Մատչելիության հղումներ

2 տարի քննվող` «Հարավկովկասյան երկաթուղու» քրգործում դեռևս կասկածյալ ու մեղադրյալ չկա


Հայկական երկաթուղու համակարգը սպասարկող ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց հեղափոխությունից հետո։

Այժմ ռուսական կապիտալով գործող այս ընկերության վերաբերյալ 2 քրեական գործ կա՝ մեկը քննում է Քննչական կոմիտեն, մյուսն այս ամիս ուղարկվել է դատարան։ Թերևս առանցքային է առաջին քրեական գործը, որը հարուցվեց դեռևս 2018-ին։ Իրավապահները բացահայտել էին, որ տարիներ շարունակ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին փոխնախարարը չարաշահել է իր լիազորությունները, ինչի հետևանքով «Հարավկովկասյան երկաթուղում» կատարված ներդրումներում արձանագրվել էին ավելի քան 400 միլիոն դրամի չկատարված աշխատանքներ։ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքով։ Կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանն «Ազատությանը» փոխանցեց՝ 2 տարի քննվող քրեական գործում դեռևս ոչ կասկածյալ կա, ոչ էլ մեղադրյալ։

Ըստ Քննչական կոմիտեի` չարաշահումներն արձանագրվել են հայկական երկաթուղու համակարգը ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելուց հետո։ Տրանսպորտի նախարարությունը աուդիտորական ընկերության հետ կնքել էր պայմանագիր, որով նախարարությանն էր ներկայացվել 2008-2013-ին ընկերության գործունեության վերաբերյալ աուդիտորական հաշվետվություն։ Այդ փաստաթղթում արձանագրվել են ընկերության ֆինանսական գործունեության հետ կապված մի շարք չարաշահումներ, այդ թվում՝ երկաթուղային ենթակառուցվածքներում կատարված ներդրումներում։ Սակայն, ըստ իրավապահների, աուդիտորական հաշվետվությամբ արձանագրված ֆինանսական չարաշահումների մասին տրանսպորտի նախկին փոխնախարարը լռել է: Այդ տարիներին «Հարավկովկասյան երկաթուղու» հետ աշխատանքը համակարգում էր տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը։

Երկրորդ քրեական գործն առնչվում է այս ընկերության աշխատակիցներին, ովքեր մեղադրվում են ընդհանուր մոտ 8 միլիոն դրամ խարդախությամբ հափշտակելու համար: «Հարավկովկասյան երկաթուղու» թեման ակտիվացավ օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո։ Բարձրաստիճան պաշտոնյան արձագանքել էր Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հնարավորությանը` ի պատասխան հիշատակելով ռուսական ընկերությունների, այդ թվում` Հարավկովկասյան ընկերության դեմ Հայաստանում սկսված դատական գործընթացները:

«Ես այդ մասին շատ բաց եմ խոսում, քանի որ ռուսական ընկերությունները հայտնվել են որոշ բարդ իրավիճակներում: Հուսով եմ, որ բոլոր այս հարցերը մենք կկարգավորենք փոխադարձ համաձայնությամբ»,- ասել է Լավրովը Ա. Գորչակովի անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ: ՌԴ արտգործանախարարը նաև ասել էր, թե Հայաստանի համար ռուսական գազը երբևէ եղել է շուկայականից երկու-երեք անգամ էժան:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մինչդեռ, համաձայն չէ Լավրովի հետ։ Գրիգորյանը, «Ազատության» խնդրանքով մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը, շեշտում է.- «Նախ հարկ եմ համարում արձանագրել, որ պարոն Լավրովն իր խոսքում տրամաբանական համարեց գազի գնի հետ կապված հարցադրումը և շեշտեց, որ դաշնակիցները պետք է ունենան գնային առավելություններ. ես դա կարևոր եմ համարում: Համաձայն եմ, որ համեմատության մեջ սահմանին գազի գինն առանձին ժամանակահատվածներում եղել է շուկայականից ցածր, սակայն չեմ կարող կիսել պարոն Լավրովի այն պնդումը, որ Հայաստանի համար այն երբևէ եղել է շուկայականից երկու-երեք անգամ ցածր»:

Հայաստանի փոխվարչապետը նաև ընդգծել է, որ գազի գնի շուրջ Հայաստանի դիմումի առաջնային շարժառիթը եղել է նախևառաջ սակագնի թանկացման ռուսական կողմի ցանկությունը, ոչ թե էներգակիրների միջազգային գների կտրուկ անկումը: «Այսինքն՝ միտքը, որ մենք իրավիճակից ելնելով օգտվում ենք գների անկման հանգամանքից, այնքան էլ տեղին չէ»,- շեշտում է Հայաստանի փոխվարչապետը։

«Օտարերկրյա, այդ թվում` ռուսական կապիտալով ընկերությունները նախևառաջ հայաստանյան ռեզիդենտ ընկերություններ են, հանդիսանում են գործատու ու հարկատու, և մենք առնվազն ոչ պակաս շահագրգռվածություն ունենք վերջիններիս բնականոն և արդյունավետ գործունեության համար ստեղծել և ապահովել նպաստավոր պայմաններ: Միևնույն ժամանակ Կառավարությունը չի հանդուրժի, որ որևէ հանգամանքով պայմանավորված որևիցե ընկերություն գործի օրենքից դուրս, և այս մասով ռուսաստանյան մեր գործընկերների հետ կա փոխըմբռնում քաղաքական ամենաբարձր մակարդակով»,- շեշտում է Մհեր Գրիգորյանը:

XS
SM
MD
LG