Մատչելիության հղումներ

Պարետատնից չեն բացառում արտակարգ դրության երկարաձգումը


Պարետատնից չեն բացառում, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի:

Մայիսիս 14-ին երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը ավարտվում է, բայց ինչպես «Ազատությանը» փոխանցեց պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, հիմքերը, որոնց պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել, շարունակում են մնալ:

«Ուսումնասիրվում է երկարաձգումը, դիտարկվում է այդ հարցը և վերջնական որոշման մասին, իհարկե, երբ որ որոշումը լինի, արդեն կհրապարակվի: Երկարաձգման հավանականությունը կա, քանի որ այն հանգամանքները, որոնք բերել են արտակարգ դրության հաստատմանը, դեռևս չեն վերացել», - ասաց Հունանյանը:

«Ազատության» հարցին՝ խոսքը ևս մեկ ամսով երկարաձգելո՞ւ մասին է, Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակը պատասխանեց. «Ամենայն հավանականությամբ, ենթադրում եմ, որ այո: Կախված իրադրությունից, կախված զարգացումներից՝ մենք նորից կարող ենք գնալ սահմանափակումների խստացման, որի մասին պարետը մի քանի անգամ հայտարարել է, այնպես որ այս դրության պահպանումը այդ առումով նույնպես կարևոր է»:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Գևորգ Գորգիսյանն ասում է՝ վերջնական որոշում կկայացնեն նախագծին ծանոթանալուց հետո:

«Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ եթե մենք քաղաքացիներին սահմանափակումներով ավելի ենք աշխատանքի գնալու և թույլ չենք տալու աշխատել, ապա պետք է նրանք վստահ լինեն, որ որևէ կերպ պետությունն իրենց կաջակցի իրենց ապրուստի միջոցները գտնելու հարցում», - նշեց Գորգիսյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ից Արման Աբովյանը կարևորում է, որ տնտեսվարողների աշխատանքը չսահմանափակվի, ասում է՝ ակնհայտ է, որ համաճարակը դեռ երկար է շարունակվելու, և տնտեսությունը կարող է կոլապսի առաջ կանգնել:

«Համաճարակը, այո, շատ վտանգավոր է, ոչ ոք չի հերքում դա, բայց փաստացի մարդկանց հասցնել տնտեսական որոշակի ծանր վիճակի՝ սխալ է: Մենք ունենք մեր աչքի առջև Շվեդիայի օրինակը, մենք ունենք շատ ցայտուն Բելառուսի օրինակը, որոնք գնացին չսահմանափակման տնտեսական գործունեության ճանապարհով, և կարծես թե բոլոր երկրները կամաց-կամաց թեքվում են դեպի այդ օրինակները», - ընդգծեց Աբովյանը:

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունում սպասում են, թե ինչ կասի կառավարությունը, մինչ այդ չեն ցանկանում մեկնաբանել՝ արտակարգ դրության երկարաձգման կարիք կա, թե ոչ: Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվեց մարտի 16-ին, որը ևս 30 օրով երկարաձգվեց ապրիլի 13-ին:

Չնայած այսօրվա դրությամբ տնտեսական սահմանափակումների մեծ մասը հանվել է, փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խոսնակի փոխանցմամբ, արտակարգ դրությունը կառավարությանն ավելի ճկուն և արդյունավետ գործելու հնարավորություն կտա:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է՝ արտակարգ դրությունը երկարաձգելու հարցում առավել ճիշտ կկողմնորոշվի կառավարությունը, քանի որ ամբողջական տեղեկատվությանը հենց այնտեղ են տիրապետում, իսկ իրենք կշարունակեն հետևել, որպեսզի քաղաքացիների իրավունքները իրավական նման ռեժիմի ընթացքում չխախտվեն: Ասում է՝ անցնող ամիսներին ստացված ահազանգերի մեծամասնությունը, ոչ թե խախտված իրավունքների վերաբերյալ են եղել, այլ՝ իրազեկման պակասի հետևանք:

«Մենք խնդիրներ ենք նկատել աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցում, եթե կոնկրետ վերցնենք, մասնավորապես, կապված արձակուրդների տրամադրման, աշխատավարձերի վճարման և այլ հարցերի հետ, մանավանդ, պատկերացրեք, երբ մարդը մեկուսացման մեջ է գտնվում, հնարավորություն չունի դուրս գալու, իսկ եթե, մանավանդ, դա մասնավոր կազմակերպություն է և այլն, ապա այդտեղ նույնպես խնդիրները ավելի մեծանում են, առավել ևս՝ մենք նաև գործարարների իրավունքներին ենք ուշադրություն դարձնում: Մյուս խումբ խնդրիները վերաբերում են, օրինակ, մեկուսացման մեջ գտնվող անձանց կարիքներին: Օրինակ՝ մենք դեպքեր ունենք, երբ մարդը մեկուսացման մեջ է, բայց գարնանացանով, եղանակով պայմանավորված, հատկապես եթե գյուղից է, անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի տուն գնա կամ տանն ինքնամեկուսանա, մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ նման դեպքերում, որպեսզի ապահովենք դա», - ասաց Թաթոյանը:

XS
SM
MD
LG