Մատչելիության հղումներ

Չեչնիայի բուժաշխատողները բողոքել են, ապա՝ հեռուստաեթերում ներողություն խնդրել


Ռուսաստան - Բուժաշխատողներն արհեստական շնչառության սարքին են միացնում կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդին, Մոսկվա, մայիս, 2020թ.
Ռուսաստան - Բուժաշխատողներն արհեստական շնչառության սարքին են միացնում կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդին, Մոսկվա, մայիս, 2020թ.

Չեչնիայի Գուդերմես քաղաքի հիվանդանոցի աշխատակիցները բողոքել էին բժշկական դիմակների և արտահագուստի պակասից: Նրանք բողոքի հավաք էին կազմակերպել հիվանդանոցում, և այս մասին տեղեկությունը տարածվել էր սոցցանցերում:

Միջամտել են ռուսաստանյան այդ հանրապետության իշխանությունները: Բժիշկներն ու բուժքույրերը պետական հեռուստաընկերության եթերում ներողություն են խնդրել՝ ասելով, թե սխալվել են, սակայն Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը սրանով չի բավարարվել և պահանջել է բողոքի ակցիային մասնակցած բոլոր բուժաշխատողներին ազատել աշխատանքից:

Կադիրովը հայտարարել է, թե Չեչնիայում անձնական պաշտպանության միջոցների և դեղերի բավարար քանակ կա ոչ միայն հանրապետության կարիքների համար, այլև հարևան շրջաններին օգնելու համար:

Աշխատանքից ազատվել է նաև Գուդերմեսի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, և նրա փոխարեն նշանակվել է Չեչնիայի նախկին փոխվարչապետը: Այս մասին սյուժե են ցուցադրել պետական հեռուստաընկերության եթերում: Դրանում մասնավորապես պատմում էին, թե իրականում ամեն ինչ կա հիվանդանոցում, սակայն գլխավոր բժշկի վատ աշխատանքի պատճառով՝ բոլոր բուժաշխատողները չէ, որ գիտեին այդ մասին:

Ռուսաստանում բժիշկները պարբերաբար բողոքում են թե՛ պաշտպանության միջոցների բացակայությունից, թե՛ նախագահ Վլադիմիր Պուտինի խոստացած հավելյալ վճարումների բացակայությունից:

Նախօրեին Պուտինը հեռավար խորհրդակցության ժամանակ նույնիսկ բարկացել էր պաշտոնյաների վրա և պահանջել, որ խոստացված հավելյալ վճարումները շտապ արվեն բոլոր բուժաշխատողներին, ովքեր պայքարում են կորոնավիրուսի դեմ:

Իսկ Մոսկվայի մարզի բլոգերները հաշվարկել են, որ մարզում ամենուրեք փակցված «Շնորհակալություն բժիշկներին» գրությամբ պաստառների համար մարզային իշխանություններն ավելի շատ գումար են ծախսել, քան կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին հավելյալ վճարումների համար:

XS
SM
MD
LG