Մատչելիության հղումներ

Հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել է Բերքաբերի բնակչի տունը. հարուցվել է քրեական գործ. ՔԿ


Լուսանկարը` ՊՆ խոսնակի ֆեյսբուքյան էջից

Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը մարտական հենակետերից, ազգային, ռասայական կամ կրոնական շարժառիթով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի տների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով, հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից:

Արձակված կրակոցներից վնասվել են գյուղի տներից մեկի ննջասենյակի պատուհանը և միջնապատը։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է 12,7մմ տրամաչափի գնդակ։

Դեպքի առթիվ ՔԿ-ի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերի (երկու կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ:

XS
SM
MD
LG