Մատչելիության հղումներ

Երևանի զբոսայգիներն ու փողոցները մարդաշատ են


Երևանի զբոսայգիներն այս օրերին մարդաշատ են։ Էրեբունու թաղապետարանի հարևանությամբ գտնվող այգում զբոսնում կամ հանգստանում են հիմնականում հարակից տների ու շենքերի բնակիչները։

«Նոր-նոր, որ տանից դուրս ենք գալիս, երեխայի պատճառով, որ էլ տունը չի սթրվում, այստեղ մոտակայքում ենք ապրում: Դե հոգնել ենք, բայց դե աշխատում ենք տանից դուրս չգանք, վախենում ենք շատ: Անգամ ընկերուհիներ, բարեկամներ այդպես չշփվել»,- ասում է քաղաքացիներից մեկը:

Այստեղ խաղացող երեխաներն էլ ասում են` տանը բան չկա անելու, ընկերներին էլ կարոտում էին, դուրս են եկել:

«Երեկվանից եմ բալիկի հետ սկսել զբոսայգի գալ, մեղք է երեխան նախ, հետո արև է, խի՞ տունը մնա...»,- նշում է մեկ այլ քաղաքացի:

Այսօր մարդաշատ էր նաև Դավիթաշենի գլխավոր պողոտան՝ Տիգրան Պետրոսյանը։ Այստեղ մարդիկ զբոսնում էին, գնումներ անում, հեծանիվ քշում։ Թաղամասի բնակիչներից մեկի խոսքով՝ այստեղ մարդիկ կարծում են, թե կարանտինը ոչ թե տանը մնալն է, այլ քաղաքի կենտրոն չգնալը.- «Պահելով անվտանգ վիճակը` դուրս ենք գալիս` չշփվելով, երեխեքին ենք մաքուր օդի հանել»:

Ինչպես միշտ մարդաշատ էր նաև Կասկադը։ Այստեղ զբոսնում էին ոչ միայն հարակից շենքերի բնակիչները, այլև քաղաքի տարբեր մասերից եկած մարդիկ.- «Կրճատ աշխատանքային ժամով աշխատել եմ, փոքրիկին պահել եմ, փորձել եմ հնարավորինս շատ խահել տանը...Ավելի խիստ ենք պահպանելու, շփումն ավելի ենք կրճատելու»:

Սրճարաններից մեկի դռները բաց էին, այստեղ վաճառում էին սուրճ՝ տանելու համար.- «1-2 հոգուց ավել չենք թույլատրում, եթե շատ են լինում, խնդրում ենք դրսում սպասել, մինչև պատրաստ կլինի մյուս պատվերը»:

Այսօր քաղաքի տարբեր թաղամասերում «Ազատությանը» հանդիպած մարդկանց շրջանում քիչ չէին նաև նրանք, որոնք նշում էին, որ կորոնավիրուսն իրենց համար մտացածին է, իսկ զրույցը շարունակելու դեպքում հղում էին անում տարբեր դավադրությունների մասին տեսությունների.- «Ոչ թե չեմ վարակվի, այլ հենց մտածում եմ, որ ինքը չկա, ու այո, հենց ես չեմ վարակվի: Ես հավատում եմ, որ հենց չկա, գոյություն չունի այս վարակը»: Հարցին` ինչո՞ւ է այդ դեպքում մեկուկես ամիս քաղաքացին տանը մնացել, նա պատասխանեց.- «Ուղղակի քանի որ բոլոր վայրերը փակ էին, տեղ չկար գնալու, զուտ դրա համար»:

Մեկ այլ քաղաքացու կարծիքով.- «Ժողովրդի մոտ այդքան հավատ չի առաջացնում էլի կորոնավիրուսի պրոցեսը: Ես էլ հակված եմ նրան, որ սա մի մեծ համաշխարհային ավանտյուրա է, որ մեր իշխանություններն էլ ստիպված ներքաշվել են այդ գործընթացի մեջ: Իմ պատկերացումներով` չկա»:

XS
SM
MD
LG