Մատչելիության հղումներ

Հայաստանը մերժել է սպառնալիքի գործոնը բանակցային գործընթացում, պնդում է Զոհրաբ Մնացականյանը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, արխիվ

Ապրիլյան պատերազմի կրկնություն չի լինելու, Հայաստանը կտրականապես մերժել է սպառնալիքի գործոնը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այսօր Ազգային ժողովում հայտարարեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի նախօրեին արված ռազմաշունչ հայտարարությանը.- «Մենք չենք կարող ստեղծել իրավիճակ, երբ որ մեր ժողովրդի համար անվտանգության համակարգը դառնում է խոցելի»:

Երկու օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե կտրուկ մեծացել է ռազմական գործողությունների վերսկսման հավանակությունը, ինչը պայմանավորված է հայկական կողմի սադրիչ գործողություններով: Նա հանձնարարել է ուժեղացնել հետախուզության բոլոր տեսակներն առաջնագծում։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Մնացականյանի խոսքով` անհնար է պատկերացնել իրական առաջընթաց բանակցություններում, եթե լարվածություն կա.- «Չենք հավատում, որ հնարավոր է ռեալ պրոգրես ունենալ, երբ որ քեզ առաջարկվում է, որ հնարավոր է մեկ ձեռքով բանակցել, մյուս ձեռքով կրակել: Խստորեն պնդում ենք` հնարավոր չէ»:

Հայաստանի իշխանությունները բանակցային գործընթացին կառուցողական են տրամադրված.- «Այդ մեթոդով շարունակում ենք, բայց կառուցողական չի նշանակում, որ մենք կարող ենք աշխատել մի իրավիճակի մեջ, երբ որ մեզ համար, մեր ազգային շահերի համար ստեղծվում է վտանգ, ստեղծվում է անընդունելի իրավիճակ»:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծում է` 2016-ի ապրիլյան իրադարձությունների, առավել ևս 90-ականների պատերազմի կրկնություն չի լինելու, և Հայաստանի իշխանությունները վճռական են այս հարցում: Նա վստահեցնում է՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հիմնվում է փոխզիջման սկզբունքի վրա.- «Չի կարող որևէ մեկը սպասել, որ Հայաստանը որևէ քայլ կատարի, որը համադրելի չէ, որը ենթադրում է զիջում, և որը վնասում է մեր ազգային անվտանգությանը: Սրանք շատ էական են, ուղղակի մնալ սառնասիրտ և հանգիստ»:

Գլխավորը Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն է, ընդգծում է նախարարը.- «Մեր դիրքերը շատ-շատ ավելի ամուր են, և ես շատ հանգիստ եմ զգում, ի դեպ, այդ առումով որովհետև ընդհանուր առմամբ մեր հասարակության մեջ ես գնահատում եմ, որ կա կոնսենսուս այս ամենի շուրջ, որը էլ ավելի ամրապնդում է մեր դիրքերը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարության բուն շարժառիթն այդ երկրում առկա իրավիճակն է՝ ներիշխանական հակասությունները, ուժայինների և դիվանագիտական որոշ շրջանակների միջև մրցակցությունը.- «Դա, իհարկե, չի նշանակում, որ մենք պետք է թերագնահատենք այդ հայտարարությունները և քիչ ուշադրություն դարձնենք: Այստեղ հայկական կողմի անելիքը միարժեք է` մշտապես պատրաստ լինել ռազմական տեսանկյունից և այդպես չեզոքացնել պատերազմի վտանգը և նաև քաղաքական առումով բավական օպերատիվ արձագանքել այսպիսի մարտահրավերներին»:

Բադալյանը արտգործնախարար Մնացականյանի այսօր արված հայտարարությունները կոշտ է համարում.- «Երևանը ցույց տվեց, որ պատերազմական շանտաժն ինչ շարժառիթով էլ, որ արվում է Բաքվից, չի կարող աշխատել, և սա, կարծում եմ, Երևանի համար շատ կարևոր գիծ է, որը պետք է պահել»:

Մեկնաբանի կարծիքով` Ադրբեջանի ղեկավարությունը հիմա պատերազմական գործողություններ վերսկսելուն չի գնա, քանի որ ռազմական գործողություններ սկսելու համար արտաքին լեգիտիմության միջավայր չկա.- «Միջավայր, որն այն ժամանակ էապես ապահովել էր Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը իր փաստացի հակահայ քաղաքականությամբ, որ վարվում էր մինչև 2016-ի ապրիլյան քառօրյան: Ներկայումս Ռուսաստանը մի շարք առումներով զսպված է Բաքվի և Թուրքիայի հետ այդօրինակ գործակցությունը վերսկսելու հարցում»:

Հինգ օր առաջ` ապրիլի 29-ին, Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնեց՝ շփման գծի արևելյան հատվածում հակառակորդը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետեր, այդուհանդերձ Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: Հատկանշական է՝ վերջին անգամ ադրբեջանական զինուժը հայկական կողմի ուղղությամբ ականանետեր էր կիրառել 2019-ի հունիսին։

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանն «Ազատությանը» հայտնեց՝ այս պահին շփման գծում հանգիստ է.- «Որևէ լարվածություն չկա, և մտահոգիչ տեղաշարժեր կամ կուտակումներ ևս չկան»:

XS
SM
MD
LG