Մատչելիության հղումներ

Բաքվի ակտիվացումից Հայաստանն անհանգստանալու հատուկ առիթ չունի, կարծում է Հակոբ Բադալյանը


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, արխիվ
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, արխիվ

Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում, որի ուղղությամբ երեկ, ըստ Պաշտպանության նախարարության (ՊՆ), ադրբեջանական կողմը կրակ է արձակել, այս պահին հանգիստ է, «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալիխանյանը։

Ըստ Պաշտպանության նախարարության` երեկ` ժամը 14-ին, ադրբեջանական մարտական դիրքերից գյուղի ուղղությամբ կրակել են խոշոր տրամաչափի զենքերից, ինչի հետևանքով տներ են վնասվել:

«Գյուղի ուղղությամբ կրակոցներ են հնչել, վնասվել են տանիքներ, մեկ լուսամուտ, տան ներսի սենյակային պատ: Խոշոր տրամաչափի զենքով են կրակել գյուղի ուղղությամբ»,- ասաց Վահե Ալիխանյանը: Վերջինիս խոսքով` վիրավորված քաղաքացիներ չկան.- «Ոչ մի մարդկային վնասներ չունենք: Երեխաներն այդ ժամանակ բակում խաղալիս են եղել, ընտանիքի բոլոր անդամները (մեծահասակները) տանն են եղել այդ ժամանակ: Բարեբախտաբար, հանգիստ է գյուղում»:

Վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամն է, երբ ադրբեջանական կողմը կրակել է այս գյուղի ուղղությամբ, ասաց Ալիխանյանը:

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը «Ազատությանը» փոխանցեց՝ հայ դիրքապահներն ադրբեջանական կրակակետերի ուղղությամբ համապատասխան գործողություններ են ձեռնարկել, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը լռեցվել է.- «Սահմանին իրավիճակը կայուն հանգիստ է»:

Տավուշի մարզում` սահմանամերձ շրջաններում, վերջին անգամ լարված էր մարտի 30-ին: Ըստ ՊՆ-ի` հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ էր իրականացրել, ինչի հետևանքով հայ 2 զինծառայող էր վիրավորվել: Ադրբեջանական կողմը նաև թիրախավորել էր Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, երեխա էր վիրավորվել, իսկ ղարաբա-ադրբեջանական շփման գծում Արցախի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն` ադրբեջանական կողմը յուրաքանչյուր շաբաթ ավելի քան 100 անգամ խախտում է հրադադարի պայմանները:

Ապրիլի 29-ին էլ Պաշտպանության բանակի արևելյան` Մարտունու հատվածում ադրբեջանական զինուժը 60 միլիմետրանոց ականանետեր է կիրառել, ՊԲ ստորաբաժանումները կորուստներ չեն կրել:

Ադրբեջանը մայիսի 18-22-ը լայնածավալ ռազմական զորավարժություններ կանցկացնի` մինչև 10 հազար զինծառայողի մասնակցությամբ` հրետանու, զրահատեխնիկայի, հրթիռահրետանային համալիրների ու ավիացիայի ներգրավմամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն արդեն դատապարտել է այդ զորավարժության անցկացումը` այն որակելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող գործողություն: «Զորավարժությունը «տեղի է ունենալու համաշխարհային մարտահրավերի՝ COVID-19 համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտության պայմաններում և ի հեճուկս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի համաշխարհային զինադադարի հաստատման կոչին»,- ասված է ՊՆ-ի հայտարարության մեջ:

Արդրբեջանում կայանալիք լայնածավալ զորավարժությունը տեղի է ունենում առանց նախնական ծանուցման, ինչը վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառում հանդիսացող 2011թ. Վիեննայի փաստաթղթի անտեսման և կոպիտ խախտման հերթական դրսևորում է, պնդում է հայկական կողմը։ Պաշտպանության նախարարությունն ադրբեջանական կողմին կոչ է անում զսպվածություն դրսևորել և տեղեկացնում, որ զորավարժությունների ընթացքում հայկական կողմերի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի կամ կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ Ադրբեջանի ակտիվությունը որևէ հանգամանքով պայմանավորված չէ, Հայաստանի համար հիմա անհանգստանալու հատուկ առիթ չկա, այդուհանդերձ, քանի դեռ վերջնական խաղաղություն հաստատված չէ, պետք է զգոն լինել.- «Ադրբեջանի այսպես ասած` ավանդական քաղաքականության շրջանակում է, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի միշտ: Սովորաբար Բաքուն այդ ռազմական շանտաժի մարտավարությանը կամ դրա աշխուժացմանը դիմում է, երբ գտնվում է քաղաքական, դիվանագիտական ծանր վիճակում»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի շաբաթներ առաջ արած աղմկահարույց հայտարարությունը, թե այժմ փաստաթղթեր են քննարկվում, որոնք ենթադրում են ԼՂ հիմնախնդրի փուլային տարբերակով լուծում, ըստ Բադալյանի, վկայեց, որ քաղաքական իրավիճակը Ղարաբաղի շուրջ առաջին հերթին բարվոք չէ Բաքվի համար.- «Եվ դրա պարզ վկայությունն էլ նաև այն էր, որ Լավրովի հայտարարությունը իրականում Բաքվում առաջ բերեց իրենց արտգործնախարար Մամեդյարովի գործունեության հանդեպ դժգոհություն հենց իշխանական շրջանակներից»:

Բաքվի կողմից ռազմական շանտաժի հռետորաբանության ուժգնացումը, ըստ քաղաքական մեկնաբանի, հուշում է Ադրբեջանի համար քաղաքական, դիվանագիտական փակուղու մասին։

XS
SM
MD
LG