Մատչելիության հղումներ

Մհեր Գրիգորյան․ «Ռուսական երկաթուղիների» և Հայաստանի միջև պայմանագրի վաղաժամկետ խզման հարց չկա


«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի միջև պայմանագրի վաղաժամկետ խզման հարց չկա երկու կողմերի օրակարգում: «Ազատության» հարցին ի պատախսան այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Մինչ ռուսական մամուլը շարունակում է գրել, որ Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին և խոսել է ներդրումների ծավալման և ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարների մասին:

Երեկվա հանդիպմանը ներկա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարաբերությունները կառուցողական գնահատեց․ - ««Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերություն ղեկավարի հետ բացարձակ կոնստրուկտիվ դաշտում է եղել: Ես ինքս մասնակցել եմ այդ հանդիպմանը, և քննարկվել է ապագան: Այսօր գործող պայմանագրի համաձայն, ծավալները նկարագրված են մինչև 2038 թվականը, բայց, բնականաբար, մենք ցանկություն ունենք, և կարծում եմ, որ այդ ցանկությունը հանդիպակաց է, որպեսզի այդ ներդրումային ծրագրերը մի քիչ ավելի ճշգրտենք և թվայնացնենք այս տարիներին»:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունը և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: Ընկերությունը պարտավորվել է պայմանագրում ամրագրված ժամանակահատվածում 122 մլրդ դրամից ներդրում անել երկաթուղային ենթակառուցվածքներում և 52 միլիարդից ավելի` շարժակազմում:

Փոխվարչապետը չի թաքցնում, որ ներդրումային շատ գործընթացներ իրենց էլ չեն բավարարում․ - «Մասնավորապես շարժակազմի մասով․ մենք ունենք ընդամենը երկու գնացք, որոնք հիշեցնում են, ինչպես դուք եք ասում՝ եվրոպական ստանդարտի տրանսպորտ: Այո, այդ հարցն էլ է քննարկվել, և որոշակի պահանջների տեսք էլ է ստացել մեր դիրքորոշումը»:

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, 2018 թվականի դեկտեմբերին Քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ «Հարավկովկասյան երկաթուղում» կատարված ներդրումներում արձանագրված ավելի քան 400 միլիոն դրամի չկատարված աշխատանքների դեպքով:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը, տասը ամիս անց էլ այս գործով դեռևս որևէ մեղադրյալ չկա:

Քրեական գործի նման ընթացքը, ըստ ընդդիադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանի, երկու պատճառ կարող է ունենալ․ կա՛մ իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, կա՛մ քաղաքական պայմանավորվածությունը․ - «Նախկինում մենք գիտենք, թե ինչպես էր դա արվում՝ կաշառքը տալիս էին և քննչական մարմինները լռում էին միանգամից: Հիմա վարչապետը պնդում է, որ նման բան չի կարող լինել, բայց փաստացի մենք ունենք առերևույթ նույն պատկերը՝ գործը սկսվել է, բայց մեղադրանքներ չկան: Իմ ձեռքի տակ անձամբ էնպիսի նյութեր են եղել, և ես ուղարկել եմ դրանք ժամանակին Կապի և տրանսպորտի նախարարություն, որպեսզի ինչ-որ բան արվի: Ոորվհետև գումարների դուրս գրում ինչ-որ անհավանական թվեր, մեկը երկուսի վրա տարածք կառուցելու համար 10 միլիոն կամ 100 միլիոն դրամ, նմանատիպ աստղաբաշխական վատնումներ ենք մենք ունեցել»:

Փոխվաչապետ Մհեր Գրիգորյանը անհիմն է համարում նման մեղադրանքները․ - «Ես չեմ կարող քրեական գործից խոսել հիմա, բայց ես բացարձակ համաձայն չեմ այն տպավորությունների կամ պնդումների հետ, որ ինքը կառավարվում է, որպեսզի մեր հարաբերությունների հետ կապված ինչ-որ խնդիրներ լուծվի: Չկա նման բան»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հեղափոխությունից հետո «Հարավկովկասյան երկաթուղիներ» և մի շարք այլ խոշոր ընկերություններում արված ստուգումներն ու դրանց հաջորդած իրավական գործընթացները մեկանաբանում է այսպես՝ նոր իշխանությունները ցանկանում էին հասկանալ, թե ինչ տնտեսական ժառանգություն են ստացել:

Իսկ երեկվա հանդիպումը համարում է այս գործընթացի վերջակետը․ - «Շատ կարճ, լակոնիկ ձևակերպում կար այդ հանդիպման, որ քննարկել են ապագա համագործակցության շրջանակները: Այսպես էլ պետք է լիներ»:


XS
SM
MD
LG