Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյան. Կորոնավիրուսով 690 քաղաքացի թոքաբորբ ունի, 32-ը ծայրահեղ ծանր, 65-ը ծանր վիճակում են


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իրեն լավ է զգում, երկրորդ անգամ հավանաբար չի թեստավորվի, այս մասին նախարարը նշեց «Ազատության» հետ հարցազրույցի ժամանակ:

Երեկ հայտնի էր դարձել, որ Առողջապահության նախարարությունում հաստատվել է կորոնավիրուսի դեպք, ինքը` նախարարն ինքնամեկուսացել է, քանի որ կոնտակտի կոնտակտ է, թեստի արդյունքը բացասական է եղել:

Նախարարը հայտնեց` որոշ աշխատակիցներ ինքնամեկուսացել են, որոշները շարունակում են աշխատանքը:

Ներկայացնելով վարակակիրների ինքնազգացողության վերաբերյալ տվյալներ` Արսեն Թորոսյանը հայտնեց.- «Մոտ 700 հոգի ունենք թոքաբորբով արդեն, 690 եթե կոնկրետ ասեմ երեկ երեկոյան դրությամբ, ծայրահեղ ծանր վիճակում` 32 հոգի, ծանր վիճակում` 65 հոգի, և 11 քաղաքացի թոքերի արհեստական շնչառության սարքերին է միացված: Ընդհանուր առմամբ թվերի աճին զուգընթաց թոքաբորբ ունեցող քաղաքացիների թիվն աճում է, սակայն ծանրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը հարաբերականորեն կայուն է, ինչը արդեն լավ ցուցանիշ է, նաև թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվն էլ է տատանվում 10-ի շուրջ, դեռ դրանից ավելի չենք ունեցել, այսինքն` 11-ն ամենամեծ թիվն է, որ ունեցել ենք»:

«Ազատություն».- Պարո՛ն Թորոսյան, այս դեպքում կայուն, լավ ցուցանիշ ասելով հասկանում ենք վերակենդանացման բաժանմունքներում մահճակալային ֆոնդի բավարարելը, ճի՞շտ եմ:

Արսեն Թորոսյան.- Ե՛վ դա, և՛ նաև իհարկե պետք է խոստովանենք, որ ծայրահեղ ծանր պացիենտների ելքի տոկոսը: Ես նաև կարող եմ մի այլ վիճակագրություն ասել, որ այսօր ենք հաշվել, թե ծայրահեղ ծանր պացիենտների քանի տոկոսն է առողջանում, և քանի տոկոսն է դժբախտաբար մահանում: Այդ առումով էլ մենք բավական լավ ցուցանիշներ ունենք: Մեր 102 «ավարտված» դեպքերից, որոնք կամ առողջացել են, կամ մահացել են, որովհետև ուրիշ ելք չկա ծայրահեղ ծանր վիճակից, ունենք 46 տոկոս մահացություն, 54 տոկոս` առողջացում, ինչը իհարկե ես համարում եմ լավ ցուցանիշ:

«Ազատություն».- Այսօրվա պատկերով կանխատեսելի վատագույն սցենարը վարակակիրների ի՞նչ թիվ է:

Արսեն Թորոսյան.- Դա շատ անշնորհակալ գործ է ցանկացած երկրի համար, ես բազմիցս հրապարակել եմ նման թվեր, թե օրինակ` վատագույն սցենարը, որ կարող է լինել, օրինակ` 500 հազար վարակակրով, բայց ինչքան էլ որ շատանում է մեր վարակակիրների թիվը, առնվազն հաստատված դեպքերի մասին է խոսում, մենք նման թվեր դժվար թե ունենանք: Եվ տրանսֆորմացնելով մեր պայքարի գործիքները` մենք նույնիսկ հատուկ այդ մարդկանց գտնելու քաղաքականություն էլ չվարենք, որովհետև եթե ասիմպտոմ դեպքերը պետք է բուժենք տանը, արդեն այդտեղ երկրորդական է դառնում դրա լաբորատոր հետազոտության հանգամանքը և մինչև հաստատումը, դիագնոզը, և նույնիսկ դրանից հետո:

«Ազատություն».- Պարո՛ն նախարար, եթե ճիշտ եմ, վերջին օրերին մոտ 50 տոկոսով ավելի թեստավորում է արվում, ինչո՞վ է դա պայմանավորված, արդյո՞ք նոր օջախներ կան:

Արսեն Թորոսյան.- Իրականում մի կարևոր հանգամանք կա, որի մասին ես խոսել էի: Դա մեկուսացման վայրերից մեր քաղաքացիների դուրս գալն է, մենք այլևս չենք մեկուսացնելու քաղաքացիներին, և այս թեստերի մեծ թիվը պայմանավորված է քաղաքացիների մեկուսացումից դուրս գալով: Մենք բոլորին հանում ենք մեկուսացումից, և քանի որ նրանք մեկուսացված են եղել, թեստավորվում են մեծ քանակներով: Թիվը հավանաբար հազարի սահմաններում կպահպանվի:

«Ազատություն».- Վերջին տվյալներով` քանի՞ մարդ է մեկուսացած:

Արսեն Թորոսյան.- 934:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG