Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 3 մլն 550 հազարը, բուժվել է շուրջ 1 մլն 150 հազար, մահացել՝ 248 հազար մարդ


ԱՄՆ - Կորոնավիրուսով վարակված հերթական պացիենտն է հոսպիտալացվում, Ռիվիր, Մասաչուսեթս, ապրիլ, 2020թ.
ԱՄՆ - Կորոնավիրուսով վարակված հերթական պացիենտն է հոսպիտալացվում, Ռիվիր, Մասաչուսեթս, ապրիլ, 2020թ.

Աշխարհում հայտնաբերված COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 3 միլիոն 550 հազարը, ավելի քան 248 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ, բուժվել է շուրջ 1 միլիոն 150 հազարը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե հավատում է, որ Միացյալ Նահանգները «մինչև տարեվերջ» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կունենա, չնայած առողջապահության պատասխանատուների այն զգուշացումներին, որ անվտանգ պատվաստանյութ մշակելը՝ չհաշված դրա զանգվածային արտադրության հասնելու փուլը, կարող է առնվազն մեկ տարի տևել:

Թրամփը ձգտում է գործարկել աշխարհի խոշորագույն տնտեսությունը վերաբացելու ծրագիրը, քանի որ գործազրկությունը երկրում աճում է, իսկ տնտեսական աճը՝ նվազում՝ սահմանափակումների պատճառով:

Միացյալ Նահանգներում գրանցված COVID-19-ի դեպքերի թիվը մոտենում է 1,2 միլիոնին, ինչն ամբողջ աշխարհում ընդհանուր հաստատված դեպքերի մեկ երրորդն է կազմում, ԱՄՆ-ում ավելի քան 68.5 հազար մահվան դեպք է արձանագրվել:

Իտալիայում վերջին մեկ օրվա ընթացքում 174 մարդ է մահացել՝ սա վերջին երկու ամիսների ընթացքում ամենացածր ցուցանիշն է երկրում:

Ֆրանսիայում ևս վերջին 4 շաբաթների ընթացքում մահացածների և վարակվածների թվերը նվազում են, վերջին մեկ օրում մահվան 135 դեպք է գրանցվել: Մարտի 24-ից Ֆրանսիայում գործող արտակարգ սանիտարական դրությունը կերկարաձգվի ևս երկու ամսով, շաբաթ օրը հայտարարել է երկրի առողջապահության նախարարը:

XS
SM
MD
LG