Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի նշանակումը Թբիլիսիում մեծ հավանականությամբ ընկալվելու է ոչ բարեկամական ու անընդունելի քայլ. դեսպան


Ուկրաինա-Միխեիլ Սաակաշվիլին «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո զրուցում է լրագրողների հետ, 24-ը ապրիլի, 2020թ.

Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր նշանակումը Թբիլիսին շատ վատ է ընդունել: Երեկ երեկոյան «Մտավարի արխի» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Վրաստանը խորհրդակցությունների նպատակով Ուկրաինայից հետ է կանչել իր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին:

Այսօր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մասամբ է հաստատել այդ լուրը` ասելով, թե դեսպանը հնարավոր է` հետ կանչվի, եթե Սաակաշվիլին նշանակվի Ուկրաինայի փոխվարչապետ.- «Եթե նման որոշում ընդունվի, մենք նվազագույնը Կիևից հետ կկանչենք դեսպանին` խորհրդակցությունների նպատակով»,- ասել է նա լրագրողներին:

Վարչապետը շեշտել է, որ Վրաստանի ռազմավարական գործընկերոջ կողմից կտրականապես անընդունելի է բարձր պաշտոնի նշանակել մի անձնավորության, ով Վրաստանում դատապարտված է բավականին ծանր հանցագործությունների համար և գտնվում է հետախուզման մեջ:

Կիևում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում ասել է, թե Սաակաշվիլիին Ուկրաինայի փոխվարչապետ նշանակելը Վրաստանում մեծ հավանականությամբ կարող են ընկալել ոչ բարեկամական և անընդունելի քայլ:

«Դուք գիտեք, որ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի պետության, Վրաստանի արդարադատության կողմից մեղավոր է ճանաչվել (քրեական գործերով), ու նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: Ժամանակին Վրաստանը դիմել է ուկրաինական կողմին նրան ձերբակալելու և արտահանձնելու համար, փոխանցվել են քրեական գործերի նյութերը: Դրանից բացի, այդ մարդը Վրաստանի օրինական իշխանությունը ուժով տապալելու բազմաթիվ կոչեր է հնչեցրել: Այս ամենի ֆոնին Սաակաշվիլիի նշանակումը Թբիլիսիում ամենայն հավանականությամբ կընդունեն որպես ոչ բարեկամական և անընդունելի քայլ ռազմավարական գործընկերոջ կողմից»,- ասել է Ուկրաինայում Վրաստանի դեսպանը:

Նա նշել է, որ ուկրաինական կողմը տեղեկացված է այդ հարցում Վրաստանի դիրքորոշման մասին: Բարձր գնահատելով վրաց-ուկրաինական հարաբերությունները` դեպանը հույս է հայտնել, որ ռազմավարական գործընկերը ուշադրություն կդարձնի Սաակաշվիլիի հանդեպ վրացական կողմի դիրքորոշմանը, անցյալում կատարած նրա հանցագործություններին, որոնք հաստատված են դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռներով:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սաակաշվիլիին առաջարկել է փոխվարչապետի պաշտոն՝ բարեփոխումների գծով: Այդ պաշտոնում նրան պետք է հաստատի խորհրդարանը, որն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել: Մամուլը գրել էր, թե այսօրվա նիստում ակնկալվում է նրա թեկնածության քննարկում և հաստատում: Սաակաշվիլին Գերագույն ռադա էր այցելել, բայց նրա հարցն օրակարգում չկար:

Սաակաշվիլին լրագրողներին ասել է, որ տարբեր պատգամավորների հետ հանդիպումներ է ունեցել, քվեարկությունը տեղի կունենա ըստ ընթացակարգի, և ինքը կներկայացնի բարեփոխումների իր ծրագիրը:

Փոխվարչապետի պաշտոնում Սաակաշվիլիի թեկնածության քննարկումները դեռ ընթանում են խմբակցությունների մակարդակով: Երեկ նա հանդիպել է խորհրդարանական մեծամասնության` «Ժողովրդի ծառա» խմբակցության հետ: Այդ հանդիպմանը Սաակաշվիլին ասել է, թե Ուկրաինան տնտեսական ճգնաժամի մեջ է մտնում, անհրաժեշտ է ոչ սովորական գործողություններ գտնել տնտեսությունը փրկելու, յուրաքանչյուր ընտանիքին սպասվող հարվածը մեղմելու և ընդհանրապես երկիրը փրկելու համար:

«Նախագահն ինձ հանձնարարել է զբաղվել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցություններով: Մեզ անհրաժեշտ են շատ ավելի հստակ բանակցություններ Եվրոպային ինտեգրվելու համար, բայց ոչ թե ինչ-որ բյուրոկրատների, այլ մեր պայմաններով»,- ասել է Սաակաշվիլին «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավորներին:

Խմբակցության փոխնախագահ Ալեքսանդր Կոռնիենկոն ասել է, թե Սաակաշվիլիին փոխվարչապետ նշանակելու հարցը հավանաբար քվեարկության կդրվի ապրիլի 28-ին կամ 29-ին:

Կառավարություն վերադարձող Սաակաշվիլին նախկինում բավականին լարված հարաբերություններ ուներ ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ: Նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի իշխանության ժամանակ ևս Սաակաշվիլին մի որոշ ժամանակ նրա խորհրդականն էր, այնուհետև նշանակվել էր Օդեսայի նահանգապետ: Պորոշենկոյի մասնակցությամբ տեղի ունեցած մի խորհրդակցության ժամանակ Ավակովն ու Սաակաշվիլին վիճաբանել էին, ու Ավակովը բաժակի ջուրը շփել էր նրա վրա:

Երեկ ուկրաինական HB հեռուստաընկերության հարցացրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպես է նույն կառավարությունում աշխատելու Ավակովի հետ, Սաակաշվիլին ասել է, թե չի պատրաստվում նրա հետ կոնֆլիկտի մեջ մտնել: «Հիմա դրա ժամանակը չէ»,- ասել է նա:

«Ներքին գործերի նախարարությունը նախագահի նոմենկլատուրան է: Բարեփոխումների փոխվարչապետի և Ներքին գործերի նախարության աշխատանքները չեն հատվում: Դրանք բոլորովին տարբեր ուղղություններ են: Հիմա շատ բարդ իրավիճակ է, կոնֆլիկտները միայն կարող են այն խորացնել, ես պատրաստվում եմ աշխատել, այլ ոչ թե հակասությունների մեջ մտնել»,- ասել է Սաակաշվիլին Ավակովի հետ ապագա հարաբերությունների մասին:

Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին իշխանության փոփոխությունից հետո 2013 թվականից դուրս է եկել հայրենիքից: Նրա հանդեպ Վրաստանում ծանր հոդվածներով քրեական գործեր են հարուցվել, դատարանը նրան կալանելու որոշում էր ընդունել: 2015-ին Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պետրո Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն շնորհեց և նշանակեց Օդեսայի նահանգապետ: Մեկ տարի անց նրանց հարաբերությունները վատթարացան, Սաակաշվիլին պաշտոնանկ արվեց, ավելի ուշ զրկվեց Ուկրաինայի քաղաքացիությունից և վտարվեց երկրից: Նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է նրան քաղաքացիությունից զրկելու հրամանագիրը, և անցած տարվա մայիսին Սաակաշվիլին վերադարձել է Ուկրաինա:

XS
SM
MD
LG