Մատչելիության հղումներ

Արարատյան դաշտավայրում եռուզեռ է, տանը նստել չեն կարող


Համաճարակ լինի, չլինի, գործ անող գյուղացին պետք է աշխատի. Արարատյան դաշտավայրում կորոնավիրուսից չեն բողոքում։ Համավարակը գյուղացիների վրա առանձնապես չի ազդել, ասում է գյուղատնտես Բագրատունի Ազատյանը: Նա իր պտղատու այգում արդեն հասցրել է կարևոր աշխատանքերն անել։

«Արդեն սպասում ենք առաջին բերքին, հենա բերքն ունենք էս տարի, ընդհանուր նորմալ է»,- ասում է նա:

Այս պահին որևէ խնդիր չունեն, սակայն ամռանը շաբաթը երկու-երեք օր ոռոգման ջուր չեն ունենում դաշտերում: Ազատյանն այս օրերին ծառերի էտման աշխատանքի մեջ է:

Այդուհանդերձ պարարտանյութի անհրաժեշտություն կա, դիմել են կառավարությանը` կորոնավիրուսի հետևանքների վերացման աջակցության ծրագրին մասնակցելու համար.- «Կարող ա քիչ տան, կարող ա չտան, կարող ա էտ մի միլիոնն էլ լրիվ տան, բայց նենց ա` մենք դրա կարիքն ունենք էլի էսօր, իրոք ունենք դրա կարիքը»:

Կարեն Մանուկյանն այսօրվա աշխատանքն արել էր, ցեխոտ ճանապարհով վերադառնում էր դաշտից: Վստահեցրեց` ամեն ինչ նորմալ է, գործն առաջ է գնում, լավ բերքի ակնկալիք ունի.- «Նպատակ ունեմ, որ հող առնեմ, շատացնեմ այգին, խաղողի մաթ եմ մթերել, մի 10 հազար հատ մաթ եմ մթերել, սպասում եմ, որ վարկ վերցնեմ, հող առնեմ, այգիս շատացնեմ: Աշխատող մարդը ոչ մի բանի կարիք էլ չունի, ստեղծող մարդը ոչ մի բանի կարիք էլ չունի»:

Այստեղից քիչ հեռու կանաչ սոխ էին հավաքում, այս աշխատանքին մասնակցող Վարդան Մելքոնյանը դժգոհություններ էլ առանձնապես չունի.- «Հիմա դիզվառելիք ա պետք, պարարտանյութ ա պետք: Որ կառավարությունը զրո տոկոսով վարկեր տա, կառնենք: Պարարտանյութը թանկ է»:

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ողջ ընթացքում էլ աշխատել են, ասաց նույն գործն անող Յուրիկ Մելքոնյանը, բայց այժմ գումարի կարիք ունեն.- «Վարկի կարիք ունենք, ցածր տոկոսով որ տան, կառնենք: Դիմում ես, նայած ումը ոնց են ընդառաջում, ոնց են տրամադրում: Կա, որ մարդիկ մի թեթևակի խնդիրներ ունեն, չեն միջնորդում»:

Արդեն դիմել են նոր վարկի համար, այժմ պատասխանի են սպասում։ Ասում է` անցած տարի սոխն արտահանվեց, լավ էր, այժմ իրադրությունն այլ է.- «Աշխատանքի համեմատ ինքնարժեքը շատ թույլ է: Մինուսը հետո կերևա, հլա տարին նոր ա սկսվել, մենակ հլա որ ծախսվում է»:

«Մենք միայն արևի կարիք ենք զգում, մնացածն ունենք»,- հավաստիացնում է գյուղատնտես Գևորգ Շերոյանը: Լոլիկ, ցորեն, խաղող աճեցնող, պտղատու ծառեր ունեցող Շերոյանը այս պահին աջակցության կարիք չունի, փոխարենն ասում է՝ ինքն է օգնում ուրիշներին, գյուղացիների խնդիրն էլ բնության հետ է կապված.- «Մեզ ոչ մի բանով չի խանգարում առաջին հերթին այս պահի դրությամբ, առայժմ չի խանգարում, որովհետև մենք ազատ աշխատել ենք: Մեր խնդիրը միայն անձրևներն են, որ խանգարում են»:

Անձրևները որքան էլ խանգարում, այնքան էլ օգնում են, լավ բերքի անկնալիք ունեն.- «Անձրևը բերում է հողին բերրիություն, անձրևը բերում ա, հողին հղիացնում ա, այ սենց խոսք ունենք: Երբ որ ուզում ես սերմը գցես հողը, պետք է անպայման զգացվի` որ պահն է նրան այդ հողը սերմը ուզում, այդ պահին սերմը տաս»:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքերի չեզոքացման կառավարության 2-րդ ծրագրով համաֆինանսավորմամբ գյուղվարկեր են տրամադրվում մինչև 1 միլիոն դրամի չափով:

XS
SM
MD
LG