Մատչելիության հղումներ

Վրաստանի Մառնեուլի շրջանի գյուղացիները բողոքում են կարանտինի դեմ


Վրաստան-Բողոքի ակցիա Մառնեուլիում, 22-ը ապրիլի, 2020թ.

Վրաստանի հիմնականում ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանում գյուղացիները բողոքի ակցիաներ են անցկացրել կորոնավիրուսի համավարակի պատճառով իշխանությունների մտցրած խիստ սահմանափակումների դեմ:

Մի քանի գյուղերի բնակիչներ, անտեսելով կարանտինի ռեժիմը, Շուլավերի գյուղի մոտ, որը նաև երկաթուղային կայարան է, երեկ փակել էին հիմնական մայրուղին: Այդ բնակավայրում նաև հարյուրավոր հայեր են ապրում: Ցուցարարները դժգոհել են, որ խիստ սահմանափակումների պատճառով չեն կարողանում իրացնել իրենց գյուղմթերքը:

«Մենք մինչև ականջները պարտքերի մեջ ենք, անձամբ ես բանկին 35 հազար լարի եմ պարտք, իսկ իմ 20 հազար լարիի ապրանքն արդեն փտել է: Թբիլիսիի խանութներում վարունգը 10 լարի է, մենք 1 լարիով ենք վաճառում, բայց իշխանությունները խուլ են: Մենք մեր աշխատանքի արդյունքներով կերակրում ենք խոզերին: Ինձ նման հազարները կան: Մեր բոլոր տները բանկերում հիպոթեկի տակ են»,- բողոքել է ցուցարարներից մեկը:

Նրանց հետ հանդիպման են եկել Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին և Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին: Սահմանափակումների դեմ գյուղացիների բողոքը սկսել է քաղաքական երանգավորում ստանալ: Նահանգապետն սկսել է վիճաբանել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Ահմեդ Իմամկուլեևի հետ:

«Սա քաղաքական ակցիա է»,- սկսել է նահանգապետը` ասելով, թե եղել է շրջանի գյուղերում, հանդիպել ֆերմերների հետ, բայց սա այն ֆորմատը չէ, որտեղ ինքը պետք է զրույցի մեջ մտնի: Ցուցարարները սկսել են բացականչել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անունը, հայտարարել են, թե իրենց պետք չեն նահանգապետի դատարկ խոստումները: Նահանգապետը պնդել է, որ բողոքի ակցիան կազմակերպել է նախկին նախագահի «Միացյալ ազգային շարժումը», իրենք Մառնեուլիում միջոցառումներ են անում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, բայց նրանք ցանկանում են, որ շատ զոհեր լինեն, որպեսզի դժգոհություններն աճեն, ու տապալեն իշխանությանը:

Նա խոստացել է, որ տեղացիների գյուղմթերքն ամբողջությամբ կիրացվի: Թբիլիսիից գնորդներն արդեն դուրս են եկել, չնայած պահանջարկ չկա, բայց կգնեն տեղացիների գյուղմթերքը, ասել է Շոթա Ռեխվիաշվիլին` շեշտելով, թե «այլևս չի ցանկանում մասնակցել այդ դիմակահանդեսին»:

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, այժմ պատգամավոր Իրաքլի Կոբախիձեն հայտարարել է, թե Մառնեուլիի ցույցը կազմակերպել է Սաակաշվիլի կուսակցությունը: «Դա հանցագործություն է, և մենք պետք է նրանց զգուշացնենք, որ չխաղան կրակի հետ»,- ընդգծել է նա:

Քաղաքագետ Գեորգի Գոբրոնիձեն ասել է, որ եթե կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով շարունակվեն աբսուրդի հասնող սահմանափակումները, ապա Մառնեուլիի իրադարձությունները կարող են կրկնվել երկրի այլ շրջաններում:

«Եվ պետք չէ քաղաքական շարժառիթների ինքնախաբեությամբ զբաղվել: Մարդիկ հոգնել են հեռանկարից, իսկ ընդդիմությունը պարզապես արձագանքում է` փորձելով միավորներ հավաքել: Մարդիկ տեսնում են ներմուծված ապրանքներով լեցուն հիպերմարկետներ, իսկ տեղական արտադրանքի կրպակները փակվում են տեղաշարժի սահմանափակումների պատճառով: Մարդիկ ցանկանում են հավատալ, որ կարանտինը մտցվել է համավարակը կանխելու համար, այլ ոչ թե իշխանությունների մերձավոր գործարարներին հարստացնելու նպատակով»,- ասել է Գեորգի Գոբրոնիձեն` նշելով, որ Մառնեուլիի կարանտինի ռեժիմը խախտվել է իշխանությունների անգործության հետևանքով, և մեծ հավաքը կորոնավիրուսի նոր բռնկման ռիսկ է ստեղծել:

Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ղեկավար Թենգիզ Կալանդաձեն ասել է, որ Մառնեուլիի ցուցարարների հետ բանակցություններն ավարտվել են, գյուղմթերքի վաճառքի գները համաձայնեցվել են, հարցը դրական է լուծվել, և ցուցարարները չեն պատրաստվում շարունակել բողոքի ակցիաները:

Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում, որտեղ ընդհանուր առմամբ մոտավորապես 150 հազար մարդ է ապրում, Վրաստանի իշխանությունները կարանտինի խիստ ռեժիմ են սահմանել մարտի 23-ից սկսած, երբ այնտեղ արձանագրվեցին կորոնավիրուսի առաջին դեպքերը:

Վրաստանի իշխանություններն իսկույն արձագանքել են Մառնեուլիի գյուղացիների բողոքներին: Չնայած նրանց հիմնական պահանջը չի կատարվել` կարանտինը չի չեղարկվել կամ մեղմացվել, բայց Թբիլիսիից բեռնատար մեքենաներ են ուղարկվել Մառնեուլի` տեղացիների գյուղմթերքը գնելու համար: Հիմա այնտեղ հերթեր կազմակերպվում, որ գյուղացիները բոլորը միասին չհավաքվեն: Նահանգապետն ասել է, որ յուրաքանչյուր գյուղում ցուցակներ են կազմվում, որպեսզի գյուղմթերք վաճառողները հերթով մոտենան բեռնատարներին, յուրաքանչյուրը վաճառի իր ապրանքըև հեռանա:

«Ինչն այսօր կատարվում է, և ինչ երեկ տեղի ունեցավ, տագնապալից է, որովհետև կարանտինը շատ է խախտվում»,- ասել է նահանգապետը: Իսկ Մառնեուլիի տեղական խորհրդի` Սակրեբուլոի փոխնախագահ Մամուկա Նավերյանին ասել է, որ այսօր 2 բնակավայրի հերթն է:

Վրաստանում պաշտոնական տվյալներով հաստատվել է կորոնավիրուսի 420 դեպք, մահացել է 5 մարդ, 5 հազար 200-ից ավելին կարանտինի մեջ են, իսկ ավելի քան 580 մարդ հիվանդանոցներում գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

XS
SM
MD
LG