Մատչելիության հղումներ

Պաշտոնական Թբիլիսին շարունակում է դիվանագիտական ճնշում գործադրել Կիևի նկատմամբ


Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո պատասխանում է լրագրողների հարցերին, Կիև, 24-ը ապրիլի, 2020թ.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում նշանակման հեռանկարները գնալով ավելի մշուշոտ են դառնում: Վրաստանի նախկին ղեկավարին պատասխանատու պաշտոն վստահելուն դեմ են հանդես գալիս թե՛ Թբիլիսիում և թե՛ Կիևում:

Այսօր Սաակաշվիլիին ուկրաինական կառավարության կազմում ընդգրկելուն կտրականապես դեմ հանդես եկավ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Ցավում եմ, որ Սաակաշվիլիի հնարավոր նշանակման պատճառով երկու երկրների միջև արդեն իսկ վստահության դեֆիցիտ է ի հայտ գալիս: Կարծում եմ, որ Վրաստանի և Ուկրաինայի ռազմավարական գործընկերությունը և փոխադարձ շահերը պետք է վեր լինեն բոլոր տեսակի մասնավոր քաղաքական հաշվարկներից ու անձնական հավակնություններից», - նշում է Զուրաբիշվիլին այսօր տարածած հայտարարության մեջ՝ հավելելով. - «Չնայած դրան՝ մեր ռազմավարական գործընկերն այժմ քննարկում է Վրաստանի երեք դատական մակարդակներում մեղավոր ճանաչված Միխեիլ Սաակաշվիլիին բարձր պաշտոնի նշանակելու հարցը: Դա չի կարող չառաջացնել վրացական հանրության և իշխանությունների հիմնավորված մտահոգությունն ու կտրուկ արձագանքը»:

Սաակաշվիլիի հնարավոր նշանակման մասին գրեթե նույն ոճով է արտահայտվում նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարներից մեկը` Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Որոշողն, իհարկե, ուկրաինացիներն են: Բայց մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ մեր ռազմավարական դաշնակից համարվող պետության ղեկավարները պատրաստվում են բարձր պաշտոն վստահել Վրաստանում դատված մի մարդու, ապա կարելի է արձանագրել, որ տեղի ունեցողն առնվազն վիրավորական է», - հայտարարում էր Կալաձեն:

Չի բացառվում, որ վրացական իշխանությունների նման կտրուկ արձագանքն ու մտավախությունն առնվազն վաղաժամ են: Կիևի քաղաքական շրջանակներում ևս Սաակաշվիլիի նշանակումը լուրջ հարցեր է առաջացնում, որոնք, սակայն, կապված են առավելապես ներուկրաինական օրակարգի, այլ ոչ թե Սաակաշվիլիի դեմ Վրաստանում հրապարակված դատավճիռների հետ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բարեփոխումների և միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների գծով փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկով Միխաիլ Սաակաշվիլիին դիմել էր անցած շաբաթ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ պաշտոնում նրա առաջադրման մասին գրությունը նախագահի աշխատակազմից Գերագույն ռադա էին ուղարկել դեռ ապրիլի 24-ին:

Երեկ, մինչդեռ, կիևցի լրագրող Յուրի Բուտուսովը, իր աղբյուրները վկայակոչելով, Ֆեյսբուքում գրել էր, որ Սաակաշվիլիի առաջադրման գրությունը խորհրդարանից հետ է կանչվել:

Strana.ua կայքի տեղեկություններով՝ նախապես ենթադրվում էր, որ Սաակաշվիլիի նշանակման հարցը պետք է ընդգրկվեր Ռադայի` վաղը մեկնարկող արտահերթ նիստի օրակարգում: Խորհրդարանի աշխատակազմից, այնուհանդերձ, հաղորդել են, որ օրակարգում նման հարց ընդհանրապես չկա:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Սաակաշվիլիի նշանակմանը դեմ են հանդես գալիս Ուկրաինայի երեք բարձրագույն պետական պաշտոնյաներից երկուսը` վարչապետ Դենիս Շմիգալը և խորհրդարանի խոսնակ Դմիտրի Ռազումկովը: Վերջինս երեկ հայտարարել է, թե իր համոզմամբ` «Ուկրաինայում Սաակաշվիլիից բացի բարեփոխումներ իրականացնելու ունակ այլ գործիչներ ևս կան»:

Ինչ վերաբերում է վարչապետ Շմիգալին, ապա նա, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, երեկ զանգահարել է Ռադայի մի շարք ազդեցիկ պատգամավորների` հորդորելով նրանց չքվեարկել Սաակաշվիլիի թեկնածության օգտին:

Կիևի քաղաքական շրջանակներում նշում են, սակայն, որ տվյալ պահին Սաակաշվիլիի նշանակմանը խոչընդոտող գլխավոր գործոնը այս ողջ պատմության նախաձեռնողի` նախագահ Զելենսկու կրավորական կեցվածքն է: Նախագահի աշխատակազմը վերջին օրերին որևէ կերպ չի փորձում ազդել խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ժողովրդի ծառա» խմբակցության անդամների վրա:

Որպես հետևանք, չնայած օրենսդիրների հետ մի քանի օր շարունակված երկարատև քննարկումներին, Սաակաշվիլին այս պահին իր կողմն է կարողացել գրավել խմբակցության 248 անդամներից միայն 100-ին:

Միխեիլ Սաակաշվիլիի` Կիևում բնակվող մերձավոր զինակից Դավիթ Սակվարելիձեի խոսքով, մինչդեռ, իրենք վստահ են` պատգամավորներն ի վերջո քվեարկելու են Սաակաշվիլիի օգտին:

«Կարծում եմ, որ այն շփոթվածությունը, որն ի սկզբանե առկա էր «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավորների շրջանում՝ կապված Սաակաշվիլիի նման խոշոր տրամաչափի գործչի ասպարեզ դուրս գալու հետ, ի վերջո կանցնի: Պատգամավորները պետք է ի վերջո կայացնեն ամենաարդյունավետ և պրագմատիկ որոշումները: Ես չեմ ասում, որ Սաակաշվիլին հրաշքներ կգործի, բայց որևէ մեկը չի կասկածում, որ նա կկարողանա նոր լիցք հաղորդել շարքային ուկրաինացիների կյանքի բարելավմանը, գործարար միջավայրի խնդիրների լուծմանը, ինչպես նաև միջազգային կառույցների` մասնավորաբար Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցություններին», - նշում էր Սակվարելիձեն:

XS
SM
MD
LG