Մատչելիության հղումներ

Վրաստանը 18 ավիաընկերությունների հետ չվերթները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերել


Վրաստան - Էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան Թբիլիսիի օդանավակայանում, արխիվ

Վրաստանը հայտարարում է, թե պայմանավորվածություն է ձեռք բերել արդեն 18 ավիաընկերությունների հետ` չվերթները վերսկսելու մասին: «Ըստ այդմ, տեղական շուկայում գործող 36 ընկերությունների կեսն արդեն համաձայնել են վերականգնել թռիչքները», - հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան:

«Իհարկե, դրանից առաջ մենք պետք է դիվանագիտական խողովակներով համաձայնության գանք օտարերկրյա կառավարությունների հետ` անվտանգության կանոնների ու սկզբունքների շուրջ: Սակայն, այս փուլում կարևոր է, որ ավիաընկերությունները, առաջին իսկ հնարավորության դեպքում, պատրաստ են վերադառնալ աշխատանքի, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք բացվել տուրիստական սեզոնի մեկնարկին», - ասել է նա:

Վրաստանը այլ երկրների հետ հաղորդակցությունը սառեցրել, չվերթները դադարեցրել էր մարտի 21-ից` կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս ընթացքում միայն չարթերային թռիչքներ էին իրականացվում` արտասահմանից Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար: Երեկ, հանդիպելով տրանսպորտի ոլորտի պատասխանատուների ու գործարարների հետ, էկոնոմիկայի նախարարը հայտարարել է` Թբիլիսին պատրաստ է մի քանի շաբաթից վերագործարկել զբոսաշրջային բիզնեսը:

«Եթե ամեն ինչ ընթանա ըստ մեր ծրագրած սցենարի, հունիսի 15-ից կվերսկսվի ներքին տուրիզմը, հուլիսի 1-ից` Վրաստան կարող են ժամանել նաև օտարերկրյա զբոսաշրջիկներ, այդ թվում` Ռուսաստանի քաղաքացիներ», - ասել է Տուրնավան:

Պաշտոնյաները, միաժամանակ, նշում են, որ մինչ այդ սահմանվելու են անվտանգության աննախադեպ կանոններ` կայարաններում, օդանավակայաններում տեղադրվելու են հատուկ նշաններ՝ սոցիալական հեռավորության նորմերը պահելու համար, ուղևորները պարտավորվելու են դիմակներ կրել ճանապարհորդության ողջ ընթացքում, Վրաստան ժամանելուն պես էլ` կորոնավիրուսի թեստ հանձնել:Ըստ պաշտոնյաների, ստուգումների համար կպահանջվի մոտ մեկ ժամ:

Աջարիայի տեղական իշխանություններն, իրենց հերթին, հաղորդել են` պատրաստվում են հունիսից արդեն բացել ծովափնյա տարածքները, պայմանով, որ հանգստացողները պահպանեն հեռավորության նորմերը:

«Մինչ այժմ համաճարակի դեմ մեր պայքարը արդյունավետ է եղել, ինչը թույլ է տալիս աստիճանաբար մեղմել սահմանափակումները», - հայտարարել է Վրաստանի կառավարությունը:

Փաստացի, պաշտոնական վիճակագրության համաձայն, երկրում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի մոտ 615 դեպք, մահացել է 10 մարդ: Երեկվանից կառավարությունը սկսել է վերագործարկել տնտեսությունը` բաց են բոլոր գործարաններն ու ձեռնարկությունները, ինչպես նաև առևտրի կենտրոնները՝ բացառությամբ հագուստի ու կոշիկի խանութների:

XS
SM
MD
LG