Մատչելիության հղումներ

3 միլիոն դրամը կապահովի Բավրայի հնդկացորենի գործարանի վերագործարկումը

Բավրայում երեք տարի առաջ բացված հնդկացորենի վերամշակման գործարանը չի աշխատում՝ հումքի բացակայության պատճառով: «Նոր հատիկ» կոոպերատիվի տնօրեն Կորյուն Սումբուլյանն ասում է՝ նախորդ տարվա բերքը ցրտահարվել ու փչացել է:

«Անցած տարի ցրտահարություն եղավ, հումք չունեցանք, հնդկացորենները ցրտահարվեցին: Մինչև այդ էլ արդեն ինչ-որ բաներ գիտեիք, որ հակամրցակցային պայմաններ ստեղծվեց մեր արտադրանքի համար, ինչպես միշտ գյուղատնտեսությունը ճգնաժամի առաջ կանգնեցնելու պրոֆեսիոնալներ կան հանրապետությունում»,- նշեց նա:

Հայաստանում հնդկացորենի վերամշակման երկու գործարան կա, մեկը՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղում, մյուսը՝ Շիրակի մարզի Բավրայում։ Երկուսն էլ բացվել են երեք տարի առաջ Եվրամիության և ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ։ Ծովագյուղի գործարանը, որն ավելի փոքր է, գործում է, իսկ ահա Բավրայի կոոպերատիվի տնօրենը պնդում է՝ աշխատանքը շարունակելու համար անհրաժեշտ աջակցությունը չի ստացել ո՛չ կառավարությունից, ո՛չ բանկերից։

Սումբուլյանի խոսքով՝ ծրագիր է գրել, ներկայացրել, որ ընդամենը 3 միլիոն դրամ տրամադրեն, ու գործարանը շարունակի աշխատել, սակայն մերժվել է.- «Ես նրանցից էլ ընդամենը 3 միլիոն եմ ուզել, սրանցից էլ 3 միլիոն դրամ ընդամենը, շրջանառու միջոց կանխիկի պակասի պատճառով մի տեղից այդ կանխիկը պիտի բերես էլի: Ցանքսեր ենք արել, աշխատողներ: Կանխիկի պակասը լրացնելու համար վարկ 3 տարի չեն տվել, 3 միլիոն դրամ այս գործարանի համար չեն տվել, չեմ էլ կարողացել ստանալ ոչ մի կերպ: Ոչ մի բան էլ չեն հիմնավորել: Անասնապահություն չի, իրենք չեն հասկանում: 3 միլիոն դրամ կանխիկի պատճառով 800 տոննա ապրանքը հնդկաձավար դարձնելու դարձավ անասնակեր ընդամենը, 100 դրամանոց անասնակեր»:

«Նոր Հատիկ» կոոպերատիվի տնօրենը պնդում է՝ եթե խոշոր ներկրողները չխանգարեին, ապա երկու գործարանները կկարողանային ապահովել ողջ երկրի հնդկացորենի պահանջարկի 50 տոկոսը.- «Մեզ պետք է ընդամենը 14 հազար հեկտար տարածք, որպեսզի մի 2... 14 հազար հեկտար եթե ուզենք, մենք մեր շրջանում կգտնենք, որպեսզի 2 գործարաններն ամբողջությամբ աշխատեն ու 50 տոկոսն ապահովեն ներկրման, հանրապետությունում իրականացվող հնդկաձավարի սպառման 50 տոկոսը կապահովենք, այսպես ասեմ: 17 թվականի հուլիսի 14-ին բացումը եղավ: Այն ժամանակ արդեն գինն իջեցրին 200 դրամ, դա նույնիսկ անհնարին սուտ է, որ այդ գնով կամ ինքնարժեքն այդքան լինի»:

Հարցին` արդարացվա՞ծ է այս արտադրությունը Հայաստանում նա պատասխանեց.- «Իհարկե, արդարացված է, եթե ինքնարժեքից 200 դրամ ցածր չպահանջեն գինը: Սա մի կողմից լավ եղավ էս ճգնաժամը, որ հասկանան` ինչ է տեղական հումքի ունենալն ու արտադրելը»:

Չնայած դժվարություններին Սումբուլյանը չի հիասթափվել ու շարունակելու է հնդկացորեն ցանել.- «Ես հնդկացորեն նորից ցանելու եմ, ես հիմնականում դրա վրա եմ աշխատում, որովհետև արդեն 20 տարի է` ցանում եմ»:

500-ից մի փոքր ավելի բնակիչ ունեցող ցրտաշունչ Բավրայում, սակայն, ոչ բոլորն են պատրաստ հետևել Սումբուլյանի օրինակին։ Լևոն Պավլեյանն ասում է՝ ժամանակին ցանել ու տուժել է, ռիսկի կդիմի միայն մի դեպքում.- «Եթե հենց պետությունն ինձ հետ պայմանագիր կապի, կառավարությունն ինչ հետ պայմանագիր կապի, խոսքի եթե ես ցանել եմ, հնձեմ, գան, ինձնից առնեն, տանեն: Այդ դեպքում կցանենք, ինչի՞ չենք ցանի»:

Լևոնի ազգականը՝ Հակոբ Պավլեյանը հրաժարվել է հնդկացորեն մշակելու գաղափարից, սկսել է այլ մշակաբույսեր ցանել.- «Հիմա ուզում եմ ավյոզ ցանել, իրացման խնդիրն է հիմնականում»:

Բավրացիները պնդում են՝ եթե պետությունը աջակցի, ոչ միայն հնդկացորեն, այլ նաև ոլոռ, սիսեռ ու ոսպ կարող են աճեցնել իրենց ցրտաշունչ գյուղում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG