր խոշոր մարզական ֆեդերացիաների կազմած ժամանակացույցը, չես կարող մարզիկներին անվեջ պահել անորոշության մեջ», - ասել է Բախը:

ՄՕԿ-ի ղեկավարը կրկնել է, թե շատ է ուզում, որ Օլիմպիադան տեղի ունենա հաջորդ տարվա ամռանը, և աշխատում է այդ ուղղությամբ, սակայն չի կարող բացառել Օլիմպիադան այս բարդ հանգամանքներում ընդհանրապես չեղարկելու հնարավորությունը:

Վերջնական որոշում կայացնելու համար ՄՕԿ-ը, Ճապոնիայի կառավարությունը և համաշխարհային մարզական կառույցները պետք է վերլուծեն համավարակի ընթացքը և փորձեն հասկանալ, թե ինչ վիճակ կլինի աշխարհում հաջորդ տարվա հուլիսին:

XS
SM
MD
LG