Մատչելիության հղումներ

Մարուքյանը և Թանդիլյանը Ստեփանակերտում հանդիպել են Արցախի ղեկավարության հետ


Լուսանկարը՝ Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականի

Արցախում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը և կուսակցության անդամ, Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը: Այսօր Ստեփանակերտում նրանց ընդունել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և Արցախի խորհրդարանական կապերի զարգացմանը, ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

Սահակյանը կարևորել է Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել երկու խորհրդարանների համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ Արցախի 7-րդ գումարման խորհրդարանի հետ այդ կապերն ավելի կխորանան՝ հատկապես խմբակցությունների և մշտական հանձնաժողովների մակարդակում:

Մարուքյանը գոհունակություն է հայտնել Արցախի խորհրդարանի հետ այս տարիներին ձևավորված համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել՝ ստեղծված հարաբերությունները շարունակել զարգացնել և հասցնել նոր մակարդակի: Նա նաև բարձր է գնահատել Ղուլյանի դերը Արցախում ժողովրդավարության կայացման և միջխորհրդարանական կապերի զարգացման գործընթացներում:

Թանդիլյանը ևս ընդգծել է երկու խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը և Արցախի հարցում համահայկական միասնականության ամրապնդման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում և Արցախում COVID-19-ի հասցրած վնասների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG