Մատչելիության հղումներ

Վրաստանում կորոնավիրուսի համաճարակը «հասել է գագաթնակետին»


Վրաստան - Բուժաշխատողները Թեթրիցղարոյում ջերմաչափում են իրականացնում, 26-ը ապրիլի, 2020թ.
Վրաստան - Բուժաշխատողները Թեթրիցղարոյում ջերմաչափում են իրականացնում, 26-ը ապրիլի, 2020թ.

«Վրաստանում կորոնավիրուսի համաճարակը հասել է գագաթնակետին», - երեկ Թբիլիսիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեն: Նրա խոսքով` կորոնավիրուսի հերթական զանգվածային բռնկումը տեղի է ունեցել երկրի հարավում` Թեթրիցղարո քաղաքում: Այս բնակավայրում և հարող գյուղերում նախորդ օրերին իրականացված թեստերը 19 վարակակիր են հայտնաբերել, որոնց թվում, ըստ վրաց համաճարակաբանի, նաև բժիշկներ կան:

«Այժմ մենք վերլուծում ենք Թեթրիցղարոյից ստացվող տեղեկությունները` փորձելով հասկանալ նաև այդ բուժաշխատողների վարակման հանգամանքները` արդյոք պատճառները կապված են նրանց աշխատանքային գործունեությա՞ն հետ, թե՞ զուտ կենցաղային են: Մեկ բան, սակայն, ակնհայտ է՝ մեծ քաղաքներում սոցիալական տարածություն պահպանելու պահանջներին շատ ավելի լուրջ են վերաբերվում, քան գյուղական շրջաններում», - նշում էր Իմնաձեն:

Վերջին պաշտոնական տեղեկությունների համաձայն` կիրակի երեկոյան Վրաստանում 485 վարակակիր կար, 6 մարդ մահացել է: Ընդամենը երկու օրում վարակակիրների թիվը երկրում աճեց 54-ով: Նման կտրուկ աճի բավական ուշագրավ բացատրությամբ հանդես եկավ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան:

«Երեկ, ի տարբերություն նախորդ օրերի, երկրի մասշտաբներով բավական մեծ թվով մարդիկ են թեստավորվել: Առաջիկա օրերին, սակայն, թեստավորումը նույնքան ագրեսիվ բնույթ չի կրի, և հուսով եմ՝ ցուցանիշներն էլ այլ կլինեն», - հայտարարում էր Էզուգբայան:

Վրաստանի առաջատար համաճարակաբաններից մեկի այս հայտարարությունն անտարբեր չթողեց ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք լուրջ կասկածներ ունեն, որ անցկացվող թեստերի քանակը կամայականորեն ավելացնելով կամ նվազեցնելով` Վրաստանի իշխանությունները փորձում են մանիպուլացնել կորոնավիրուսի տարածման ազգային վիճակագրությունը:

«Էզուգբայայի հայտարարությունն իրոք շատ մտահոգիչ է և լուրջ հարցերի տեղիք է տալիս: Մասնավորաբար, թե որն է նրա գլխավոր նպատակը` վարակակիրների իրական թվի բացահայտո՞ւմը, թե՞ արհեստական վիճակագրությունը», - նշում է ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժման» քաղխորհրդի անդամ Թինա Բոկուչավան:

Բժիշկներին ուղղված այս քննադատությանն արագորեն հակադարձեցին իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները:

Խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն, օրինակ, Ֆեյսբուքի իր էջում գրեց, թե «բժիշկներին ուղղված քննադատությունը և առկա սահմանափակումները թուլացնելու կոչերը քաղաքական դիակապտություն են»:

Վրացական ընդդիմությունը, այդուհանդերձ, վստահ է` իշխող կուսակցության ներկայացուցիչները նման կտրուկ հայտարություններով հանդես են գալիս միայն մեկ նպատակով` հանրության ուշադրությունը սեփական սխալներից շեղելու համար:

«Քաղաքականապես սնանկացած այս իշխանությունը թաքնվում է բժիշկների մեջքի հետևում: Իշխանությունը դա անում է մի իրավիճակում, երբ ի վիճակի չէ հոգալ այդ նույն բժիշկների կենսական կարիքները` հատուկ համազգեստների, թեստերի կամ տեղափոխման կազմակերպման տեսքով», - նշում էր «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անդամ, առողջապահության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին:

XS
SM
MD
LG