Մատչելիության հղումներ

«Միքայել Մինասյանը ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաև մի շարք այլ ընկերություններում». Մանե Գևորգյան


Վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Գևորգյանը նշել է, որ այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։

«ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։ Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ», - հայտնում է վարչապետի խոսնակը։

Նա ընդգծել է՝ վարչապետը ակնկալում է, որ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը և Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ։

Ավելի վաղ արած հայտարարությունում Մանե Գևորգյանը նշել էր, թե կառավարությունը տեղեկություններ ունի, որ «UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է»:

Այս հայտարարությանը արձագանքել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյան գրասենյակը՝ նշելով. «Ի դեպ, լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով»:

XS
SM
MD
LG