Մատչելիության հղումներ

Վիրուսն առաջին գրանցված դեպքից շաբաթներ առաջ է հայտնվել ԱՄՆ-ում


Գիտնականները փորձում են ստեղծել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, ամերիկյան լաբորատորիա

ԱՄՆ-ում զոհերի թիվը կարող անցնել 100 հազարը

Միացյալ Նահանգներում COVID-19 հիվանդության դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոն 432 հազարը: Մահացել է մոտ 87 հազար մարդ: Այդ տվյալները երեկ երեկոյան հայտնել է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

ԱՄՆ-ում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները վերլուծել են համավարակի տարածման 12 տարբեր մոդել և եզրակացրել, որ մինչև հունիսի 1-ը կորոնավիրուսից մահացածների թիվը կարող է անցնել 100 հազարը:

Ֆլորիդա նահանգի կորոնայի առեղծվածը

Մինչդեռ, Ֆլորիդայում վերջերս անցկացված մի հետազոտություն վկայում է որքան զարմանալի, նույնքան էլ կարևոր հավանականության մասին:

Միացյալ Նահանգներում մարտի 1-ին է պաշտոնապես գրանցվել առաջին դեպքը, սակայն հունվարի 1-ից սկսած Ֆլորիդայում առնվազն 170 պացիենտի մոտ դրսևորվել են ճիշտ այն ախտանշանները, որոնք բնորոշ են կորոնավիրուսին:

Գրեթե հենց այդ ժամանակ էլ Չինաստանում են արձանագրել կորոնավիրուսի համավարակի բռնկումը:

Ֆլորիդայում հիվանդանոցի պացիենտներից մեկը 67-ամյա Տաիս Տեպպերն է:

«Դա սկսվեց գլխացավով, շատ տարօրինակ գլխացավ էր, հետո աչքերիս քոր սկսվեց, աչքերս շատ չոր էին, հետո էլ՝ հազ, ահավոր ուժեղ հազ, բարձր ջերմություն, և կրծքավանդակս կարծես սեղմվել էր», - պատմել է Տեպպերը:

Փետրվարի 3-ին նա գնացել է հիվանդանոց, այնտեղ ստուգումներ են անցկացրել, ոչինչ չեն հայտնաբերել, պացիենտին տուն են ուղարկել:

Ավելի ուշ կինը լսել է COVID-19-ի հակամարմինների ստուգման մասին, ապրիլի 8-ին առաջին ստուգումն է անցել, մեկ ամիս անց՝ երկրորդը, երկուսի պատասխանն էլ՝ դրական: Այդ ստուգումների ճշգրտությունը հավասար է 96 տոկոսի:

«Կարծում եմ, շատ հավանական է, որ այդ վիրուսն այն ժամանակ արդեն այստեղ էր, հունվար-փետրվարը նաև գրիպի շրջան է, գրեթե անհնարին է հստակ ասել՝ դա գրիպ էր, թե ոչ, բայց COVID-19-ը երևի արդեն կար այստեղ»,- ասել է Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր, համաճարակաբանության ամբիոնի ղեկավար Մերի Ջո Տրեպկան:

Ֆլորիդայի նահանգի առողջապահության համակարգում հունվարի 1-ից փետրվարի 29-ը բժիշկների օգնությանն են դիմել մի քանի տասնյակ մարդիկ COVID-19 հիվանդությունը հիշեցնող նշաններով:

Տաիս Տեպպերը կազդուրվել է, նրա փոխանցմամբ՝ ծանր շրջանը մոտ մեկ շաբաթ է տևել:

ԱՄՆ-ում վակցինան կարող է լինել անվճար

Մեծ հաշվով, հանրության հույսը պատվաստանյութն է: Այն դեռ չկա, բայց գիտնականները ենթադրում են, որ առաջիկա ամիսներին կամ գուցե մեկ-մեկևկես տարվա ընթացքում կհայտնվի:

Արդյո՞ք ԱՄՆ-ում այն անվճար կլինի: Ուղղաթիռով Քեմփ Դեյվիդի նստավայր մեկնելուց առաջ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցել է լրագրողների հետ: Նա ասել է, որ պետությունը քննարկում է դրա հնարավորությունը:

«Մենք մտածում ենք դրա մասին, մենք բավական լավ առաջընթաց ենք ապահովել վակցինայի հարցում, շատ շուտով այդ մասին ձեզ կհայտնենք, դա կքննարկենք Քեմփ Դեյվիդի ժողովում», - ասել է Թրամփը:

ԱՀԿ-ի նոր նախաձեռնությունը՝ համաշխարհային հարթակ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ստեղծում է համաշխարհային հարթակ, որը կընձեռի գիտելիք, կարևոր տեղեկատվություն փոխանակելու, փորձով կիսվելու հնարավորություն:

Այդ հարթակում կտեղադրվեն բոլոր թարմ տեղեկությունները COVID-19 հիվանդության դեմ պատվաստանյութերի և դեղամիջոցների մասին:

