Մատչելիության հղումներ

Պուտինն այս շաբաթ կորոնավիրուսի վերաբերյալ նոր հայտարարությամբ հանդես կգա


Ռուսաստան - Մոսկվայի փողոցներն ախտահանվում են, 24-ը ապրիլի, 2020թ.

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ հայտնել է, որ այս շաբաթ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի վերաբերյալ նոր հայտարարությամբ հանդես կգա:

Պեսկովի խոսքով՝ կարանտինային ռեժիմից դուրս գալը Ռուսաստանում փուլային է լինելու:

Ռուսական մի շարք աղբյուրներ հայտնել են, որ Պուտինը հայտարարություն կանի երեքշաբթի օրը:

Հիշեցնենք՝ մարտից Ռուսաստանի նախագահն ինքնամեկուսացվել է, և նրա բոլոր խորհրդակցություններն անցնում են տեսակապի միջոցով:

«Ես կարծում եմ, որ այս շաբաթ մենք կլսենք պետության ղեկավարի նոր հայտարարությունները մեր հեռանկարների գնահատականներով», - “Россия 1”հեռուստաընկերության «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրում հայտնել է Պեսկովը՝ հավելելով, թե կարանտինային ռեժիմից Ռուսաստանը փուլ առ փուլ է դուրս գալու:

Ռուսաստանցիների մեծ մասը, հիշեցնենք, արդեն շուրջ մեկ ամիս է չեն աշխատում: Երկրի ղեկավարը նրանց ուղարկել էր վճարովի արձակուրդի մինչև ապրիլի 30-ը, սակայն քանի որ երկրում չի հայտարարվել արտակարգ դրություն, նրանց աշխատավարձերը մեծամասամբ վճարում են գործատուները:

Ռուսաստանի մի շարք քաղաքներում և շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում և Մոսկվայի մարզում, գործում է կարանտինային խիստ ռեժիմ: Մարդկանց արգելված է տնից դուրս գալ՝ միայն բժշկի, դեղատուն կամ խանութ: Քաղաքային տրանսպորտից և սեփական ավտոմեքենաներից օգտվելու համար մոսկվացիները պետք է ստանան հատուկ անցագրեր:

Ռուսական աղբյուրները երեկ գրել են, որ Պուտինն, ամենայն հավանականությամբ, կարանտինը կերկարաձգի մինչև մայիսի 11-ը կամ 12-ը:

Կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը Ռուսաստանում դեռ չեն նվազել: Այսօրվա տվյալներն օպերատիվ շտաբը դեռ չի հրապարակել: Երեկվա տվյալներով, օրինակ, մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6 հազարից ավելի դեպք էր արձանագրվել՝ ընդհանուր թիվը մոտենում էր 81 հազարին, մահացածներինը՝ 750-ին: Երկրում համաճարակի էպիկենտրոնը Մոսկվան է, որտեղ կորոնավիրուսից օրական տասնյակ մարդիկ են մահանում:

Երեկ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսը չի շրջանցել նաև Ռուսաստանի զինված ուժերը՝ շուրջ 900 զինծառայող վարակվել է:

Իսկ Ռուսաստանցի տնտեսագետներն ահազանգում են, որ էներգակիրների գների ռեկորդային անկման և համաճարակի պատճառով երկրի տնտեսությունը պարզապես կոլապսի մեջ է:

XS
SM
MD
LG