Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը ՍԴ ճգնաժամի լուծման հարցում անփոփոխ է


Ազգային ժողովի նիստ, մայիս, 2020թ.

«Ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք». – այսպես է արձագանքում ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը Սահմանադրական դատարանի ճգնաժամը խորհրդարանի միջոցով լուծելու՝ վարչապետի հայտարարությանը:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ օրը տեղի ունեցած մեծ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ առնվազն մեկ տարի հանրաքվե չի կարող անցկացվել, մյուս կողմից էլ՝ սահմանադրական ճգնաժամի լուծմանն այդքան սպասել չի կարելի: Ըստ Փաշինյանի՝ Կառավարությունն այժմ քննարկում է ճգնաժամը որևէ ձևով խորհրդարանում լուծելու տարբերակը, և այդ նպատակով արդեն դիմել են Վենետիկի հանձնաժողով:

«Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը հիշեցնում է՝ ամիսներ առաջ, երբ իրենք իշխանությանը հորդորում էին հարցը լուծել խորհրդարանում, «Իմ քայլ»-ականները հակադարձում էին, թե դա անհնարին է, մինչդեռ այժմ եկել են նույն եզրահանգման:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը ապօրինի էր որակել Սահմանադրական դատարանի նախագահի և վեց դատավորների պաշտոնանկության հարցը հանրաքվեի դնելու ողջ գործընթացը՝ հորդորելով քաղաքական ուժերին «Ոչ»-ի ճակատ չձևավորել և իշխանությանը որևէ մեկի նկատմամբ ատելության քարոզ իրականացնելու շանս չտալ:

«Մենք ի սկզբանե, երբ գործընթացը սկսվեց, հայտարարեցինք, որ այդ գործընթացը ապօրինի է, ընթացակարգերի խախտումով է, և պետք չէ դա տանել հասցնել հանրաքվեի, այդ հարցը կարելի է լուծել խորհրդարանում՝ դուք ինքներդ ձեր 88 հոգով, ձեր մեծամասնությամբ կարող եք միանգամից լուծել, և կարիք չկա գումարներ ծախսել, մարդկանց տանել ընտրատեղամասեր և կազմակերպել հանրաքվե: Մեր գործընկերները մեզ հակադարձում էին, որ դա հնարավոր չէ, անհրաժեշտ է, որպեսզի ժողովուրդը իր կամքը արտահայտի, և, փաստորեն, իրադարձությունները զարգացան այնպես, որ մենք ճիշտ էինք», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սամսոնյանը:

Հարցին՝ Ազգային ժողովի միջոցով Սահմանադրական դատարանի հարցը լուծելու դեպքում «Լուսավոր Հայաստան»-ը կմիանա՞ իշխանության այդ առաջարկին, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. - «Մեր մատնանշած առաջարկն էր, բայց այս առաջարկը չեղյալ չի անում այն ապօրինի գործընթացը, ապօրինի նախագիծը, որի վրա մենք հղում էինք կատարում, և ընթացակարգերի խախտումներով: Մենք պարզապես ասում էինք, որ դուք այս հարցը կարող եք լուծել պառլամենտում՝ ձեր քաղաքական պատասխանատվությունը չթողնելով ժողովրդի վրա»:

«Հիմա, եթե բերեն խորհրդարան, դուք կաջակցե՞ք այդ նախագծին», - այս հարցին էլ Անի Սամսոնյանը պատասխանեց. - «Մենք որևէ որոշում այդ կապակցությամբ չունենք, և ընդհանրապես՝ Սահմանադրական դատարանի օրակարգը այս ձևափաչով մեզ համար անընդունելի է: Մենք նորից անում ենք մեր պնդումը առ այն, որ այդ հարցը կարելի է լուծել սահմանադրական մեծ փոփոխությունների շրջանակում և ենթարկել բարեփոխումների, ձևափոխությունների ինստիտուտը այդ շրջանակում»:

Հիշեցնենք, տարեսկզբին խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ իր դիրքորոշումը պայմանավորել էր Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացությամբ, մինչդեռ իշխանություններն այդպես էլ հանձնաժողովից փորձագիտական կարծիք չհայցեցին՝ ընդգծելով, թե դա պարտադիր չէ:

Ավելի ուշ «Բարգավաճ Հայաստան»-ի քաղխորհուրդը որոշեց՝ չեն կարող որևէ մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այդ գործընթացին, թեև մշտապես կողմ են եղել ուղիղ ժողովրդավարության այնպիսի կարևորագույն գործիքին, ինչպիսին հանրաքվեն է:

Պատասխանելով «Ազատության» հարցին, որ եթե Սահմանադրական դատարանի ճգնաժամի խնդրի լուծումը բերվի խորհրդարան, «Բարգավաճ Հայաստան»-ը կաջակցի՞, խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ իրենց դիրքորոշումն անփոփոխ է՝ ցանկացած գործընթաց պետք է լինի իրավական:

«Առայժմ ոչ մի փաստաթուղթ չկա, և դժվար է այս պարագայում ինչ-որ բան ասել: Յուրաքանչյուր գործընթաց Հայաստանի Հանրապետությունում պետք է միանշանակ համապատասխանի սահմանադրական և իրավական նորմերին», - ընդգծեց Աբովյանը:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակված էր ապրիլի 5-ին: Հանրաքվեով պետք է լուծվեր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը:

Քարոզարշավը մեկնարկել էր փետրվարի 17-ին և տևեց մինչև մարտի 12-ը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածման պատճառով ընդհատեց արձակուրդն ու քարոզարշավը:

Հանրաքվեին պատրաստությունները դադարեցնելու որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրեց արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ մարտի 17-ին:

XS
SM
MD
LG