«Այս անցած մի քանի ամիսները վկայում են,, որ երբ երկրները կիրառում են համապարփակ ռազմավարություն, կարողանում են արդյունավետ եղանակով զսպել համավարակը, նվազագույնի հասցնել դրա ազդեցությունը մարդկանց կյանքի և կենսապահովման վրա: Համավարակն ամենախոսուն կերպով ցույց տվեց, որ առողջապահության մեջ ներդրումը ոչ միայն ճիշտ, այլև շատ խելացի բան է», - ասել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Գալիք երկուշաբթի օրը առցանց եղանակով տեղի կունենա Առսողջապահության համաշխարհային կազմակերպության 73-րդ համաժողովը:

Փոքրիկ Սլովենիայի մեծ նվաճումը

ԱՀԿ ղեկավարները, Ամերիկայի, Եվրոպայի, Չինաստանի համաճարակաբանները գրեթե ամեն օր նախազգուշացնում են, որ այդ անճոռնի վիրուսը երկար ժամանակով է եկել, գուցե այն հետայսու մշտապես ուղեկցելու են մարդկանց, դառնալու է էնդեմիկ, ինչպես սեզոնային գրիպը:

Հետևաբար, մարդը՝ զգոնությունը չկորցնելով, պետք է այնուամենայնիվ համակերպվի վիրուսի առկայության հետ: Բայցև մարդկությունն ուրախանում է, երբ գոնե մեկ երկիր այդ թշնամու դեմ կռվում հասնում է հաջողության:

Սլովենիան դարձավ եվրոպական առաջին պետությունը, որը պաշտոնապես հայտարարեց՝ պանդեմիա այլևս չկա:

Սլովենիան տարբերվում է Թուրքմենստանից, այնպիսի երկիր չէ, որ պնդի, թե կորոնավիրուս ընդհանրապես չունի և պատժի նրանց, ովքեր կհամարձակվեն արտաբերել այդ վարակի անունը:

Իտալիայի, Ավստրիայի, Հունգարիայի և Խորվաթիայի հետ սահմաններ ունեցող 2 միլիոն բնակչությամբ Սլովենիայում գրանցվել է կորոնավիրուսի 1464 դեպք, մահացել է 103 մարդ:

Կառավարությունը մարտի 12-ին հայտարարել է կարանտինի մասին, փակել է կրթական հաստատությունները, կասեցրել է հանրային տրանսպորտի և խանութների մեծ մասի աշխատանքը, չեղարկել է հանրային միջոցառումները:

Սոցիալական հեռավորություն, դիմակներ, ձեռնոցներ: Դրանք դարձել են նորմալ և ընդունելի երևույթ, կանոնը պահպանում են երկրի ղեկավարից մինչև շարքային հպատակ:

«Համաճարակաբանական առումով եվրոպական երկրներից Սլովենիայում այսօր ամենաբարվոք կացությունն է, դա մեզ տալիս է համավարակի ավարտի մասին պաշտոնապես հայտարարելու իրավունք, դա ուժի մեջ կմտնի, երբ կսպառվի կորոնայի կապակցությամբ ընդունված երկու օրենսդրական փոաթեթների գործողության ժամկետը», - ասել է վարչապետ Յանեժ Յանսան:

Անցած երկու շաբաթվա ընթացքում երկրում օրական գրանցվել է կորոնավիրուսիը 7 նոր դեպք: Փողոցներում արդեն քիչ են դիմակներով մարդիկ: Սահմանված արգելքների մեծ մասը հունիսից այլևս չի գործի, որոշ սահմանափակումներ դեռ կպահպանվեն:

Կեցցե նորին գերազանցություն ֆուտբոլը

Կարծես թե ուրվագծվում են նորմալ կյանքի նշաններ: Մարզադաշտ, 22 պինդ տղաներ վազում են գնդակի հետևից, հնարքների դիմում, գոլ խփում, ուրախանում, ճիշտ է, գրեթե չեն գրկախառնվում, բայց միևնույն է ուրախանում են:

Ստադիոնում էլ մի քանի տասնյակ մարդ՝ տեխնիկական անձնակազմ, պահեստայիններ, լրագրողներ, պաշտոնյաներ:

Մայիսի 16-ը հիրավի պատմական օր է` այսօր վերաբացվեց Բունդեսլիգան:

Լա Լիգա, Պրեմիեր Լիգա, Սերիե Ա` դրանք էլ առաջիկա շաբաթներին կբացվեն:

Մարդիկ մարզադաշտում գրեթե չկան, լսվում են միայն մրցավարի սուլոցն ու մարզիկների բղավոցները:

Կորոնավիրուսը շատ բան է փոխել, բայց գոնե ֆուտբոլի հանդեպ մարդու սերը չի սասանել, վաղ թե ուշ հարյուր հազարավոր երկրպագուներ նորից պետք է գնան ստադիոններ:

XS
SM
MD
LG