Մատչելիության հղումներ

Եվրադատարանը բավարարել է Խադիջա Իսմայիլովայի հերթական հայցը


Ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովա, արխիվ
Ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովա, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի հերթական հայցը՝ անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման և արդար դատավարության իրավունքի ոտնահարման վերաբերյալ: Դատարանը Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է 6 հազար եվրո վճարել որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Ստրասբուրգյան դատարանի որոշման մեջ նշվում է, որ գործը կապված է Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցներում լրագրողի արժանապատվությունը ոտնահարող հրապարակումների հետ: Տեղական դատարանները կարճել են այդ մասին Իսմայիլովայի բողոքները:

Ադրբեջանի իշխանավորների ունեցվածքի բացահայտումներով հայտնի լրագրողը 2012 թվականին անհայտ անձանց կողմից սպառնալիքներ պարունակող նամակ էր ստացել, որում նաև նրա անձնական կյանքին վերաբերող մանրամասներ կային՝ լուսանկարներ, տեսագրություն, որն արվել էր լրագրողի ննջասենյակում՝ սիրեցյալի հետ սեռական ակտի ժամանակ: Հետագայում այդ տեսանյութերը նաև համացանցում էին հայտնվել։ Դրան հաջորդել էր Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցների կողմից լրագրողին վարկաբեկող ռեպորտաժների շարքը, որոնցում Իսմայիլովային մեղադրում էին հակակառավարական գործունեության, անպարկեշտության, ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի մեջ:

2015-ին լրագրողը 7,5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով ֆինանսական մեքենայությունների մեջ: Մեկուկես տարի բանտում անցկացնելուց հետո Իսմայիլովան միջազգային կառույցների ճնշման արդյունքում ի վերջո պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց:

XS
SM
MD
LG