Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեմ պայքարում կամավորների պակաս չկա


Առողջապահության նախարարության հասարակայության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանի փոխանցմամբ, մարտի 16-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար կամավորներ հավաքագրելու մասին նախարարության հայտարարությունից հետո ստացվել է մոտ 4000 հայտ:

Օգնել ցանկացողների բանակն ընդամենը մի քանի օրերի ընթացքում այնքան է մեծացել, որ գրանցումն արդեն փակել են. – «Այս պահի դրությամբ, չնայած մենք հայտարարեցինք, որ արդեն շնորհակալ ենք, արդեն ունենք գրեթե բոլոր ուղղություններով կամավորներ գրանցված, բայց էլի զանգում են, էլի գրանցվում են մարդիկ, որոնք պատրաստ են իրենց թեկուզ փոքրիկ ներդրումն ունենալ: Հիմնականում բժշկական հանրությունն է` բժիշկներ, բուժքույրեր, նաև Բժշկականի ուսանողներ: Բայց քիչ չեն մարդիկ, որոնք իրենց ծառայությունն են առաջարկում ՏՏ ոլորտում, շինարարական գործերում, վարորդներ»:

Բաբախանյանն ասաց, որ այս պահին դեռ ոչ մեծ թվով կամավորների աջակցության կարիքն ունեն, սակայն ուրախ են, որ այսպիսի մեծ արձագանքն է եղել:

Ծրագրավորող, Երևանի պետհամալսարանի ասպիրանտ Արամ Ղարիբյանը առաջիններից մեկն էր, որ արձագանքեց Առողջապահության նախարարության կոչին: Հենց նա է առաջարկել ու ստեղծել պարզ մի հարթակ՝ բոլոր կամավորների տվյալների բազան: Ղարիբյանն ասաց, որ կամավորները պատրաստ են ամեն ինչ անել, որ ինքնամեկուսացումը գործի:

«Իրականում չեմ կարծում, որ եսիմ ինչ մեծ գործ եմ արել, որովհետև մեծ դժվարություն չի ներկայացնում նման բան ստեղծելը: Բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ այս օրերին բոլորիս փոքր լուման շատ կարևոր է վիրուսի հաղթահարման համար: Բոլորին ուզում եմ շնորհակալությունս հայտնել` կամավորն, նաև բուժաշխատողներին: Մայրս «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհի է, ու տեսնում եմ, թե այս օրերին ինչ ծանր աշխատանք են կատարում»:

Մարդիկ արագ ինքնակազմակերպվում են նաև անկախ Առողջապահության նախարարության կոչերից: Օրեր առաջ դիմակների սակավությունը դարձավ պատճառ, որ Էջմիածնում Արմեն Աբրահամյանն իր ընտանիքի ու ընկերների ջանքերով սկսի կարել բժշկական դիմակներ և անվճար բաժանել իր համաքաղաքացիներին:

«Արդեն հինգերորդ օրն է, որ սկսել ենք դիմակներ արտադրել: Նշեմ, որ բոլորը ստերիլիզացվում են հիվանդանոցային պայմաններում: Առաջին օրը արտադրել ենք 56 հատ, հիմա հասել է 3 հազար 500 հատի: Կարողանում ենք ապահովել Էջմիածին քաղաքի հիվանդանոցը` 150 հատ, պոլիկլինիկան, ծննդատունը, ոստիկանության ստորաբաժանումներին ենք բաժանում: Մնացածը բաժանում ենք քաղաքացիներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արմենը:

Իրեն աջակցելու ու գործը կիսելու կոչերին միացել են նաև շատ տարբեր բնակավայրերից. – «Միացողներ շատ են եղել: Զանգում թոշակառուներ, ասում են հազար դրամով, երեք հազար դրամով.... Ո՞նց կարամ ես նրանցից գումար վերցնեմ: Բայց շատ ուրախացա, որ շատ-շատ մարդիկ` տաքսու վարորդներ... ոչ թե մեծահարուստներ, այլ այն հասարակ մարդիկ` միջին խավը կանգնեց կողքիս, ու կարողաում են 3500 հատ օրեկան արտադրել: Այս պահի դրությամբ կուզենայի ոչ թե գումարով մեզ օգնեին մեր քաղաքացիները, ոչ մատերիալով»:

Արմեն Աբրահամյանի կոչին հետևելով՝ էջմիածնի շրջանի Նորակերտ համայնքից Արսեն Արթենյանը որոշել է միանալ նախաձեռնությանը, ստացել է կտորը և մի քանի հարյուր հատ դիմակ ուղարկել էջմիածին. – «Համացանցում տեսանք, որ Արմեն անունով մեկը արդեն նախաձեռնել էր այդ ամեն ինչը: Ու փորձեցինք միանալ, իրեն օգնողներ էին պետք, կարողներ: Որոշեցինք միանալ: Մաման կարի մեքենա ունի, մաման անում ա էդ ամեն ինչը, մենք էլ օգնում ենք, վերջում ստանում ենք էդ դիմակները»:

Հետո արդեն Նորակերտի գյուղապետն է առաջարկել իրենց միջոցներով համայք համար դիմակներ կարել: «Հիմա կարում ենք գյուղացիների համար», - ասաց Արթենյանը:

Նրա փոխանցմամբ, ստերիլիզացումն տանն են անում տարբեր վարսահարդարման կամ մատնահարդարման պարագաներով:

Դիմակներից բացի, նաև ախտահանող միջոցների որոշակի սղություն էր նկատվում. բժշկական սպիրտ կամ ալկոգել դժվարությամբ է ճարվում: Արմավիրցի պատգամավոր Նարեկ Մկրտչյանն ասում է, որ մարզի հետ կապ ունեցող գործարարների ջանքերով ձեռք են բերել ալկոգել: Իսկ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը տրամադրել է իր ծիրանի օղու սպիրտը:

«300 լիտր ալկոգել, ոը շշալցվեց 1200 տարաներում, ինչպես նաև հազար տարա սպիրտ բաժանեցինք ժողովրդին, Էջմիածնի առավել խոցելի ընտանիքներին, ծերերին, մանկահասակ երեխաներ ունեցողներին: Նաև պետք է ուրախությամբ նշեմ, որ մեր բուժանձնակազմի համար պրոֆեսիոնալ բժշկական արտահագուստ համաճարակների դեմ պայքարի համար նախատեսված ժամեր անց Միացյալ Նահանգներից կլինի Հայաստանում: Դա նույնպես կփոխանցենք Առողջապահության նախարարությանը, նրանք ըստ նպատակահարմարության կբաժանեն: Քսան արտահագուստ, բայց խիստ պրոֆեսիոնալ արտահագուստ, որը նախատեսված է, որպեսզի համաճարակների դեմ պայքարի ժամանակ բուժաշխատողները կիրառեն: Իսկ հիմա բանակցությունների մեջ ենք Էջմիածին քաղաքի հիվանդանոցի համար շարժական ռենտգեն սարքավորում ձեռք բերելու շուրջ», - ասաց Նարեկ Մկրտչյանը:

Ֆինանսների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունը պետությանը այսօր ժամը 18:00-ի դրությամբ 121 միլիոն դրամից ավելի է եղել, կատարվել է մոտ 700 վճարում:

XS
SM
MD
LG