Մատչելիության հղումներ

«Սա բժիշկների կռիվն է, և բժիշկները պետք է հաղթանակեն այս պատերազմում»


Կամավորները հիվանդանոցի մուտքի մոտ, մարտ, 2020թ.
Կամավորները հիվանդանոցի մուտքի մոտ, մարտ, 2020թ.

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց մեկ օր անց 27-ամյա Սեյրան Բաղդասարյանը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում որպես կամավոր է ներգրավվել։

«Նորքի ինֆեկցիոնում գտնվում եմ մարտի 17-ից, կամավոր, օգնում եմ բուժանձնակազմին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:

«Ես հանդիսանում եմ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում կլինիկական օրդինատոր, և կարանտինը հայտարարելուց հետո, բնականաբար, ուսումը դադարեցվեց, և ես որոշեցի օգնեմ այլ կերպ: Ես էստեղ ընդունարանում եմ գտնվում, օգնում եմ ընդունարանի բժիշկներին», - նշեց Սեյրան Բաղդասարյանը՝ շարունակելով. - «Տեսնելով այն անձանց, ովքեր գալիս են մի քիչ մտածմունքներով, տագնապի մեջ մարդիկ, ովքեր դեռ չեն պատկերացնում՝ խնդիրը ինչումն է, կամ իրենք ինչ հիվանդության հետ են առնչվում, մարդկանց օգնել` թե' էմոցիոնալ և թե՛ առողջական օգնություն ցուցաբերելը, իհարկե, շատ մեծ պատիվ է առաջացնում իմ մեջ, և ցանկությունս շատ մեծ է՝ օգնել մինչև վերջ բժիշկներին, հասնել հաղթանակի: Սա բժիշկների կռիվն է, և բժիշկները պետք է, իհարկե, վերջում հաղթանակեն այս պատերազմում»։

Միակ դժվարությունը, ըստ կամավորի, լարված աշխատանքն է, «քանի որ երբեմն լինում է հիվանդների շատ հոսք, և այդքանը պետք է հասցնել ուղղակի բոլորին ընդունել և բուժմիջամտություն անել»:

Հիվանդանոցներից բացի՝ մի քանի հարյուր կամավորներ աշխատում են նաև մեկուսարաններում։ Մյասնիկ Մարգարյանն արդեն 28 օր է, ինչ գտնվում է Երևանի մեկուսարաններից մեկում։

«Հենց նկատեցի, որ էդպիսի խնդիր կա, ես արագ փորձեցի ներգրավվել աշխատանքներին: Իմ կարծիքով՝ բժիշկը միայն դիպլոմով չպետք է լինի, այլ՝ տեսակով, ու միանգամից ես արձագանքելով՝ որոշեցի միանամ էդ աշխատանքներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարգարյանը:

«Աշխատանքն իր մեջ ներառում է ոչ միայն բժշկական մաս, այլ նաև, պատկերացրեք, սնունդ բաժանելուց սկսած մինչև ցանկացած տեխնիկական հարցի էլ մենք փորձում ենք արագ արձագանքել։ Սկսած ամենաբարդ խնդրից՝ հոգեբանական խնդրից, որ առաջին երկու օրը մենք շատ մեծ, էսպես ասած, հոգեբանական աջակցություն ենք փորձում տրամադրել մեր բուժառուներին, որպեսզի իրենք կարողանան տրամադրվել, ու անընդհատ իրենց կողքին ենք, որ պատկերացնեն, կարողանան իրենց սոցիալական պատասխանատվությունը, որ կոչված է, իրենք պահպանեն», - պատմեց կամավորը:

Մյասնիկ Մարգարյանն իր աշխատանքը դադարեցրել է, այս պահին զբաղվում է միայն կամավորությամբ։ Այս օրերին ընտանիքին չի տեսել, նրանց հետ շփվում է միայն հեռախոսով։

«Բնականաբար, զգում ես էդ կարոտը, ցանկությունը գնալու, բայց մենք հիմա չենք կարող [մեզ] թույլ տալ գնալ, որովհետև էստեղ մեր կարիքն ունեն», - շեշտեց Մարգարյանը:

Մեկ այլ մեկուսարանում էլ ապրիլի 15-ից կամավոր է Արփինե Հովհաննիսյանը։ Պատրաստ է կամավորություն անել այնքան ժամանակ, քանի դեռ վարակի վտանգը չի չեզոքացել։

«Հասկացել եմ, որ պետք ենք յուրաքանչյուրս էս պահին, որպեսզի կարողանանք օգնել մեր հայրենակիցներին: Երբ որ երեկոյան զանգ է գալիս, մենք պատասխանում ենք, ու շնորհակալություն են հայտնում մեր ղեկավարությանը մեր մասին՝ կամավորների թիմի մասին, դա մեզ ավելի ոգեշնչում է, էդ է երևի, որ մեզ պահում է այստեղ: Մինչև վերջին օրը ես պատրաստ եմ մնալ, երբ որ կզգամ, որ իմ օգնությունը էլ պետք չի, կարիք չկա իմ օգնության, ես ինքնակամ կգնամ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG