Մատչելիության հղումներ

Աշխարհում` COVID-19 հիվանդության ավելի քան 4 միլիոն դեպք


Սպիտակ տան աշխատակիցները պատրաստվում են Դոնալդ Թրամփի ճեպազրույցին, Վաշինգտոն, 11-ը մայիսի, 2020թ.

Կորոնավիրուսի հարուցած COVID-19 հիվանդության դեպքերի թիվը գերազանցել է 4 միլիոն 270 հազարը, մահացել է ավելի քան 287 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 1,5 միլիոն հիվանդ: Մեծ թվով երկրներում թուլացնում են կարանտինի սահմանափակումները:

Ամերիկան կհաղթի կորոնավիրուսի դեմ մղած պայքարում. Թրամփ

Միացյալ Նահանգներում իշխանությունը հայտնել է, որ մահերի իրական թիվը կգերազանցի նախկինում արձանագրված ցուցանիշը: Նյու Յորք քաղաքի առողջապահության պաշտոնյաների փոխանցմամբ, պաշտոնապես հաստատված COVID-19 ախտորոշումից մարտի 11-ից մինչև մայիսի 2-ը մահացել է 13 հազար 831 մարդ, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ վարակը դարձել է ևս մոտ 5 հազար մարդու մահվան ուղղակի կան անուղղակի պատճառը:

Երեկ երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ Ամերիկան կհաղթի կորոնավիրուսի դեմ մղած պայքարում:

«Մենք կհաղթենք այդ ահավոր թշնամուն: Մենք կվերականգնենք մեր տնտեսությունը և կվերահաստատենք գերազանցությունը: Այդ խոսքը հաճախ կլսեք, որովհետև դա է տեղի ունենալու: Մենք կթևակոխենք երրորդ եռամսյակ, և ամեն բան լավ կլինի, չորրորդ եռամսյակը և հաջորդ տարին պետք է շատ լավ լինեն, կարծում եմ, դա կլինի մեր արձանագրած ամենահաջող տարիներից մեկը, որովհետև կլինի ահավոր մեծ պահանջարկ, այս երկրում կա այն ոգին, որը քչերն են տեսել», - ասել է Թրամփը:

Մինչդեռ, նախագահը Սպիտակ տան պաշտոնյաներին կարգադրել է հետայսու կրել դիմակներ: Ի դեպ, Թրամփը Սպիտակ տան այն քիչ թվով մարդկանցից է, ով դիմակ չի կրում:

Աշխատակազմի երկու ներկայացուցչի մոտ կորոնավիրուսի ստուգումը դրական պատասխան է տվել, նրանցից մեկը փոխնախագահ Մայք Փենսի օգնականն է: Թրամփը, փոխնախագահը և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ պարբերաբար ստուգման են ենթարկվում:

Երեկվա ճեպազրույցը հերթական անգամ վերածվել է նախագահ-լրագրող առճակատման:

Թրամփին զայրացրել է լրագրողներից մեկի հարցը, թե ե՞րբ շարքային ամերիկացին կստանա Սպիտակ տան աշխատակիցների նման առանց քաշքշուկի արագ ստուգման ենթարկվելու հնարավորություն:

«Եթե մենք այստեղ չանենք ստուգումներ, մենք չենք հաղթի, եթե չանենք, դուք հաստատ կհարցնեք, թե ինչո՞ւ Սպիտակ տունը ներսում ստուգումներ չի անցկացնում», - արձագանքել է նախագահը:

Թրամփը պնդել է, որ Ամերիկան կորոնավիրուսի թեստերի հարցով աշխարհում առաջինն է, որ իշխանությունը ստեղծել է թեստերի լավագույն համակարգը, որի հետ չի կարող մրցել որևէ այլ երկիր:

Համառ լրագրողն էլ հետաքրքրվել է, թե ի՞նչ իմաստ ունի այս գլոբալ մրցակցությունը, եթե ամեն օր ամերիկացիներ են մահանում:

«Դե նրանք ամբողջ աշխարհում են մահանում, գուցե դա հարց է, որը պետք է հասցեագրեք Չինաստանին», - պատասխանել է ԱՄՆ նախագահը:

Դրան հաջորդել է լարված հարց-պատասխան: «Պարոն նախագահ, բայց ինչո՞ւ եք դա մասնավորապես ինձ ասում», - հարցրել է ասիական արմատներով ամերիկացի լրագրողը:

«Ես դա ասում եմ բոլոր նրանց, ովքեր այդ տհաճ հարցն են տալիս», - արձագանքել է Դոնալդ Թրամփը:

Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում աստիճանաբար թուլացնում են կարանտինը

Իսկ օվկիանոսից այս կողմ՝ կորոնավիրուսի ծանրագույն հարվածի ենթարկված Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում աստիճանաբար թուլացնում են կարանտինը: Նախապայմանն է՝ հանրային վայրում պահպանել սոցիալական հեռավորությունը և դիմակ կրել:

Տուրինի մոտ գտնվող Բորգեսեսիա ավանում վերաբացել են տարրական դպրոցը: Սա պիլոտային ծրագիր է, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ասել է, որ կրթական հաստատությունների հիմնական վերաբացումը նախատեսվում է սեպտեմբերին:

Հռոմում բացում են որոշ եկեղեցիներ: Քահանան պատարագ մատուցելիս կարող է դիմակ չկրել, բայց նշխար բաժանելիս դիմակը և ձեռնոցը կլինեն պարտադիր:

Հավատացյալները եկեղեցում առայժմ չեն կարող ողջագուրվել և մեկմեկու ձեռք սեղմել, երգչախմբեր չեն երգի:

Իսպանիայում եկեղեցի է բացվել Սևիլյայում, իսկ Մադրիդը, Բարսելոնան և Մալագան դեռ այսպես կոչված «զրո փուլում են», այնտեղ դեռ պահպանվում են կոշտ սահմանափակումները:

Գերմանիայում պատրաստվում են այս շաբաթ օրը վերաբացել Բունդեսլիգան:

«Բայերնի» ֆուտբոլիստները ժամանել են մարզական կենտրոն, բոլորը դիմակ են կրում և փաստացի 7-օրյա կարանտինի մեջ են:

Հանդիսականի մուտքն արգելված է, ստադիոնում ներկա կլինեն միայն թիմերը, տեխնիկական անձնակազմը, քիչ թվով պաշտոնյաներ և լրագրողներ:

Ռոբերտ Կոխի անվան վարակիչ հիվանդությունների ինստիտուտի փոխնախագահ Լարս Շաադեն ասել է, որ Գերմանիայում կորոնավիրուսի վտանգն էապես նվազել է, բայց դեռ չի անցել:

Այդ ինստիտուտը վարակներ հետազոտելու ասպարեզում աշխարհում ամենահեղինակավոր կենտրոններից է:

Լարս Շաադեի փոխանցմամբ՝ վտանգը կանցնի այն դեպքում, եթե մարդիկ գործեն գերագույն պատասխանատվությամբ:

XS
SM
MD
LG